Բաքվում ավարտվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավարությունը, բացառությամբ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի, որն առանձին է քննվում։
Թե ինչու են անջատել Վարդանյանի գործը մյուսներից,
Oragir.News-ը պարզաբանում ստացավ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանից։
«Նախ նշեմ, որ նախաքննությունն ընթացել է մեկ քրգործի շրջանակում, հետո տարանջատել են։ Եվ հետո վճռորոշ է եղել Ռուբեն Վարդանյանի անձը և միջազգային ճանաչումն ու ընկալումները։ Գործերի անջատման օբյեկտիվ նախադրյալները բացակայել են, և մենք նկատել ենք, որ նույն, այսպես կոչված, ապացուցողական բազան է օգտագործվում երկու ընթացող դատավարություններում, սակայն ցմահ ազատազրկման հանգամանքը չի կապի անջատման հետ։ Նախկին մյուս ղեկավարները, որոնք անցնում են 15-ի գործով, նրանց ևս սպառնում է ցմահ ազատազրկումը, և իմ գնահատմամբ այս անջատումը էական նշանակություն չի ունենալու։ Հավասարապես նրանք բոլորը խոցելի վիճակում հայտնված անձինք են։
Իսկ դատավարությունների ավարտի մասով այս պահին ապացուցումների հետազոտման փուլը ավարտված է, բայց ողջ դատավարությունն ավարտված չէ։ Պետք է պաշտպանական ճառերը ներկայացնեն նաև վերջին խոսք, որից հետո նոր դատարանը կգնա խորհրդակցական սենյակ։ Իհարկե, դա ձևական բնույթ է կրելու, և արդեն իսկ կանխորոշված ելքով դատական ակտերը պատրաստ են։ Դրանք ընդամենը ձևական առումով հրապարակվելու են այդ դատական կազմի կողմից։ Ուղղակի նշեմ, որ նույն 15-ի գործով ընթացել են շուրջ 100 դատավարություններ, իսկ Ռուբեն Վարդանյանի պարագայում՝ 4 տասնյակ, և մենք նկատել ենք, որ եթե 15-ի գործը նշանակվում է միջինացված՝ երեք օրը մեկ պարբերականությամբ, ապա Ռուբեն Վարդանյանի պարագայում այդ ընդհատման տևողությունը երկար է։ Օրինակ՝ 7-8 օրը մեկ նոր է դատական նիստ նշանակվում, ինչն էլ բացատրում է տեմպի դանդաղումը, բայց իմ գնահատմամբ՝ մինչև տարեվերջ ավարտին է հասցվելու Ռուբեն Վարդանյանի գործը, և տարեվերջին կարող ենք ակնկալել այդ մեղադրական դատավճիռների հրապարակումը»,- նշեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է ավելի մեղմ պատժատեսակներ կիրառվեն գերիների նկատմամբ, իրավապաշտպանն ասաց, որ նման լավատեսություն ինքը չունի։
«Այս դատավարությունները հստակ ներքաղաքական նպատակներով իրականացվող գործընթացներ են, ցուցադրական ստորացման դատավարություններ են, որտեղ խստագույն պատիժներ են կիրառվելու և այդ ցմահ ազատազրկումն էլ, կարծում եմ, սիմվոլիկ է լինելու այն առումով, որ ազգերի ինքնորոշման իրավունքը, Արցախի ինքնորոշումը ցմահ դատապարտվելու է ազատազրկման այն ազդակով, որ այն մեկընդմիշտ ավարտված իրավունք է, և կրկին կենսագործվելու իրական հնարավորություն չկա։
Ես բարձր եմ գնահատում հավանականությունը, որ ցմահ ազատազրկման ձևով պատիժներ կկիրառվեն, սակայն մի վերապահում էլ անեմ՝ հայերի վերադարձի տեսանկյունից դատական ակտերը խոչըդոտներ չեն եղել, ինչը ինքնին պրոցեսի քաղաքական լինելու ապացուցող հավելյան փաստ է»,- նշեց իրավապաշտապանը։
Իսկ թե հնարավոր է 2026-ի ընտրությունների նախաշեմին Ալիևը հայ պատանդներին ազատ արձակի ՔՊ-ի վարականիշը բարձրացնելու նպատակով, Սիրանուշ Սահակյանը չբացառեց՝ կարծիք հայտնելով, որ դա կարող է տեղի ունենալ փուլային տարբերակով։
«Նրանց ազատ արձակումը ավելի կախվածության մեջ եմ դնում նախաստորագրված համաձայնագրի պայմանների կատարումից, իսկ այստեղ Ադրբեջանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցն, այսպես կոչված, Հայաստանի ենթակառուցվածքների շահագործումը, ապաշրջափակումն է, որի ներքո մենք գործ ունենք Զանգեզուրի միջանցքի գործարկման հետ։ Եթե հարցի առնչությամբ լինեն տեղաշարժեր, իմ գնահատմամբ Բաքվի իշխանությունները որոշակի անձանց ազատ կարձակեն, բայց ազատ արձակումը կապված է Ադրբեջանին հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծման աստիճանից։ Հենց այս տրամաբանության մեջ է, որ այնտեղ գտնվող հայերին մենք անվանում ենք ճիշտ անունով՝ պատանդներ։ Նրանք պատանդառված են մնալու այնքան ժամանակ, քանի ադրբեջանական քաղաքական պահանջները, որոնք բացառապես ծառայում են միայն իրենց շահերին, չեն բավարարվում և կյանքի չեն կոչվում ՀՀ իշխանությունների կողմից»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։
Հասմիկ Մովսիսյան