Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 15:20 04-12-2025

Ինչու է Հովհաննես Թումանյանի թանգարանի վերակառուցումը դադարեցվել. ԿԳՄՍՆ-ի պատասխանը

Oragir.News-ն օրերս անդրադարձել էր Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդված վիճակին, զրուցել նախկին և ներկա տնօրենների հետ, տեղեկացել նաև, որ թանգարանի վերակառուցման աշխատանքներն իրականացնող «ԿԻՐ-ՔԱՐ» շինարարական կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը, և շուտով նոր մրցույթ է հայտարարվելու։

Oragir.News-ն այս թեմային առնչվող հարցում էր ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ո՞րն է թանգարանի մասնաշենքի քանդված մնալու պատճառը, և ե՞րբ է տեղի ունենալու շինարարության հաջորդ մրցույթը։

Պատասխան նամակում ԿԳՄՍՆ-ից հայտնում են․

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ մեկնարկած «Հովհաննես Թումանյանի թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման» շինարարական աշխատանքների ընթացքում շենքի համար իրականացված լրացուցիչ տեխնիկական վիճակի եզրակացությամբ պարզվել է, որ 2-րդ մասնաշենքի վերակառուցման համար կոնստրուկցիաների ուժեղացումն աննպատակահարմար է և անհրաժեշտ է կառուցել նոր շենք:

Հիմք ընդունելով եզրակացությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2015 թ. մարտի 19-ին N 596-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգերի իրականացման՝ նոր նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/, քաղաքաշինական պարզ և պետական համալիր փորձաքննությունների, նոր շինարարության թույլտվության ձեռք բերում:

Ներկայում աշխատանքները գտնվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության /ՇՄԱԳ/ կազմման փուլում: ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացությունները ստանալուց հետո շինարարական աշխատանքների իրականացման համար կհայտարարվի մրցույթ և ձեռք կբերվի շինարարության թույլտվություն:

«Կիր-Քար» ՍՊԸ-ի հետ 2024 թ.-ին չի կնքվել համաձայնագիր՝ վերոգրյալ հանգամանքներով պայմանավորված: Վերջինիս հետ կնքված պայմանագիրը համարվում է լուծված՝ 8.13 կետի համաձայն՝ պայմանագրով նախատեսված 2023 թվականին հաջորդող տարիների աշխատանքների կատարումն իրականացվում է այդ նպատակով ֆինանսական միջոցների առկայության և դրա հիման վրա կողմերի միջև համապատասխան համաձայնագրի կնքման միջոցով»: