Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 13:16 17-11-2025

Լռությունն այլևս ոսկի չէ․ քննարկում են դատավորներն ու հաղորդակցման մասնագետները

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ելույթ է ունեցել Չեխիայի CEELI ինստիտուտի «Դատական անկախություն, օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը» խորագրով աշխատաժողովին։ Նա ներկայացրել է Հայաստանի դատական համակարգի կառուցվածքը, լրատվամիջոցների հետ հաղորդակցման հայաստանյան փորձը, շվեդ գործընկերների աջակցությամբ ձևավորված դատարանների խոսնակների ինստիտուտը։ Ծովինար Խաչատրյանի պանելային քննարկման բանախոսներն են եղել ԵՄ արդարադատության դատարանի դատավոր Յան Պասսերը, Խորվաթիայի քաղաքացիական դատարանի դատավոր Դավոր Դուբրավիցան, Չեխիայի Գերագույն դատարանի փոխնախագահ Պետր Սուկը։ Պանելային քննարկման մեխն էր թափանցիկության և էթիկայի ստանդարտների ու դատական անկախության միջև անհրաժեշտ հավասարակշռության պահպանումը՝ հիմնվելով տարբեր երկրների փորձի ու միջազգային ուղեցույցների վրա։ Ծովինար Խաչատրյանն անդրադարձել է հարցին, թե ինչպես ապահովել ուղերձների հասցեականությունն ու խուսափել հակասություններից։ Յան Պասսերը ներկայացրել է հատկապես միջազգային դատարաններում հանրային վստահություն պահպանելու և քաղաքական մեկնաբանություններից խուսափելու եվրոպական փորձը։ Դավոր Դուբրավիցան խոսել է միջազգային և եվրոպական ստանդարտներից ու հանձնարարականներից՝ հիմնվելով Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (CCJE) կարծիքների, Վենետիկի հանձնաժողովի ու ՄԱԿ-ի և Բանգալորյան սկզբունքների վրա, ինչպես նաև ներկայացրել Խորվաթիայում դատական հաղորդակցության կարգավորումները։ Պետր Սուկն անդրադարձել է դատավոր-խոսնակի մոդելին և Չեխիայում կիրառվող խառը մոդելին, խոսել այն դատավորների պատասխանատվության մասին, ովքեր դատարանի անունից հանդես են գալիս հանրության շրջանում, ընդգծել է, թե ինչպես կարելի է պահպանել չեզոքությունը և դատաիրավական զսպվածությունը՝ միաժամանակ ձևավորելով արդյունավետ հաղորդակցություն, հատկապես այն դեպքում, երբ տարբեր դերակատարներ են ներկայացնում դատական իշխանության տեսակետը։

Հանդիպմանը մասնակցել են շուրջ 30 երկրից դատավոր պատվիրակներ, հաղորդակցման մասնագետներ, որոնք քննարկել են ժամանակակից դատավորի դրական կերպարի, բարձր հեղինակության ստեղծման գործում լրատվամիջոցների կարևորությունը, նրանց հետ հաղորդակցման հնարավորություններն ու սահմանափակումները։ Եվրոպական առաջադեմ երկրներից որոշ դատավորներ պնդել են, որ դատավորի խոսքն իր վճիռն է ու լրացուցիչ մեկնաբանման, բացատրության կարիք չեն տեսել, կարծիք է հնչել, որ դատավորը շոումեն չէ և պարտավոր չէ պարզեցնել խրթին իրավական լեզուն։ Ի հակադրություն այս տեսակետի՝ Սլովենիայի, Սլովակիայի և Ռումինիայի ներկայացուցիչները պնդել են, որ դատավորները մասնագիտական գործունեության ընթացքում կտրվում են հասարակությունից և դրա արդյունքում է, որ հաճախ քննադատության առարկա են դառնում՝ լինելով չհասկացված ու օտար։ «Եթե դու սեղանը չես, դու մենյուն ես»,– հայտնի արտահայտությունն աշխատաժողովի մասնակիցներին է հիշեցրել ՄԻԵԴ դատարանի հաղորդակցման համակարգող Իոհաննա Լաչանան, ինչին հաջորդել են լրատվամիջոցների հետ իրականացված աշխատանքների օրինակների ներկայացումն ու կարծիքների փոխանակումը։

Ընդհանուր առմամբ մասնակիցների մտավախությունը լրատվամիջոցների կողմից ոչ ամբողջական, երբեմն աղճատված տեղեկատվության «զոհ» դառնալն էր, ինչի հետևանքով շատերը նախընտրում էին լռությունը։ Ի տարբերություն դատավորների՝ հաղորդակցման մասնագետները կարծում էին, որ լռությունն այլևս ոսկի չէ, եթե դատարանը լուռ է, տեղեկատվական վակուումը կարող է լցվել դատարանին ոչ բարենպաստ կեղծ, ոչ ամբողջական տեղեկատվությամբ։



CEELI Institute-ը անկախ, շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է։ Ինստիտուտի հիմնական առաքելությունն է օրենքի գերակայության առաջմղումը ամբողջ աշխարհում՝ նպատակ ունենալով պաշտպանել հիմնարար իրավունքները և ազատությունները, խթանել թափանցիկ և պատասխանատու ինստիտուտների ստեղծումը, կանխել կոռուպցիան, ապահովել տնտեսական զարգացման կայուն հիմք և նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան