Պատմության վերարժևորումը քաղաքական խնդիր է։ Որոշ հետամնաց վարչախմբեր սա չեն հասկանում, խճճվում են սեփական մանիպուլյացիաների մեջ, վերջում մեղավոր կարգում պատմաբաններին։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի բացման ելույթում չկարողացավ պարզ ներկայացնել ՀՀ իշխանության դիրքորոշումը պատմության և տեղանունների վերաբերյալ, հընթացս հանդիմանելով պատմաբաններին։
Նկատենք, որ պատմաբանը քաղաքականություն չի որոշում։ Քաղաքական մեծամասնությունն է որոշողը, և նա է պատմաբանի առաջ դնում պատմությունը վերարժևորելու կոնկրետ խնդիրներ։ Եթե իշխանությունը խնդիր չի առաջադրում, ապա ի՞նչ իրավունքով է հանդիմանում պատմաբանին, ինչո՞ւ է տրտնջում, թե պատմաբանն այլ մեկնակետից է մատուցում պատմությունը։ Կամ այդ ի՞նչ հակագիտական մեկնակետ է առաջադրում Փաշինյանը, որ պատմաբանը չի ուզում գործակցել ՔՊ-ական իշխանության հետ, նրա քաղաքական պատվերը կատարել։
Ուշագրավ է Փաշինյանի սևեռումը խորհրդային բռնազավթման շրջանի երկու տեղանունների վրա, դրանք ընդհանրացնելով ժամանակի մեջ: «Եվ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվում էին կիրովականներ և կիրովաբադներ, արաբական շրջանն ունի իր կիրովականներն ու կիրովաբադները, պարսկական շրջանն ունի իր ժամանակաշրջանի կիրովականներն ու կիրովաբադները, օսմանյան ժամանակաշրջանն ունի իր ժամանակվա կիրովականները և կիրովաբադները, մոնղոլ-թաթարական շրջանն ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները, բյուզանդական ժամանակաշրջանն ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները։ Եվ մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ»,- ասել է նա։
Ի՞նչ իմաստ ունի այս սևեռումը, ի՞նչ ակնարկ է պարունակում։
Խորհրդային բռնազավթումից ազատագրված բազմաթիվ երկրներում իրականացվել է դեսովետիզացում, անվանափոխվել են բռնազավթման շրջանը խորհրդանշող տեղանունները։ Հայաստանում դա տեղի է ունեցել մասամբ՝ մեծ քաղաքների, կենտրոնական փողոցների անունները փոխվել են, մնացած տեղանուններն այսօր էլ խորհրդանշում են խորհրդային բռնազավթման շրջանը։ Օրինակ՝ Կիրովականի տեղում այսօր Վանաձորն է։ Եվ այս սևեռումով՝ Փաշինյանը, հավանաբար, ակնարկում է, թե մտադիր է լիարժեք, համապարփակ դեսովետիզացում անել, որ խորհրդային շրջանը խորհրդրանշող ոչ մի անվանում ու հուշարձան չմնա ՀՀ-ում։ Այսպիսի բարեփոխումն էապես կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկը, կնպաստի խաղաղության հաստատմանը, կապացուցվի, որ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ չէ, անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում է։
Իրականում, սակայն, այս լավատեսությունն անհիմն է, ՔՊ-ն նման ծրագիր չունի։ Եթե Փաշինյանը պատմության և տեղանունների մասին ընդհանրացումներով փորձում էր հանդիմանել ռուսամետ ուժերին, ապա ՔՊ-ն նրանցից էապես չի տարբերվում, համապարփակ դեսովետիզացում չի անում։ Եթե Փաշինյանը Մայիսի 9-ին գնում է Մոսկվա պառադի, ապա կարելի է ասել, որ նա ևս պատմության լեգիտիմ մեկնակետ է համարում կիրովականներն ու կիրովաբադները։ Իսկ եթե նա պատմաբաններին էր խորհուրդ տալիս «զգույշ լինել պատմության հետ», ապա սա անհարգալից վերաբերմունք է այդ գիտական համայնքի նկատմամբ։
Ցավալի է նաև, որ վարչապետը օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի, քաղաքագետերի առաջ ելույթում խաղաղության, այսպես կոչված՝ խնամքի և ինստիտուցիոնալացման որևէ անելիք չնախանշեց։ Պարզ չեղավ, թե ովքե՞ր են զբաղվում խաղաղության խնամքով, ինչպե՞ս են խնամում։ Ադրբեջանցի քաղաքագետներին, հանրային գործիչներին Հայաստան հրավիրելուց, հյուրասիրելուց, նրանց կողքին նստելուց զատ՝ ի՞նչ են մտադիր անել ՔՊ-ականները։ Եվ ի վերջո՝ Փաշինյանն ինչպե՞ս է մտադիր պատասխանել հայ ժողովրդի հանդեպ ատելությամբ լի հռետորաբանությամբ հանդես եկող Ալիևին՝ խնամքո՞վ, ինստիտուցիոնալացմա՞մբ, թե՞ լեգիտիմ մեկնակետով։
Պարզ ասած՝ պատմաբանը Փաշինյանի աղետալի սխալների, սխալ որոշումների մեղսակիցը չէ։ Հարկ է նկատել նաև, որ Փաշինյանն իրեն կամա, թե ակամա կապեց կիրովականների հետ, որոնք այսօր այլ անուն ունեն։ Ու ինչպես այսօր քչերը գիտեն Վանաձորի նախկին անունը, այնպես էլ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի անունը կմոռանան։
Թաթուլ Մկրտչյան