Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես 15 տարեկանում եմ մկրտվել։ Նոր էինք մտել անկախության շրջան, ու մինչև մկրտվելը պիտի դեռ մի` արդեն մկրտված կնքահայր գտնեիր, ինչն արդեն հեշտ գործ չէր։ Ստացվեց գտնել, պստիկ արծաթե խաչ ունեցա, որը չեմ կրում, բայց սիրում եմ։
Երբեք չեմ խոսել իմ ու «նրա» հարաբերությունների մասին, որովհետև համարել եմ, որ դա նույնքան անձնական է, որքան էն, ինչն ընդունված է անձնական համարել։ Գուցե նույնիսկ` ավելի անձնական։ Հիմա էլ շատ չեմ խոսի։ 2018-ին հանկարծ սկսեց գրվել «Հայր մեր» շարքը, հետո նույնանուն երգը գրվեց։ Շատ չհարցրի` ինչու է էդպես։ Էդպես է ու վերջ։
Եկեղեցական ծիսակարգերին լավ ծանոթ չեմ։ Պատարագների հազվադեպ եմ մասնակցում, թեպետ Կոմիտասի պատարագն անգիր գիտեմ, երգել եմ երգչախմբում։ Պարզապես, ծեսեր ու կարգեր առանձնապես չեմ սիրում։ Լավ է, լավ չէ` էդ է։
Բայց այ մեր վանքերը ոչ թե պարզապես սիրում եմ. էնտեղ ես գտնում եմ էն, ինչն ուրիշ ոչ մի տեղ երբեք ու երբեք չեմ գտնում։ Եթե զգացել եք, կհասկանաք։
Կան վանքեր, որտեղ ես երբեմն միանգամից ու անվերապահորեն երջանիկ եմ ինձ զգում։ Մի անգամ Մակարավանքում երկինքը փուլ եկավ գլխիս, ու ես մի ժամ չէի կարողանում շարժվել տեղիցս։ Աշխարհի ամենադժբախտն ու երջանիկն էի։ Ես դա երբեք չեմ մոռանա։
Աստվածաշունչ կարդացել եմ մկրտությունիցս անմիջապես հետո։ Ընդհանրապես, էդ պահից իմ կյանքում կտրուկ փոփոխություն եմ զգացել։ Ո՞նց նկարագրեմ. հանկարծ հայտնվել էր մի առանձին թաքուն դռնակ, որով ես մուտք էի ստացել մի նոր աշխարհ։ Ես էնտեղ հայտնվում էի պարբերաբար, դեռ էդ պատանեկան վիճակում, աստվածաշնչյան բարդ տեքստերից բացված պայծառ միջանցքներով, հանկարծ էն հեքիաթի հայտնի Ալիսի պես գլորվում էի էդ տողերի արանքով ու հայտնաբերում ճշմարտություններ, որոնք հասկանալու համար պետք կլիներ մի քանի կյանք ապրել։
Եկեղեցու կառուցվածքը լավ չեմ ճանաչում։ Վերջին շրջանում եմ սկսել ուսումնասիրել, զարմանալ, սկսել եմ հասկանալ շատ մանրումեծ բաներ, որոնք առաջ անկարևոր կթվային։
Ու հանկարծ, հինգ րոպե առաջ հասկացա, թե ինչու եմ վերջին շրջանում ես` ծեսեր ու հիերարխիաներ չսիրող, եկեղեցու կարգը լավ չճանաչող մեկս, հանկարծ սոսնձվել մեր եկեղեցու կառույցին, ինձ անծանոթ հոգևորականներին, հագել աներևույթ զրահներ ու ինքս ինձ պաշտպան կարգել մեր եկեղեցուն։
Հանկարծ հասկացա, որ ես ընդամենը սպառողն եմ էն ահռելի հարստության, որն ինձ բաժին է հասել` դարերով պահպանվելով հենց էդ կառույցի' շնորհիվ, հենց էդ կարգի' շնորհիվ, հենց էդ մարդկա'նց շնորհիվ։
Հանկարծ հասկացա, որ ես ընդամենը սպառողն եմ, իսկ իրենք` պահապանները։
Ու ես հիմա ընդամենն իմ փոքր, չնչին, ավազահատիկի չափ վերադարձն եմ անում` ի շնորհակալություն էն ամենի, որ ես ժառանգել եմ իմ ծննդյան օրից` ոչինչ չներդնելով, միայն ստանալով, երբեմն` դժգոհելով, հաճախ` չհասկանալով։ Ես ստացել եմ նվեր` Մակարավանքը, Հովհաննավանքը, Հաղպատը, Օձունը, Ախթալան, Դադիվանքը, Գանձասարը, Հայրավանքը, մյուս բոլոր վանքերը` առանց իմ կողմից որևէ ջանքի։ Ստացել եմ հոգևոր երաժշտության ու մշակույթի չհատնող շտեմարանը, հենց էս տառերն եմ նվեր ստացել, որոնցով հիմա տկտկացնում եմ հեռախոսիս էկրանին։
Ստացել եմ, որովհետև եղել են ու կան էդ հարստության պահապան հոգևորականները` սերնդեսերունդ, նեղ դռնից նեղ դուռ տանող հավերժական իրենց ճանապարհին։
Ու ես միայն հիմա հանկարծ հասկացա էդ ամենը։
Ու սա երջանկության պահ է»։