Հանրային արձագանքները քաղաքականություն որոշելու հիմնական ուղղորդիչներից են։ Հոկտեմբերի 2-ին Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի մի քանի աշակերտներ պատուհանից դուրս են ցատկել։ Սկզբում ցանկացել են մուտքից դուրս գալ, սակայն պահակը թույլ չի տվել․ բարձրացել են 2-րդ հարկ, թռել են։ Երկրորդ հարկից 7 աշակերտ է ցատկել՝ հինգ տղա և երկու աղջիկ։ Աշակերտներից մեկն այժմ հիվանդանոցում է։ Զանգահարել են 7 աշակերտներին, իմացել՝ որտեղ են, հարցրել՝ ինչո՞ւ են նման քայլի դիմել, ասել են՝ «հավես չունեինք դաս անելու»։
Սա իշխանությունների քաղաքականության հետևանքն է։ Սա նաև անարդյունավետ սահմանփակումների հետևանք է։ Հնարավո՞ր է այնպես անել, որ երեխաները չփախչեն դասից։
Իհարկե՝ բոլոր ժամանակներում էլ դասից փախչող աշակերտներ եղել են։ Սակայն այդպիսի դեպքերը շատանում են քաղաքական ճգնաժամի պայմաններում, երբ իշխանության վարկանիշը ցածր է, ուսուցիչները հոգնած, դասագրքերը չեն հագեցնում աշակերտների հետաքրքրությունը։ Այս ամենն էլ կա այսօր Հայաստանում։
ՔՊ-ական իշխանությունների վարկանիշը շարունակում է ազատ անկումը։ Ժողովուրդը չի հասկանում, թե ինչ քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը։ Անորոշությունը անվստահություն է առաջացնում վաղվա հանդեպ։ Ուսուցիչներին ու աշակերտներին, հավանաբար, ևս նյարդայնացնում է անորոշությունը։ Արդյունքում սովորելու հանդեպ հետաքրքրությունը նվազում է, և աշակերտը գերադասում է դասի չնստել։
Օրեր առաջ ԿԳՄՍՆ-ն ամփոփել է «Տարվա լավագույնները» 2024-2025» մրցույթը, պարգևատրվել են դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և այլք։ Գուցե պետք է ավելի արդյունավետ խրախուսման տարբերակներ կիրառել, որ ուսուցիչը չհոգնի վերջին ժամ դաս անելուց, անհավեսություն չտարածի դպրոցում, չվարակի աշակերտներին։ Գուցե պետք է ավելի հետաքրքիր կազմակերպել դասապրոցեսը, որ աշակերտները չուզենան փախչել դասից։ Այս դեպքը վկայում է, որ ԿԳՄՍՆ-ն վատ է կազմակերպում կրթությունը դպրոցում, կրթական բարեփոխումներն արդյունավետ չեն, աշակերտը հավես չունի դասի նստելու։
Այսինքն՝ ողջամիտ կասկած կա, որ աշակերտների՝ դասից փախչելու պատճառը կապված է ուսուցիչների վատ, անհավես աշխատանքի, կրթական ծրագրի անհետաքրքրության հետ։ Ուշագրավ է, որ երեխաները փախել են ռուսերենի դասից։ Գուցե աշակերտներին հետաքրքիր չէ ռուսերենը, որը վաղուց դուրս է մղված երբեմնի բախտակից երկրների դպրոցական ծրագրերից։ Անկախության մասին անվերջ խոսող Նիկոլ Փաշինյանը սրանից հետևություն չի ուզո՞ւմ անել։ Այս դեպքը հիմք չէ՞, որ լիազոր մարմինը ռուսերենի դասագիրքը, ժամերը վերանայի։
Այս դեպքը նաև Նիկոլ Փաշինյանի՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսի ֆիասկոն է։ Լավ սովորել հնարավոր չէ, քանի որ վատ է կազմակերպված կրթությունը, այնքան վատ, որ աշակերտները խմբակային փախչում են դասից։ Սա նաև վկայում է, որ «Կրթվելը նորաձև է» արշավը կրթվելու մասին չէ, հակառակ պարագայում աշակերտները, որոնք նորաձևության ֆովորիտ սպառողներն են, դասից չէին փախչի, կնստեին ու կկրթվեին։ Այս դեպքը ահազանգ է, որ իշխանությունները գործուն քայլեր անեն, կրկնությունը բացառելու, սովորելու հանդեպ հետաքրքրությունն իրապես բարձրացնելու ուղղությամբ։
Դասերից փախչելու դեպքերին նպաստում են նաև ոչ արդյունավետ սահմանափակումները։ Եթե դռները փակում են, որ աշակերտները չփախչեն, ապա պետք է ճաղավանդակով փակեն ոչ միայն 1-ին, այլև բոլոր հարկերի պատուհաններն ու հնարավոր ելքերը։ Այսօր երկրորդ հարկի պատուհանից են ցատկել երեխաները, վաղը կցատկեն 3-րդ, 4-րդ հարկերից ու վնասվածք ստացողները շատ կլինեն։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍՆ-ն չեն կարողանում հետաքրքիր և արդյունավետ կազմակերպել կրթությունը դպրոցում, ապա դռներն ու պատուհանները փակելն իմաստ չունի։
Կարճ ասած՝ ոչ միայն դասից փախչող 7 աշակերտները պետք նկատողություն ստանան, այլև այն ուսուցիչը, որի դասից փախել են, տնօրենն ու ԿԳՄՍ նախարարը, որոնք այնքան վատ են կազմակերպում կրթությունը, որ երեխաները 2-րդ հարկից ցատկելով փախչում են դասից։ Իսկ Փաշինյանը կարող է ներողություն խնդրել ժողովրդից, որ իր ապաշնորհության, անհետևողականության, սխալների պատճառով երեխան վնասվածք է ստացել։
Թաթուլ Մկրտչյան