Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 20:08 03-12-2025

Մինսկի խմբի լուծարումով Արցախյան հարցը լիովին չի փակվել. քաղաքագետ

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների լուծարումը, հայտարարել է կառույցը:

Սա իրագործվել է՝ համաձայն նախարարների խորհրդի որոշման, որը կայացվել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։

Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ու Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի համանախագահությամբ գործող այս խմբի լուծարման պահանջը Ադրբեջանն էր առաջադրել որպես խաղաղության պայմանագրի նախաստորագրման պայման։ Օգոստոսի 8-ին Մինսկի խմբի լուծարումը վաշինգտոնյան Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հռչակագրի երկրորդ կետով նախատեսվեց։

Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դիվանագետները լուծարման դիմումը ԵԱՀԿ-ին համատեղ ստորագրեցին, կոչ արեցին մասնակից պետություններին ընդունել այդ որոշումը։ ԵԱՀԿ անդամ 57 երկրներից որևէ առարկություն չի հնչել։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ, ով նշեց, որ Արցախյան հարցը խմբի լուծարումով փակված չէ։

«Շատ կարճ ասած՝ ոչ, հարցը ամբողջությամբ փակված չէ։ Այո, Մինսկի խումբը լուծարվեց, ինչը, անշուշտ, բացասական է, բայց դա դեռ չի նշանակում, որ Արցախի թեման պատմության մեջ ավարտված է։ Եթե ապագայում ստեղծվի որևէ նոր հնարավորություն կամ պատուհան, ապա հնարավոր կլինի հարցը նորից միջազգային հարթակ վերադարձնել։ Այդ դեպքում կարող է առաջանալ նաև նոր ձևաչափ կամ բանակցային այլ հարթակ՝ հարցի կարգավորման համար։ Այսօր նման պայմաններ չկան, բայց տեսականորեն հնարավորությունը մնում է»։

Խոսելով Մինսկի խմբի արդյունավետության և լուծարման հետևանքների մասին՝ քաղաքագետը նշեց․

«Խնդիրը հետևյալն է՝ եթե բանակցությունների հիմնական կողմերից մեկը՝ Հայաստանը, պաշտոնապես հրաժարվում է Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելուց և հայտարարում է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, ապա Մինսկի խմբի գոյության իմաստը վերանում է։ Ինչի՞ համար պիտի այդ ձևաչափը շարունակեր գոյություն ունենալ, եթե Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները արցախյան թեման առաջ չեն տանում։

Ուստի, խմբի լուծարման ազդեցությունը կախված է ոչ այնքան խմբից, որքան Հայաստանի ներկայիս քաղաքական գծից։ Երբ իշխանությունը փոխվի կամ առաջանա նոր քաղաքական հնարավորություն, հարցը կարող է նորից մտնել միջազգային օրակարգ։ Այդ դեպքում կլինի թե՛ հնարավորություն նոր հարթակ ստեղծելու, թե՛ միգուցե նախկին ձևաչափերի վերադարձի։ Բայց այսօրվա իշխանությունները որևէ կերպ շահագրգռված չեն արցախյան թեման պահելով արտաքին քաղաքական օրակարգում»։