Ներքին 11 ամիս առաջ - 22:49 19-11-2025

Արտակ Բեգլարյանը Դանիայում և Իսլանդիայում ներկայացրել է արցախցիների ցեղասպանությունը

Արցախ Միության նախագահ, ԱՀ մարդու իրավունքների երրորդ պաշտպան և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 10–18-ը դանիական Mission10Forty կազմակերպության հրավերով այցելել է Դանիա, Իսլանդիա և Ֆարեյան կղզիներ՝ մասնակցելով մի շարք հանդիպումների, քննարկումների և հանրային միջոցառումների։

Միջոցառումներին մասնակցած ավելի քան 500 անձանց ներկայացվել են Արցախի հակիրճ պատմությունը, 2020–2023թթ․ իրականացված ցեղասպանական գործընթացները, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, պատանդների խոշտանգումների փաստերը, ինչպես նաև տեղահանված բնակչության խաթարված ու ծանր մարդասիրական վիճակը։ Արտակ Բեգլարյանը ներկայացրել է նաև հայրենիք վերադառնալու իրավունքի միջազգային հիմքերն ու դրա կյանքի կոչման հրատապ անհրաժեշտությունը։

Իր ելույթներում Արտակ Բեգլարյանը ընդգծել է միջազգային հանրության լռության ու անգործության ծանր հետևանքները՝ նշելով.
«Քաղաքակիրթ աշխարհի կուրությունն ու անգործությունը թույլ տվեցին, որ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնի մեր ժողովրդի դեմ։ Այսօր ամենառաջին պահանջը հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումն է, ինչպես նաև Հայաստանում ապաստանած ավելի քան հարյուր հազար տեղահանված արցախցիների ծանր մարդասիրական վիճակի հաղթահարումը։ Սա ոչ թե բարեգործության, այլ՝ արդարության ու իրավունքի հարց է»։

Mission10Forty կազմակերպության գլխավոր տնօրեն Կիմ Հարցները իր խոսքում շեշտել է, որ Արցախի դեպքերը համամարդկային և քրիստոնեական պատասխանատվություն են դնում միջազգային կառույցների ու հասարակությունների վրա՝ ընդգծելով.

«Արցախի ողբերգությունն այժմ էլ փորձություն է ամբողջ աշխարհի, հատկապես՝ քրիստոնեական քաղաքակրթության համար։ Մարդիկ ապրում են սուր կարիքների մեջ, և մենք պարտավոր ենք շարունակել մեր մարդասիրական ու զարգացման ծրագրերը՝ մինչև նրանց արժանապատվությունն ու կենսական իրավունքները լիարժեք վերականգնվեն»։

Ֆարեյան կղզիներում տեղի ունեցած միջոցառումներում ելույթ է ունեցել նաև Դանիայի խորհրդարանի պատգամավոր Շուրուր Սկոլեն՝ հայտարարելով.
«2023թ. սեպտեմբերին տեղի ունեցածը տարածքի դաժան էթնիկ զտում էր և ահավոր հանցագործություն։ Սակայն դրան հաջորդեց եվրոպական քաղաքական թուլությունն ու նույնիսկ վախկոտությունը։ Վերացվեց հնագույն եվրոպական մշակութային ժառանգության և քրիստոնեական քաղաքակրթության բնօրրաններից մեկը։ Թեև եղան որոշ բողոքներ ու աջակցության հայտարարություններ, հիմնական արձագանքը խուլ լռությունն էր, որն ուղերձ հղեց՝ մենք սա ընդունում ենք»։

Միջոցառումները եզրափակվել են դանիահայ դաշնակահար Իրինա Հայրապետյանի կատարումներով, որոնք փոխանցել են հայկական և համաշխարհային երաժշտական մշակույթի խորությունն ու զգայունությունը՝ միջոցառումներին հաղորդելով մշակութային և հոգևոր ընդգծում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան