Oragir.News-ը վերջերս
անդրադարձել էր Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա»-ի ավելի քան 100 բեռնատարների՝ Ռուսաստանի տարածքում շուրջ 1,5 ամիս արգելափակման խնդրին։ ՌԴ իրավապահներն իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն՝ «Սպայկա» ընկերության քրեական գործով:
Oragir.News-ը Պետական եկամուտների կոմիտեին հարցում էր ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե բացի «Սպայկա»-ից, ուրիշ ո՞ր ընկերություններն են արտահանում տեղական միրգ, բանջարեղենը, քանի որ «Սպայկա»-ի բեռնատարների արգելափակումը արտահանման խնդիրներ է ստեղծել, որից տուժելու է գյուղացին։ Նաև խնդրել էինք նշել՝ ինչ ծավալի արտահանում է տեղի ունեցել:
ՊԵԿ-ն
Oragir.News-ին տեղեկացրել է, որ ըստ ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանների (ըստ ապրանքների հայտարարագրերի և տարանցման հայտարարագրերի), 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ է արտահանվել 116.3 հազ. տոննա, իսկ երրորդ երկրներ՝ 10.0 հազ. տոննա ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ ու պալարապտուղներ) և 08 (ուտելի մրգեր և ընկույզներ) խմբերին դասվող ապրանքներ։
ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում «ՍՊԱՅԿԱ» ՍՊ ընկերությունից բացի վերոնշյալ ապրանքների արտահանումներ իրականացվել են հիմնականում՝ «Գրինկո», «Ռոյալ Գլաս Գրուպ», «Գրին ֆարմեր», «Կովկաս պրոդուկտ», «Ապրիկուտ Գրուպ» և «Բիո բոնուս ագրո» ՍՊ ընկերությունների կողմից:
Տեղեկատվությունը տրամադրել է Մաքսային ռիսկերի կառավարման վիճակագրության վարչության պետ Ռաֆայել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ
Oragir.News-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ևս խնդրել էր տեղեկատվություն տրամադրել այս հարցի վերաբերյալ։ Կառույցից հայտնել էին, որ այս պահին պտուղ-բանջարեղեն արտահանող մի շարք ընկերություններ կան, բայց անուններ չէին նշել։