Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 21:01 04-11-2025

Փաշինյանը երկընտրանքի առաջ է, Էրդողանին սպասում են, ՀՌՀ-ն կողմ չէ «Շողակաթ»-ի փակմանը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 4-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը 2026թ.մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: Փաշինյանն այս մասին ասել է այսօր՝ Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև վերջին շրջանում հաստատվել է մշտական ինստիտուցիոնալ հաղորդակցություն: «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ շատ հաճախ ենք հանդիպում։ Ես երկու անգամ այցելել եմ Թուրքիա, ընդ որում` առաջին անգամ աշխատանքային այցով երկկողմ ձևաչափով եմ եղել, և այդ այցը ես շատ հաջող եմ համարում, որի ընթացքում նախագահ Էրդողանին հրավիրել եմ Երևան` մասնակցելու 2026 թ. մայիսին կայանալիք գագաթնաժողովին։ Ճիշտ չի լինի, եթե մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցելելու հնարավորությունը, պարզապես կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ և հույս ունեմ, որ նա այդ հրավերը կընդունվի»,– ընդգծել է նա:

Միևնույն ժամանակ Ալիևի երեկվա հոխորտանքները մեկնաբանելու լրագրողի հարցն այսօր դժվարին իրավիճակի մեջ դրեց Նիկոլ Փաշինյանին: «Հիմա ես երկընտրանքի առաջ եմ, Ձեր հարցին պատասխանելով առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի՝ Ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև Ադրբեջանի նախագահն ասել է, որ «ցարական քարտեզներում եթե նայենք Սևանա լիճ չկա», կա այլ անուն: Դժվար է նրանով, որ ես փոխանակ Ձեր հարցին պատասխանեմ, պիտի նախ պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը», - ասաց նա: Փաշինյանը շեշտեց, որ հարցին պատասխանել է իր ելույթում, որտեղ խոսել էր կոնֆլիկտի քաղաքականապես լուծված լինելու, սակայն սոցիալ-հոգեբանորեն առկա լինելու մասին: «Եթե նայենք Ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք, ուրեմն նայենք... ես Կիրովաբադիև Կիրովականի մասին ասացի, Ելիզավեթպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասացի, այսինքն՝ մենք պետք է ընտրություն կատարենք», - նշեց նա: Ալիևը երեկ հայտարարել էր, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ընդգծելով՝ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Իլհամ Ալիևը նաև շեշտել էր, թե 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ «տարածքում գրեթե բոլոր տեղանունները, այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ «Սևանա լիճ չկա, կա Գյոյչա»,- ասել էր նա։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ պետք է պատմության հետ զգույշ լինել. «Հույները որ սկսեն Մակեդոնացուն հիշել, Հռոմը, իտալացի մեր գործընկերները, մենք ո՞ւր կհասնենք: Մենք այդ պատմությունը կարդացել են, և մենք, իմ գնահատմամբ, արդեն ստեղծել ենք նոր պատմություն, 2 տարվանն էլ է պատմություն: Մենք պետք է կարողանանք անցյալը տարբերակել ապագայից»:

Այսօր Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։ Այս մասին հայտնում է նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Հանդիպումը կայացել է դեսպանի խնդրանքով։ Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման և Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։ Հանիպմանը ներկա էին դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասյօր հայտարարել է, որ ՀՌՀ-ն կողմ չէ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշմանը` կապված «Շողակաթ» հեռուստաընկերության հետ։ «Նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները այնքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ և գտնում ենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ ու ճիշտ լուծում գտնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել Հակոբյանը։ Միևնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ «Շողակաթը» օրենքով կրոնական ալիք չէ։ «Մենք մոռանում ենք, որ 2020 թ.–ի նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթը» ոչ թե հոգևոր և մշակութային ծրագիր է, այլ կրթական–մշակութային։ Հոգևոր–կրոնական հաղորդումներ կրթական–մշակութային ալիքում չպետք է լինեն, որովհետև կրթությունը և մշակույթը կղերական մոտեցումների հետ պետք է կապ չունենան»,– ասաց նա։ Հակոբյանի խոսքով՝ «Շողակաթ» ՀԸ–ն օրենքի փոփոխությունից հետո չփոխվեց և չկատարեց օրենսդրական պարտականությունը։ Նա ընդգծեց` անգամ կրոնական ալիքում անընդունելի է քաղաքական բովանդակություն հեռարձակելը։ «Դա տեսավ նաև հեռուստադիտողը, և «Շողակաթի» ռեյտինգը կամաց–կամաց ընկավ և հավասարվեց գրեթե զրոյի։ Մենք խոսում ենք մի հեռարձակողի մասին, որ ՀՀ–ում գրեթե լսարան չուներ. սա պետք է լուծում ստանա»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: