Մի շաբաթ առաջ դեռ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Նյու Յորքը կընտրի քաղաքապետ՝ սոցիալական ցանցերից հայտնի պոպուլիստին։ Բայց ահա անսպասելին կատարվեց. Զոհրան Մամդանին, որը մինչ անցած տարի քիչ հայտնի էր, երեքշաբթի օրը գրանցեց պատմական արդյունք՝ դառնալով Նյու Յորքի առաջին մահմեդական քաղաքապետը։
Նրա հաղթանակը շատերը գնահատում են որպես «ժողովրդի հաղթանակ էլիտայի նկատմամբ», իսկ մյուսները՝ որպես պոպուլիզմի հերթական տոնը Ամերիկայի ամենամեծ քաղաքում։ Մամդանիի կամավորների բանակը՝ ավելի քան 100 հազար մարդ, վերջին շաբաթներին բառացիորեն հեղեղել էր քաղաքը՝ դռնեդուռ համոզելով ընտրողներին, որ Նյու Յորքը կարող է ավելի արդար և մատչելի դառնալ։
Թե ինչ ձևով՝ դա դեռ պարզ չէ, բայց խոստումները հնչում էին շատ վստահ։ Հաջողության բանալին պարզ էր՝ երիտասարդական էներգիա, սոցիալական արդարության հնչեղ կարգախոսներ և ամենակարևորը՝ հակաթրամփյան տրամադրություններ։ Եվ արդյունքը չուշացավ։ Մամդանին ոչ միայն հաղթեց հանրապետական Քերթիս Սլիվային, այլև անակնկալ կերպով՝ նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյին։ Նրա թիմը հայտարարում է, որ սա «նոր քաղաքական մոդելի ծնունդն է»։
Իսկ ավելի փորձառու վերլուծաբանները նկատում են՝ սա պարզապես ցույց է տալիս, թե որքան հեշտ է այսօր քաղաքական կապիտալ կառուցել հեշթեգերի և տեսանյութերի միջոցով։ Իր հաղթական ելույթում Մամդանին շնորհակալություն հայտնեց կամավորներին՝ նրանց անվանելով «անպարտ ուժ», որը քանդեց «քաղաքական ցինիզմը»։ Սակայն շատերի կարծիքով, հենց այդ «ցինիզմն» է, որ Նյու Յորքին մինչ այժմ օգնել էր մնալ իրատես։ Այս հաղթանակը կարելի է անվանել բացառիկ՝ ոչ միայն այն պատճառով, որ քաղաքը երբևէ չի ունեցել մահմեդական քաղաքապետ, այլև որովհետև դեմոկրատ սոցիալիստը կարողացավ նվաճել այն քաղաքը, որը երկար ժամանակ համարվել է ամերիկյան կապիտալիզմի խորհրդանիշը։
Ք․ Սահակյան