Վլադիմիր Նաբոկովը յուրահատուկ ստեղծագործական ճանապարհ է անցել։ Սկսելով բանաստեղծի իր կարիերան՝ նա դարձավ վեպի արքան։ Նաբոկովն իր ստեղծագործությունները գրել է ռուսերենով և անգլերենով։ Նրա ստեղծագործության ծաղկման շրջանը XX դարի 30-ական թվականներն է, երբ հայրենիքում դամոկլյան սրի պես կախված էր ստալինյան բռնատիրությունը։
Բայց գրողը առանձնահատուկ ժողովրդականություն ձեռք բերեց «Լոլիտա» վեպի հրապարակումից հետո, որը էրոտիկայի, հոգեբանական և փիլիսոփայական մտորումների յուրօրինակ խառնուրդ է: 20-րդ դարի երկրորդ կեսին Վլադիմիր Նաբոկովը բազմիցս առաջադրվել է Նոբելյան մրցանակի համար, սակայն նա այդպես էլ այն չի ստացել։
Այսօր իր ժամանակի ամենաքննարկված գրողներից մեկի՝ Վլադիմիր Նաբոկովի ծննդյան օրն է։

Վլադիմիր Նաբոկովի ընտանիքը ազնվական ծագում ուներ։ Նա ծնվել է 1899 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Նրա հայրը՝ Վլադիմիր Դմիտրիևիչը, նշանավոր քաղաքական գործիչ և իրավաբան էր, իսկ հայրական պապը Ալեքսանդր II և Ալեքսանդր III կայսրերի օրոք արդարադատության նախարար է եղել։ Գրողի մայրը՝ Ելենա Իվանովնան, ոսկի արդյունահանող հայտնի գործարար Ռուկավիշնիկովի դուստրն էր։
Ընտանիքն ապրել է շքեղության մեջ մինչև 1917 թվականի հեղափոխությունը։ Ընտանիքի բոլոր անդամները հավասարապես լավ խոսում էին ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Հեղափոխության նախօրեին ապագա գրողն ավարտել է Տենիշևի դպրոցը և դարձել իր հորեղբոր միլիոնավոր դոլարների ժառանգության տերը։
Հոկտեմբերյան հեղափոխությունն ամբողջությամբ շրջեց Նաբոկովների կյանքը։ Փախչելով բոլշևիկների հալածանքներից՝ ընտանիքը տեղափոխվում է Ղրիմ։ Երբ պարզ դարձավ, որ հեղափոխությունը վերջնականապես հաղթել է, Նաբոկովները որոշեցին հեռանալ Ռուսաստանից։

Դեռևս Տենիշևսկու անվան դպրոցում սովորելու տարիներին նա լրջորեն հետաքրքրվել է գրականությամբ։ Իսկ 17 տարեկանում պոեզիա է հորինել ու նույնիսկ իր անունով ու իր միջոցներով հրատարակել բանաստեղծությունների առաջին ժողովածուն։
Վտարանդի Վլադիմիր Նաբոկովը, ունենալով գերազանց պատրաստվածություն, ընդունվել է Քեմբրիջի համալսարան։ Նա չի դադարել գրել, զբաղվել է թարգմանություններով, բայց նրա բանաստեղծությունները մեծ հաջողություն չեն ունեցել։
Նաբոկովի հայտնությունը որպես գրող տեղի ունեցավ, երբ նա արդեն 30 տարեկան էր։ Նա սկսեց իր առաջին արձակը գրել Եվրոպայում ռուսերենով։ Ռուս գաղթականները հաճույքով կարդում էին «Մաշա», «Նվեր», «Մահապատժի հրավեր», «Լուժինի պաշտպանություն» վեպերը։
Գրողն ապրում էր Գերմանիայում, Ֆրանսիայում, սակայն այնտեղից ստիպված փախչում էր ֆաշիստական ռեժիմից, քանի որ կինը հրեա էր։ Նաբոկովը փորձել է գտնել մի տեղ, որտեղ իր համար հարմարավետ ու ապահով կլինի։ Երկար ժամանակ նա բնակություն է հաստատել Ամերիկայում՝ ապրելով 20 տարի։

ԱՄՆ տեղափոխվելուց հետո գրողը հասկացել է, որ ռուսերեն գրելու դեպքում չի կարող իր խոսքը ավելի լայն լսարանի հասցնել։ 1940 թվականից նա սկսել է իրեն համարել ռուսական ծագումով ամերիկացի գրող․ նա գրում էր միայն անգլերեն:
Գրողի հանրաճանաչություն ու նյութական հարստություն բերեց իր ամենահայտնի վեպը՝ «Լոլիտան»։ Հատկանշական է, որ սկզբում ամերիկյան ոչ մի հրատարակչություն չէր ցանկանում հրատարակել վեպը։
Գրքի նկատմամբ այս վերաբերմունքը պատահական չէր. պատմության կենտրոնում 37-ամյա ուսուցչի՝ Համբերտն է, ով գայթակղել է տանտիրուհու տասներկուամյա դստերը։ Շատերը պատմությունը համարում էին պոռնոգրաֆիա։ Բայց ինքը՝ Վլադիմիր Նաբոկովը, պնդում էր, որ վեպը ստեղծել է լուրջ նպատակով։ Նա ցանկանում էր ցույց տալ, թե ինչպես է մարդը կարող շփոթել մարդկային սերը պաթոլոգիական զգացողության հետ, և ինչի է դա հանգեցնում։

Նաբոկովը հինգ անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի։ Ամեն անգամ անհայտ պատճառով մերժվել է նրա թեկնածությունը։ Բանն այն է, որ մրցանակի կանոնների համաձայն՝ Շվեդիայի ակադեմիան մերժման պատճառները բացահայտում է միայն 50 տարի անց։ 2014-ին հրապարակվեց 60-ականներին Վլադիմիր Նաբոկովի թեկնածությունից հրաժարվելու պատճառը։ Հանձնաժողովի անդամները որոշել են, որ «Լոլիտա» անբարոյական վեպի հեղինակը չի կարող որակավորվել Նոբելյան մրցանակի համար։ Ի դեպ, վերջին՝ 6-րդ անգամ անգամ՝ 1972 թ․, Վլադիմիր Նաբոկովին առաջադրել էր Ալեքսանդր Սոլժենիցինը, ինչի համար Նաբոկովը խորապես երախտապարտ էր նրան։