Քրիստոնեության պատմության մեջ բազմաթիվ վկայություններ ու պատումներ կան մարդու մեջից չար ոգիների վանման մասին։ Այս շնորհքն ունեցողը կոչվում է էկզորսիստ։ Կաթոլիկ եկեղեցին Athenaeum Pontificium Regina Apostolorum համալսարանում 2005-ից ի վեր կազմակերպում է «Էկզորցիզմ և ազատագրման աղոթքներ» դասընթացներ, որի ունկնդիրները յուրացնում են չարը մարմնի մեջից աքսորելու գիտելիքներ ու հմտություններ։ Բողոքական մի քանի եկեղեցիներում ևս էկզորսիզմն ընդունված արարողակարգ է։
Հոկտեմբերի 15-ին, 6 հոգևորական է բերման ենթարկվել։ Երևանի քննչական վարչություն են տարվել Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։ Քահանաներն որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։ Խուզարկությունից հետո Կենտրոնի քննչական բաժին է տեղափոխվել նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։
Առաջին հայացքից՝ այս պատկերը նման է զանգվածային բռնաճնշումների, ինչպիսիք եղել են խորհրդային բռնազավթման տարիներին, երբ բազմաթիվ հոգևորականներ սպանվել ու հալածվել են խորհրդային զավթիչների, «Մարտնչող անաստվածների միության» ձեռքով։ Տարիներ առաջ Գարեգին Բ-ն Ապրիլի 6-ը հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր։
Հոկտեմբերի 15-ին 6 հոգևորականներին բերման ենթարկելու փաստը հիմք է տվել ենթադրելու, որ լուրջ վախեր են ստիպել իշխանությանը բերման ենթարկելու 5 քահանայի ու 1 եպիսկոպոսի։ Փաշինյանը հոգևորականից վախենալու ի՞նչ պատճառ ունի։ Հանրային խոսույթում շրջանառվում է 2 տարբերակ։
Ոմանք ենթադրում են, որ քահանաների բերման ենթարկելն առնչվում է 2026-ի ընտրություններին, և Փաշինյանն, այսպիսով՝ փորձում է չեզոքացնել եկեղեցու հնարավոր ազդեցությունը ընտրապայքարի, ընտրությունների արդյունքների վրա։ Այսինքն՝ Փաշինյանը, հավանաբար, վախենում է, որ Հայաստանի ամենամեծ կառույցը, աշխարհի ամենաժողովրդավարական եկեղեցին կարող է հավտացյալներին կոչ անել՝ 2026-ին ընտրել ՀՀ անկախության ու ժողովրդավարության ջատագով ուժերին, ոչ թե Փաշինյանին, որն իր խոստովանությամբ՝ ֆորպոստի վարչապետ է եղել, ո՛չ Ապրիլի 6-ին է մի խոսք ասել նահատակված հոգևորականների հիշատակին, ո՛չ Հունիսի 14-ին մի ծաղիկ խոնարհել խորհրդային դահիճների ձեռքով զոհ գնացած հազարավոր հայերի, այդ թվում՝ Չարենցի, Բակունցի ու տասնյակ մտավորականների հիշատակին։ Եկեղեցին, ընտրություններում անկախական ոիժերին աջակցելով, իրապես կնպաստի ՀՀ-ում նորմալ իշխանության ձևավորմանը, որտեղ ՔՊ-ն կլինի ռուսամետ ընդդիմություն։ Սա առաջին տարբերակն է։
Ի դեպ՝ խորհրդային տարիներին բազմաթիվ շարքային ու բարձրաստիճան հոգևորականներ մասնակցել են անկախության համար պայքարին, 1988-1991-ին հանդես եկել հօգուտ անկախության հրապարակային ելույթներով, իրապես նպաստել, որ ունենանք անկախ, ժողովրդավարական Հայաստան։
Երկրորդ տարբերակը կրոնական է, բայց ունի քաղաքական աստառ։ Բազմաթիվ հավատացյալներ կարծիք են հայտնում, թե Նիկոլ Փաշինյանի մարմնում դև է բույն դրել, չար ուժեր են կառավարում նրան։ Չար ուժերի գերին բնական վախ ունի հոգևորականից, մասնավորապես՝ էքզորսիայի ենթարկվելուց։ Եթե Փաշինյանի մեջ չար ուժեր կան, ապա դրանց աքսորման արդյունքում Փաշինյանը կվերափոխվի, լրիվ այլ մարդ կդառնա, գուցե՝ առաքինի, ազնիվ, շիտակ, արժանապարտիվ, ազգանվեր։ Ազնիվ, արդար մարդը չի կարող ստորադասել ազգային շահերը։ Ուստի՝ Փաշինյանի էկզորսիան հակասում է Հայաստանի չբարեկամների, Կրեմլի գործակալների շահերին։ Եվ ենթադրաբար՝ նրանց սադրանքով կամ դրդմամբ էլ հալածվում են քահանաներն ու եպիսկոպոսները, որ պետություն-եկեղեցի թշնամանք հրահրվի, Փաշինյանը հեռու մնա հոգևորականից, չեզոքացվի էկզորսիզմի ենթարկվելու ռիսկը։
Պատկերավոր ասած՝ եկեղեցին և՛ առաջին, և՛ երկրորդ տարբերակով կարող է դադարեցնել հոգևորականների դեմ գրոհներն ու Աստվածահաճո գործ անել։ Փաշինյանն էլ կշահի էքզորսիայից, կմաքրվի չար մտքերից, գուցե հոգին էլ կփրկվի։
Թաթուլ Մկրտչյան