Վերջերս լուր տարածվեց, որ Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական կեղծ անձնագրեր են հայտնաբերվել։
Առաջին անգամ այս մասին հայտնեց ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը Համլետ Ղուշչյանի հետ առցանց հարցազրույցի ժամանակ։
Այնուհետև սրան հաջորդեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի՝ սոցիալական ցանցում կատարած գրառումը, մասնավորապես, այսպիսի բովանդակությամբ․ «Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր։ Ըստ Վրաստանի պաշտոնական կայքերի՝ դրանք փորձ է արվել ներկրել Վրաստան՝ շինանյութերի համար նախատեսված արկղերով։ Փաստաթղթերի բարձր որակն ապշեցրել է անգամ փորձագետներին, դրանք հնարավոր չէ հայտնաբերել սահմանային անցակետերում տեղակայված սարքավորումներով։ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ-ի ծառայությունները։ Այս առիթով՝ Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին»։
Գևորգ Դանիելյանը նշել է, որ այդ կեղծ փաստաթղթերում կան նաև հայկական ազգանուններ։
«Նախ խոսում ենք բացահայտված ընդամենը մեկ դեպքի մասին, իրական ծավալների մասին չգիտենք։ Վերջապես, այդպիսի բարձր արհեստավարժությամբ կեղծված անձնագրերը անարգել կարող են գործադրվել ցանկացած ոլորտում՝ ոչ միայն մասնավոր գործարքներ կնքելիս, այլև հանրային գործընթացներում, այդ թվում՝ ընտրություններում»,- գրել է նա։
Երեկ, ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով հարցին, հայտարարել է, որ Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական կեղծ անձնագրերի հայտնաբերման որևէ դեպք չի արձանագրվել։ Տարածված լուրը իրականության հետ որևէ աղերս չունի։
«Վստահեցնում ենք, որ Վրաստանի իրավապահ գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք, Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը բացահայտ ապատեղեկատվություն է»,- ասել է ՆԳՆ մամուլի խոսնակը։
Oragir.News-ն իր հերթին փորձեց հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, թե որտեղից է բխում այդ լուրը։
Քանի որ Գևորգ Դանիելյանը հղում էր արել Վրաստանի պաշտոնական կայքերին՝ նշելով, որ կեղծ անձնագրերը փորձ է արվել ներկրել Վրաստան՝ շինանյութերի համար նախատեսված արկղերով, Oragir.News-ը ուսումնասիրեց վրացական՝ թե՛ պաշտոնական, և թե՛ մասնավոր մամուլը՝ հավաստիանալու, թե ինչպիսի անդրադարձ կա այս սկանդալային իրադարձությանը։
Այսպես՝ Agenda.ge, Interpressnews.ge, Netgazeti.ge, Civil.ge և պաշտոնական կայքերում, ինչպես նաև ՆԳՆ/մաքսային ծառայության պաշտոնական կայքերում նման մասշտաբային բացահայտման մասին հրապարակումներ չկան։
Լուրը հավաստող տեղեկատվություն չկա նաև ռուսական մամուլում։
Թե որ պաշտոնական կայքերը նկատի ուներ Գևորգ Դանիելյանը՝ նման աղմկահարույց հայտարարություն անելով, մնում է անհասկանալի, սակայն փաստը է, որ հայկական մամուլը շրջանառության մեջ է դրել վտանգավոր թեմա՝ հիմք ընդունելով սոսկ Դանիելյանի գրառումը։
Եթե նույնիսկ ճիշտ է Արդարադատության նախկին նախարարի հայտնածը, ապա զարմանալի է, որ դրան անդրադարձել է միայն հայկական մամուլը, իսկ վրացական լրատվական դաշտում այն դեռևս չի հաստատվել կամ լայնորեն չի լուսաբանվել։
Հասմիկ Մովսիսյան