Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հայկական կոնյակ» հասկացություն գոյություն ունենալ չի կարող։ Թեմայի շուրջ
Oragir.News-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։
Եթե մենք հրաժարվում ենք «հայկական կոնյակ» արտահայտությունից, ապա պետք է հասկանալ՝ ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը հայկական բրենդիի միջազգային ճանաչումն ապահովելու համար։ Պիպոյանի կարծիքով՝ այստեղ պետությունն ունի հստակ անելիք և պատասխանատվություն, քանի որ պետական կառույցների գործն է զբաղվել բրենդավորմամբ։
Պիպոյանը նշում է, որ պետությունն ու մասնավոր հատվածը տարբեր գործառույթներ ունեն, և բրենդավորման հարցը հենց պետական կառույցների պարտականությունն է․
«Եթե վարչապետը մունաթ է գալիս էկոնոմիկայի նախարարի վրա, ես կիսում եմ այդ մտահոգությունը, բայց հարց եմ տալիս՝ էլի ինչքա՞ն կարելի է մունաթ գալ։ Եթե զգում ես, որ նախարարն իր գործը չի անում, պետք է ասես՝ գնա՛ տուն։ Եթե չես ասում, ուրեմն պատասխանատվությունն արդեն քո վրա է»։
Փորձագետը հիշեցնում է, որ Հայաստանը մինչև 2032 թվականը դեռ կարող է ներքին շուկայում օգտագործել «հայկական կոնյակ» արտահայտությունը, և պետությունը պետք է նախապատրաստվի դրանից հետո նոր բրենդային քաղաքականության անցնելուն։ Բաբկեն Պիպոյանը մատնանշում է, որ Հայաստանում դեռ հստակ չեն սահմանված արտադրության չափորոշիչները․
«Եթե կոնյակի սպիրտը բերվում է Մոլդովայից, Իսպանիայից կամ Իտալիայից և պարզապես շշալցվում է Հայաստանում, օրենսդրությամբ դա համարվում է հայկական արտադրանք։ Բայց դա արդյո՞ք ճիշտ է։ Եթե հումքը դրսից է, ինչպե՞ս կարող է կոչվել «արտադրված է Հայաստանում»։ Դա պետք է օրենսդրորեն հստակ սահմանվի»։
Նա նաև ընդգծում է, որ վերահսկողության բացակայության պատճառով շուկայում հայտնվում են ցածրորակ խմիչքներ, որոնք վարկաբեկում են հայկական արտադրանքը․
«Երբ շուկայում տեսնում ենք 1000 դրամանոց «կոնյակ»։ Բոլորս հասկանում ենք, որ դա կոնյակ չէ։ Բայց ինչո՞ւ է նման արտադրանքը թույլատրվում։ Այդպես մենք փչացնում ենք մեր բարի համբավը»։
Պիպոյանի խոսքով՝ պետությունը պետք է հստակ ձևակերպի իր նպատակները՝ ցանկանում է պարզապես արտահանում ավելացնել, թե զարգացնել տեղական արտադրությունն ու ստեղծել իսկապես հայկական բրենդ։ Նա շեշտում է՝ միայն այն դեպքում, երբ պետությունն ապահովում է հստակ չափորոշիչներ և վերահսկողություն, կարելի է պահանջ ներկայացնել արտադրողներին։
«Եթե ինստիտուտները չեն աշխատում, պետությունն էլ չի վերահսկում, ի՞նչ հոխորտանք արտադրողի վրա։ Սկզբից պետությունը պիտի իր գործն անի»,- եզրափակեց Պիպոյանը։
Հիշեցնենք՝ կառավարական վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հայկական կոնյակ» հասկացություն չի կարող լինել, քանի որ «Cognac» անվանումը պատկանում է Ֆրանսիային՝ որպես աշխարհագրական նշումով պաշտպանված բրենդ։ Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ի հետ կնքած համաձայնագրով պարտավորվել է աստիճանաբար հրաժարվել «կոնյակ» տերմինի օգտագործումից արտահանման շուկայում։ Մինչև 2032 թվականը «հայկական կոնյակ» ձևակերպումը թույլատրվում է միայն ներքին սպառման համար, ինչից հետո Հայաստանը պետք է հանդես գա նոր, սեփական բրենդով։