Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել «Մինչև 2026 թվականը կառուցվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցներում կատարված աշխատանքները։ Այս անգամ փորձեցինք տեղեկություններ ստանալ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվող շինաշխատանքների վերաբերյալ։
Այսպես․ Հացաշեն գյուղի դպրոցաշինական աշխատանքները, որոնք սկսվել են գարնանը, շատ արագ առաջ են գնում։ Այս մասին հայտնեցին նշված դպրոցից։
«Մեկ տարի չկա սկսվել են աշխատանքները, բայց կարելի է ասել՝ շենքն արդեն կանգնեցրած է։ Նույնիսկ նախակրթարանի պատուհաններն են դրված, որ ձմռանը կարողանան ներսում շինաշխատանքներ իրականացնել։ Ներքին հարդարման աշխատանքներ դեռ շատ կան։ Կարծում ենք՝ ամենաուշը 2026-ի դեկտեմբերին դպրոցը պատրաստ կլինի շահագործման հանձնելու»։
Ագարակավանի միջնակարգ դպրոցում շինաշխատանքները վաղուց սկսվել են։ «Շատ կազմակերպված ընթանում են աշխատանքները։ Եթե չեմ սխալվում՝ վերջնաժամկետը 2026-ի հոկտեմբերին է, թեպետ պաշտոնապես այդ մասին ոչինչ չեն ասել։ Ավարտվել են թե հողային աշխատանքները, և թե առաջին հարկի աշխատանքները»,- հայտնեց դպրոցի տնօրենը։
Ռյա Թազայի կրթահամալիրում աշխատանքներն ընթացքի մեջ են․ «Ծրագրի ավարտը նախանշված է 2027-ի հուլիսին։ Այս պահին բավականին աշխատանք է կատարվել, բայց դեռ շատ բան կա անելու։ Հիմքը լրիվ լցված է, միջնապատերի հետ ևս աշխատանքներ են տարվել»,- հայտնեցին դպրոցից։
Նոր Ամանոսի դպրոցում նույնպես շինաշխատանքները շարունակվում են․ «Պատերն արդեն երևում են, ներսի աշխատանքներն արվում են։ Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, թե երբ է շահագործման հանձնվելու»,- ասաց տնօրենը։
Կարինի կրթահամալիրում սկսվել և ընթանում են շինաշխատանքները։ Նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականի ավարտին։ «Կից տարածքում է շինարարությունն ընթանում, մենք էլ մեր շենքում դասապրոցեսն ենք իրականացնում»։
Զարինջա գյուղի դպրոցից հայտնեցին, որ արդեն ավարտվել են դրսի գործերը, տանիքն են կառուցում․ «Մենք ամեն շաբաթ նկարներ ենք ուղարկում ընդհանուր խմբում, թե ինչ փոփոխություններ են կատարվել։ Վերջնաժամկետը 2026-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսն է։ Սկսվել է 2024 թվականի սեպտեմբերից»։
Դպրոցի տնօրենն ասաց, որ դպրոցը չի քանդվել, դասերն անցկացնում են նույն դպրոցում։ «Մենք տարածք ունենք դպրոցի հետնամասում, նույն տեղում էլ մեր դասերն ենք անում։ Էնտեղ աշխատանքները կավարտվեն, կտեղափոխվենք, նոր այս հատվածը կքանդեն կդարձնեն դպրոցի բակ»։
Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոցում շինաշխատանքները սկսվել են հունվարին։ Տնօրենի խոսքով՝ «նորմալ ընթանում են, կավարտվեն մինչև 2027 թվականի սկիզբին»։
Ալագյազի միջնակարգ դպրոցի տնօրենը նշեց, որ շինարարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել, թեպետ արդեն պետք է սկսված լինեին։
«Մեզ դպրոցաշինության համար տեղ պետք է հատկացվեր։ Գյուղում, այսպես ասած, դպրոցին համապատասխան պայմաններով շենք չկար։ Մենք քննարկեցինք այս հարցը, որոշեցինք նույն դպրոցի տարածքում իրականացնել դպրոցի շենքի կառուցումը, այդ պատճառով հետաձգվեցին շինաշխատանքները։ Պայմանները կարևոր են, որպեսզի ձմռանը երեխաները կարողանան հեշտ հասնել դպրոց։
Ինչ վերաբերում է հին դպրոցի շենքին, տնօրենը ասաց, որ ոչ մարզադահլիճ ունեն, ոչ նիստերի դահլիճ, ինչը նույնպես խնդիր է։
Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոցից էլ հայտնեցին , որ շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են անցած տարվա հունիսից, արդեն միջանկյալ փուլում են։
«Մոնոլիտ աշխատանքները շուտով կավարտվեն մինչև դեկտեմբերի վերջ։ Հույս ունեմ, որ մյուս տարվա մեջ, եթե այս տեմպերով շարունակվի, դպրոցը կարող են նույնիսկ շահագործման հանձնել։ Քանի որ խնդիր կա հին մասնաշենքերը քանդելու- ապամոնտաժելու, դրա համար կարող է մի քիչ ձգձգվի և 2026-ին չհանձնեն, այլ՝ 2027-ի սկզբներին»,- ասաց տնօրենը։
Ապարանի Վ․ Եղիազարյանի թիվ 1 հիմնական դպրոցի շինաշխատանքների վերջնաժամկետը ծրագրով նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի վերջ․ այս մասին հայտնեցին նշված դպրոցից։
«Սահմանված կարգով և ժամկետների մեջ աշխատանքները կատարվում են։ Հին դպրոցի մասնաշենքում են դասերն անցկացվում, որովհետև չի խանգարում շինարարությանը»,- հայտնեցին դպրոցից։
Աշտարակի Վ․ Պետրոսյանի հիմնական դպրոցում դեռ չեն ավարտվել շինաշխատանքները։ Տեղեկացանք, որ դպրոցը նախատեսված է 2027-ին շահագործման հանձնել։
Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցում շինարարներն արդեն ներսի գործերն են իրականացնում։
«Շատ տեմպով են աշխատանքներն ընթանում։ 2026-ի սեպտեմբերին մենք կտեղափոխվենք»,- հայտնեց տնօրենը։
Հիշեցնենք՝
Oragir.News-ը ներկայացնում է ԿԳՄՍՆ ծրագրով մարզերում կառուցվող, վերակառուցվող և հիմանանորոգվող դպրոցների իրավիճակը։