Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 16:00 05-11-2025

Վահան Տերյան մեծությունը պատշաճ ուսումնասիրված չէ․ կայացավ բանաստեղծի 140-ամյակին նվիրված գիտաժողովը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, կայացավ հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված գիտաժողովը՝ «Ջավախք» հայրենակցական միության, ԳԱԱ Գրականության ինստիտուտի և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ: Գիտաժողովը Վահան Տերյանի ստեղծագործական կյանքի մասին էր։

Նախքան գիտաժողովի մեկնարկը՝ մասնակիցներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին մեծ բանաստեղծի հիշատակին։

«Ջավախք» հայրենակցական միություն ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Oragir.News-ի հետ զրույցում խոսեց գիտաժողովի կարևորության և նշանակության մասին․

«Միջոցառումը ոչ միայն կարևոր, այլև աննախադեպ է, որովհետև Վահան Տերյանի նման մեծությունը մինչև այսօր պատշաճ կերպով ուսումնասիրված չէ։ Վահան Տերյանն իր գործունեության բոլոր ոլորտներով՝ գրականագիտության, լեզվաբանության, պատմության և փիլիսոփայության մեջ, անսպառ աղբյուր է գիտության համար։ Սակայն, ցավոք, տերյանագիտությունը մինչ այժմ գիտաժողովների և գիտական քննարկումների մակարդակով լիարժեքորեն չի զարգացել։ Սա առաջին փորձն է, և կարծում եմ՝ հաջողված փորձ կլինի՝ տերյանագիտությունը նոր մակարդակի բարձրացնելու համար»:

Թորոսյանի խոսքով՝ այսօրվա միջոցառման զեկուցումները ընդգրկում են Տերյանի գործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Հավաքված գիտնականները տարբեր թեմատիկ ուղղություններով անդրադառնում են Տերյանին՝ որպես ազգային և հասարակական գործիչ, քաղաքական մտածող, թարգմանիչ և, իհարկե, որպես մեծ բանաստեղծ։

Խոսելով երիտասարդների վրա ունեցած ազդեցության մասին, Թորոսյանը նշեց, որ Վահան Տերյանի կերպարն առաջին հերթին հայ երիտասարդին սովորեցնում է հայրենասիրություն, իսկ նրա պոեզիան կարևոր է բոլոր տեսանկյուններից, քանի որ ինքը՝ Վահան Տերյանը, նույնպես հայրենասեր էր և ազգային, հասարակական-քաղաքական գործիչ։

Բանասիրական գիտությունների թեկնածու Հերիքնազ Որսկանյանն էլ ընդգծում է, որ նման գիտաժողովները կարևոր են՝ գրողների և բանաստեղծների ստեղծագործությունները նորովի ուսումնասիրելու և գրական ժառանգության նոր շերտերը բացահայտելու համար։ Նա ևս նկատեց, որ մինչև այժմ նման Վահան Տերյանին նվիրված նման մեծածավալ գիտաժողով Հայաստանում չի կազմակերպվել․

«Առաջին քայլը, որ տեսնում եմ որպես կարևոր, կլինի Տերյանի հատորների ակադեմիական հրատարակությունը, որի վրա արդեն աշխատում է Գրականության ինստիտուտը։ Մենք նաև դիմելու ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ աջակցություն ստանալու այս նախաձեռնությանը»:
Տերյանի կարևորությանը անդրադարձավ նաև գրականագետ Սամվել Մուրադյանը, ով նշեց, որ Տերյանին առաջինը նկատել են հայ մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը, և չնայած բազմաթիվ փորձություններին, Տերյանը իր տեղն է գրավել հայ գրականության մեծերի ցանկում։

Միջոցառմանը ներկա էին նաև Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցի սաները, ովքեր ծաղիկներ խոնարհեցին և արտասանեցին սիրելի բանաստեղծի ստեղծագործություններից։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ