Հեղափոխականները վաղ թե ուշ հայացքն ուղղում են Աստծուն, մարդկության հանդեպ գործած մեղքերի ծանրությանը չդիմանալով։
«Եվ կարծում եմ՝ հենց խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված»,- ասել է Նիկոլ Փաշինյանն Աղոթքի նախաճաշի ժամանակ։
Իհարկե, ողջամիտ մարդը չի փորձի առարկել այս կարծիքին, մանիպուլյացիա կամ կեղծիք որակել, քանի որ խոսքն Աստծո, հավատի մասին։ Սակայն զուգահեռաբար հարցեր են առաջանում։
Օրինակ՝ ո՞վ էր առաջնորդում Փաշինյանին 2018-2022-ին, երբ նա, իր իսկ խոստովանությամբ, ֆորպոստի վարչապետ էր։
Բոլորն են հիշում, թե ինչպես նա ռուսների աջակցությամբ տապալեց օրինական ընտրված իշխանությանն ու ֆորպոստի վարչապետ կարգվեց։ Ուստի՝ ենթադրելի է, որ նրան 2018-ին առաջնորդում էին Կրեմլից, ուղիղ զանգում ու թելադրում՝ ինչ անի։ Նա էլ հպարտանում էր, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են։ Հաշվի առնելով, որ Մոսկվան հակաքաղաքակրթական, հակամարդկային դիրքերում է տևական ժամանակ, ապա ստացվում է, որ Փաշինյանին առաջնորդում էին հակաքաղաքակրթական, չար ուժերը։
Կամ ո՞վ էր նրան առաջնորդում, երբ նա տապալում էր Արցախյան բանակցային գործընթացը, հետո Ստեփանակերտում հանրահավաքում հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վե՜րջ»։
Այս սխալներից օգտվեցին ռուս-թուրք-ադրբեջանցի չբարեկամները։ Փաշինյանի անհաշվենկատ հայտարարությունը մատի փաթաթան դարձրեց թշնամին։ Իսկ ռուսական շահերը գերադասելու պատճառով ՀՀ-ն ներքաշվեց պատերազմի մեջ։ Ավելին՝ նա մերժեց Արևմուտքի միջնորդական, խաղաղարար ձեռքն ու պնդեց, որ ռուս խաղաղապահները մտնեն Արցախ։ Ռուսներն էլ նպաստեցին Արցախի լրիվ զավթմանն ու հայերի բռնի տեղահանմանը։ Ողջամիտ հիմք կա ենթադրելու, որ նրան այս աղետալի սխալներն անելու ժամանակ առաջնորդել են նույն չար և հակահայ ուժերը։
Աղոթքի նախաճաշին հրավիրվածներին ու հանրության մեծ մասին կհետաքրքրի, թե ո՞վ է առաջնորդում ՀՀ իշխանությանը, երբ հետապնդում են հոգևորականներին։
Բացառվում է, որ Աստծուն ծառայող բարձրաստիճան հոգևորականներին հետապնդելու, բանտարկելու, ազատազրկելու ճանապարհին Աստված առաջնորդեր։ Փաշինյանը, նրա թիմակիցները, ձայնակցողները ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում հոգևորականների հանդեպ։ Հոգևորականը չար ուժերի առաջնային ու լեգիտիմ թիրախն է։ Հետևապես՝ ո՞ւմ է ձեռնտու հոգևորակաների վարկաբեկումը։ Այս հարցի պատասխանը գուցե նաև լույս կսփռի, թե ով է առաջնորդում Փաշինյանին հոգևորականներին հալածելիս։
Ի վերջո՝ ո՞վ է առաջնորդում ՔՊ առաջնորդին, երբ նա ատելության խոսք է հղում հանրությանը, մրցակիցներին, հայհոյում սոցցանցում, սպառնում մուրճով, բաժանում ժողովրդին մասերի, թշնամանք հրահրում մամուլի ու լրագրողների նկատմամբ։ Ենթադրելի է, որ նրան այս ճանապարհին ևս պոչավոր, կոտոշավոր չար ուժեր են առաջնորդում, քանի որ ատելության մթնոլորտում բազմաթիվ մարդիկ, հատկապես ՔՊ համակիրները հոգեկան խնդիրներ են ձեռք բերում, դառնում վտանգավոր պետության ու շրջապատի համար։
Կարճ ասած՝ եթե Փաշինյանը կարծիք է հայտնում, թե խաղաղության ճանապարհին Աստված է առաջնորդում, ապա կարող է խոստովանել նաև, թե ինչ չար ուժեր էին նրան առաջնորդում, երբ պետությանն ու ժողովրդին մեծ կորուստներ ու վնասներ էր պատճառում։ Ի վերջո՝ եթե հայացքն ուղղում են Աստծուն, ապա գուցե նաև հասկանան, որ ՀՀ անկախությունը Աստծո նվերն է մեզ՝ քաղաքացիներիս։ Երբ այս գիտակցումը ամրանա քաղաքական համայնքում, ապա ապապետական ուժերն ու ֆորպոստի վարչապետացուները ինքնըստինքյան կոչնչանան։
Թաթուլ Մկրտչյան