Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի երկրորդ մասնաշենքի քանդման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու նոյեմբերի 18-ի նիստում։ Նշվում է, որ դրա տեղում նախատեսվում է նոր շենքի կառուցում: Որոշման նախագիծը ներկայացրել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Նախկինում ՀՀ կառավարությունը 750 միլիոն դրամ էր հատկացրել թանգարանի երկրորդ մասնաշենքի վերակառուցման և առաջին մասնաշենքի վերանորոգման համար, որը փակ է 2023 թվականի սեպտեմբերից։
Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ ԿԳՄՍՆ-ի որոշումը վերակառուցման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ նորություն չէ։
«Այն ժամանակաշրջանում, երբ ես էի տնօրինում, նախագիծը բոլոր գերատեսչություններով հաստատված հանձնել ենք նախարարությանը․ 2021 թ․-ին քաղաքապետարանից ստացել ենք շինթույլտվություն, և ֆինանսավորումից հետո՝ 2023-ի սեպտեմբերի 2-ով արդեն շինարարական աշխատանքը հանձնել ենք շինարարական կազմակերպությանը»,- ներկայացրեց Եղիազարյանը։
Ինչ վերաբերում է երկրորդ մասնաշենքի քանդման շուրջ բարձրացված աղմուկին, մեր զրուցակիցը նշեց, որ խնդիրը քանդման մեջ չէ, այլ ժամկետների երկարացման։
«Աղմուկի խնդիրը չի էդտեղ․ ժամկետների չարդարացված երկարաձգում կա։ Բացի այդ՝ նախորդ շինարարական կազմակերպության հետ ի՞նչ խնդիր է եղել, որ չի շարունակվել աշխատանքները։ 2023-ի դեկտեմբերի ավարտից հետո՝ հունվարից, ամբողջապես բոլոր գործողությունները դադարեցված են եղել։ Անգամ էն քանդված մասի շինաղբը, որ պիտի հեռացվի, անգամ դա չի հեռացվել, ու տարածքն ավերվել է նաև կենցաղային աղբով, որ հարակից բնակիչներն անընդհատ ավելացնում են»,- նկատեց նա։
Մյուս խնդիրն էլ, Անի Եղիազարյանի խոսքով այն է, որ եթե նախկինում շինաշխատանքների ավարտի կոնկրետ ժամկետ էր սահմանված 2026-ի մարտ ամիսն, ապա հիմա անորոշություն է։ Դեռ որքա՞ն կմնա թանգարանն էդ վիճակում, սա է մտահոգիչը։
Oragir.News-ի հարցին, թե ո՞ր կազմակերպությունն է վերակառուցման աշխատանքներն իրականացնելու, թանգարանի նախկին տնօրենն ասաց, որ տեղեկություն չունի՝ նշելով, որ նախորդ շինարարական կազմակերպությունը՝ «Կիր Քարն», այստեղ ամբողջությամբ իր գործունեությունը դադարեցրել է։
Հ․ Թումանյանի անվան տուն-թանգարանի գործող տնօրեն Լուսինե Ղարախանյանը
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ նախկինում հաստատված նախագծի համաձայն՝ երկրորդ շենքի պատերից մեկը պետք է ամրացվեր, սակայն ապամոնտաժման ժամանակ պարզվել է, որ պատը ենթակա է քանդման՝ սեյսմիկ կայունության վերաբերյալ սխալ եզրակացության պատճառով։
«2-րդ մասնաշենքը վերակառուցվում է, իսկ մոնումենտալ մասը՝ Թումանյանների բնակարանը, վերանորոգվելու է։ Այսինքն՝ այդ քանդելու մասին լուրը խեղաթյուրված, ձևափոխված, ձևախեղված ինֆորմացիա է»,- ասաց թանգարանի տնօրենը՝ շարունակելով․- «Բնականաբար, քանդման դեպքում, նախագիծը փոխվում է, դրա համար էլ մի փոքր երկար տևեց էդ ինտերվալը։ Նախագիծը գտնվում է համալիր փորձաքննության վերջին փուլում, դրանից հետո արդեն շինարարության մրցույթ է լինելու։
Ներողություն եմ խնդրում, բայց լրատվամիջոցները շատ են շահարկում էդ հարցը, քաղաքականացնում են։ Չի կարելի Թումանյանին քաղաքականացնել։ Չփորձի՛ որևէ լրատվամիջոց Թումանյանի անունով քաղաքական ինչ-որ բաներ շահի։ Ու էդ թեման չփորձի որևէ մեկը իշխանությունների դեմ կա՛մ քաղաքականացի, կա՛մ ինչ-որ բան անի։ Ուզում են՝ թող ուրիշ թեմաներով պայքարեն, բայց Թումանյանին թողեն հանգիստ»,- ասաց Ղարախանյանը։
Նա նշեց, որ բավականին մեծ գումար է հատկացված շինաշխատանքների համար, և եթե ամեն ինչ ըստ պլանի գնա, թանգարանը լինելու է Հայաստանի այցեքարտերից մեկը։
Տնօրենի խոսքով՝ համալիր փորձաքննությունից հետո, շինարարական մրցույթ է հայտարարվելու։
Լուսինե Ղարախանյանը մի խնդրի մասին ևս բարձրաձայնեց՝ նշելով, որ թանգարանի շինաշխատանքների հարցն այլ արձագանք է ստացել Հայաստանի մարզերում։
«Էքսկուրսիաները մեր հիմնական արտաբյուջեի ֆոնդն է։ Զանգում ենք դպրոցներ, հարցնում՝ ինչո՞ւ չեք գալիս և այլն, ասում են՝ բա դուք քանդած չե՞ք, բա դուք ավերված չե՞ք։ Պատկերացնո՞ւմ եք։ Ինֆորմացիան ճիշտ չի մատուցվում, չի նշվում, որ ժամանակավոր ցուցադրությամբ թանգարանը գործում է Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։
Oragir.News-ը ՀՀ ԿԳՄՍՆ-ից կփորձի տեղեկատվություն ստանալ, թե ի՞նչ պատճառով է դադարեցվել Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի վերակառուցման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության հետ համագործակցությունը, և ե՞րբ է տեղի ունենալու հաջորդ շինարարական մրցույթը։