Եկեղեցու, մասնավորապես՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ ստեղծված լարված իրավիճակը գնալով թեժանում է։ Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10–12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրել։
Օրերս 8 բարձրաստիճան հոգևորականների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ավելի լարեց իրավիճակը։ Նրա հետ հանդիպումից հետո նշյալ հոգևորականները հայտարարությու տարածեցին, թե ակկալում են գործող Վեհափառի հրաժարականը։ Նրանց շարքում էր նաև Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը անցյալ կիրակի՝ նոյեմբերի 30-ին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեց պատարագի Փաշինյանի հետ միասին։ Եվ այս պատարագի ժամանակ դարձյալ խախտվեց Սուրբ պատարագի կարգը և չհնչեցվեց գործող կաթողիկոսի անունը։ Իսկ Վեհափառի անունը հնչեցրած քաղաքացիներն անմիջապես դուրս բերվեցին եկեղեցուց՝ բիրտ ուժի կիրառմամբ։
Այս իրավիճակում սկսվեցին լայն քննարկումներ, և անգամ կալանավայրերում դեռ գտնվող Սրբազան պայքարի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ Արքեպիսկոպոս Գալուստանյանը և գերաշնորհ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը համատեղ հայատարարությամբ հանդես եկան։
Գարեգին Երկրորդի տնօրինությամբ, ի հետևանք նոյեմբերի 4–7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10–12-ը հրավիրվել է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Թե ինչպես կավարտվի եպիսկոպոսաց ժողովը, դժվար է կանխատեսել։
Oragir.News-ը այս թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց կրոնագետ Վարդան Խաչատրյանից։ Վերջինս ներկայացրեց, թե ի՞նչ է եպիսկոպոսաց ժողովը, ի՞նչ նպատակով է գումարվում, և արդյոք հնարավո՞ր է, որ ժողովի ժամանակ որոշվի կարգալույծ անել Վեհափառի հրաժարականի ակնկալիքով հանդես եկած բարձրաստիճան հոգևորականներին։
«Եկեղեցական ժողովը Հայ եկեղեցու գերագույն օրենսդիր մարմինն է։ Իսկ այս դեպքում եպիսկոպոսական ժողով է լինելու, որին, եթե հատուկ հրավեր չլինի, չեն մասնակցի Կիլիկիո կաթողիկոսը և նրա ենթակաները»։
Խաչատրյանը նշեց, որ եպիսկոպոսական ժողովը այնքան էլ հաճախ չի գումարվում․
«Եթե չեմ սխալվում՝ 2–3 տարի առաջ էլ ունեցանք նման ժողով։ Այն ժամանակ հիմնականում քննարկվում էր, թե ինչպես ենք պահպանում ուսմունքը, նրա առանձնահատկությունները, ինչ սպասարկում է իրականացվում և այլն»։
Խաչատրյանը անդրադարձավ նաև վերջին օրերի աղմկահարույց մեղադրանքներին՝ հիշեցնելով, որ տարբեր կողմերից հնչում են մեղադրանքներ ինչպես Գարեգին Երկրորդի, այնպես էլ այլ հոգևորականների հասցեին։ Կրոնագետը պարզաբանեց, որ կուսակրոնության ուխտը խախտելը կամ մնացյալ մեղքերը եկեղեցու ներսում ունեն հաղթահարման մեխանիզմներ․
«Խոսքը վերաբերում է ապաշխարության՝ 3, 4, 7 տարվա։ Ապաշխարելը տվյալ մեղքից ազատում է մարդուն։ Եվ ապաշխարության մասին որևէ խոսք եկեղեցուց դուրս չի կարելի տարածել։ Ճիշտ՝ ինչպես կաթոլիկ եկեղեցու խոստովանանքը՝ այն չի կարող դուրս բերվել»։
Կրոնագետը շեշտեց, որ հասարակական հետաքրքրասիրությունը չափազանցված է․
«Մեր հասարակության համար սա կեղծ օրակարգ է։ Քանի՞ տոկոս մարդ է հիմա ուզում իմանալ՝ կաթողիկոսը երեխա ունեցե՞լ է, թե՞ ոչ, երբ մեր Գրիգոր Լուսավորիչը եղել է ամուսնացած, Ներսես Մեծը նույնպես, որի թոռն է եղել Սահակ Պարթևը, որը ևս կաթողիկոս է եղել։ Մեր եպիսկոպոսները երկար ժամանակ ամուսնացած են եղել։ Իսկ 444 թ․ Շահպիվանի ժողովում շնացման խնդիրն էր դրված, ոչ թե կուսակրոնության»։
Ինչ վերաբերվում է այս կամ այն հոգևորականին կարգալույծ անելուն, Խաչատրյանը ասաց, որ բարդ է ասել, թե ինչ հիմքով կարող են անել դա․
«Ամեն դեպքում՝ կախված է նրանից, թե ինչ մեղադրանք կլինի կոնկրետ տվյալ վարքագծի հետ կապված։ Օրինակ այն, որ Գարեգին Երկրորդի անունը չի հնչում պատարագների ժամանակ, կարող է հիմք հանդիսանալ քահանային կարգալույծ անելու համար։ Քահանային կարգալույծ անելուց առաջ պետք է նախ հանեն կրոնական հագուստը։ Որոշ ժամանակ նա այդպես կմնա։ Եվ եթե չի շտկվում, ապա նոր միայն կարգալույծ կլինի։ Եթե ավելի բարձր աստիճանի հոգևորական է, ապա այդ հարցը կարող է անձամբ կաթողիկոսը որոշել։ Ոչ մի խնդիր չկա, որովհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու Գերագույն հոգևոր առաջնորդն է»։
Անդրադառնալով լարված իրավիճակի հաղթահարման ուղիների մասին հարցին, կրոնագետ Վարդան Խաչատրյանը հետևյալ կարծիքը հայտնեց.
«Պետք է ձգտել հասարակական կոնսենսուսին, որ Հայոց Առաքելական Եկեղեցին և Հայաստանի իշխանությունները այլևս չհայտնվեն սրված հարաբերությունների մեջ»։
Նշենք, որ Վեհափառի հրաժարականի պահանջով հանդես եկած բարձրաստիճան հոգևորականներն են՝ Տ. Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։