Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև լարվածությունը չի հանդարտվում։ Հայկ Սարգսյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում հավելյալ ակնարկեց, որ Ալեն Սիմոնյանը բուքմեյքերական ընկերությունների խոշոր սեփականատերերի հետ կապեր ունի։ Այսինքն՝ ԱԺ նախագահի և պատգամավորի միջև լարվածությունը կապված է Հայկ Սարգսյանի կողմից խաղային ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների հետ։
Ի՞նչ չեն կարողանում կիսել պատգամավորն ու ԱԺ նախագահը։ Եվ ինչո՞ւ են ներիշխանական կոնֆլիկտը փաթաթում խաղային ոլորտի վրա։
Առաջին ուշագրավ արձանագրումն այն է, որ ՔՊ-ի ներսում վեճերը, հարցերը քաղաքականությանը չեն առնչվում, քաղաքական տեքստ չունեն։ Օրինակ՝ եթե պատգամավորը քննադատեր ՔՊ-ի վարած ներքին, արտաքին, սոցիալական քաղաքականությունը, ԱԺ նախագահի քաղաքական հրապարակային գործունեությունը, ՌԴ-ի նկատմամբ վերբալ գրոհները, ապա կարող էին ասել, որ սա ներկուսակցական, քաղաքական, բովանդակային բանավեճ է, քաղաքական գործիչները տարակարծիք են որոշ հարցերի վերաբերյալ և սկզբունքայնություն են դրսևորում։ Կամ եթե ԱԺ նախագահը հայտարարեր, թե պատգամավորը «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող բաներ է խոսում, ռուսական գործակալ է, ապապետական խոսույթ է կիրառում, ապա դարձյալ կարելի էր ասել, որ լարվածությունը քաղաքական բնույթ է կրում։ Իսկ այս դեպքում լարվածությունը քաղաքական աստառ չունի։ Ինչի՞ համար է նկատողություն ստացել Հայկ Սարգսյանը լիարժեք պարզ չէ։
Հաջորդ արձանագրումն այն է, որ լարվածության մեջ փորձում են ներքաշել քաղաքականությանը չառնչվող բուքմեյքերական ընկերություններին, որոնք հարկային մեծ մուտքեր են ապահովում, ինչի արդյունքում ապաշնորհ կառավարությունը կարողանում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել։ Ակամա տպավորություն է ստեղծվում, թե ՔՊ-ական երկու գործիչներն էլ ազգանվեր են, քաղաքական լուրջ դեմքեր են, ազգանվեր, ժողովրդանվեր գործերով են զբաղված, իսկ բուքմեյքերական ընկերությունները նրանց խանգարում են, նրանց կռվացնում։ Սա, առնվազն, ծիծաղելի է։ Բուքմեյքերական ընկերությունները քաղաքականության որոշման վրա ազդում են հարկեր վճարելով, ոչ ավելին։ Բոլոր նորմալ երկրներում այդպես է։ Բայց բոլոր երկրներում ամենախոցելին են, ՀՀ-ում՝ նույնպես։
Եթե Հայկ Սարգսյանի հարապարակավ կասկածները ճիշտ լինեին, ապա Ալեն Սիմոնյանը պետք է պաշտոնանկ արվեր։ ԿԿՀ-ն պետք է վարույթ բացեր հրապարակված կասկածները հաստատելու կամ հերքելու համար։ Եթե Ալեն Սիմոնյանը դեռ պաշտոնավարում է, նշանակում է կա՛մ Հայկ Սարգսյանը ստում է, կա՛մ համակագային կոռուպցիա է երկրում։
Կարճ ասած՝ այս ծիծաղելի սկանդալը վտանգավոր կասկած է առաջ բերում, թե իշխող կուսակցության անդամներն իշխանությունից ավելի մեծ, թանկ բան ունեն կիսելու, որը չեն կարողանում ու միմյանց դեմ դիմումներ են գրում։ Եվ իրենց ապապետական, ապաքաղաքական ու ապաիրավական արարքները հրապարակավ խոստովանելու փոխարեն՝ թեման ցրում են, ծռելով դեպի բուքմեյքերական ընկերությունները, հարուցելով ողջամիտ քաղաքացու ծիծաղը։
Թաթուլ Մկրտչյան