Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.
Ինչու՞ էր պետք Հայաստանի խորհրդարանի հայտարարությունը՝ օգոստոսի 8-ին աջակցության, խաղաղության փայփայման եւ այլնի մասին, որ կազմում է օգոստոսի 8-ից հետո կառավարող ուժի նախընտրական քարոզչության ուղենիշը:
Ասել, թե քարոզչությունն առանց դրա պակաս էր, նվազ էր, իհարկե չի լինի ճիշտ: Խորհրդարանի այդ հայտարարությունը ըստ էության ոչինչ չի փոխում այդ համատեքստում: Հասկանալի է, որ ներքին սպառողի համար չկա որեւէ նշանակություն՝ խորհրդարանն այդ հայտարարությունն ընդունել էր, թե ոչ:
Մինչդեռ, հայտարարությունն ընդունելու համար հրավիրվում է արտահերթ նիստ: Այլ կերպ ասած, եթե «չեն շտապում» ընդունել հայտարարությունը, ապա առնվազն չեն ուզում «ուշացնել» դրա ընդունումը:
Հետեւաբար, ըստ իս հայտարարությունը ուներ արտաքին հասցեատեր: Եվ այստեղ առաջարկում եմ ուշադրություն դարձնել հանգամանքին, որ խորհրդարանն այդ հայտարարության արտահերթ նիստը հրավիրում է այն օրվա հաշվարկով, երբ Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին մասնակցում են թե Նիկոլ Փաշինյանը, թե Իլհամ Ալիեւը, եւ թերեւս վաղօրոք ծրագրված էր նրանց զրույցը այդ գագաթնաժողովի կուլուարում:
Հարց կառաջանա, թե ի՞նչ կապ ունի կամ կարող է ունենալ խորհրդարանի հայտարարությունը: Միթե՞ առանց դրա չէր կայանա զրույցը: Չգիտեմ, գուցե եւ չկայանար, կամ՝ կայանար մեկ այլ տրամաբանությամբ:
Պարզապես, հարկ է հիշել, որ Հայաստանի վարչապետը դե ֆակտո պետության առաջին դեմքն է, բայց դե յուրե պետության առաջնային մանդատ կրող միակ ինստիտուտը՝ խորհրդարանն է: Վարչապետը նշանակովի պաշտոնյա է: Նրան նշանակում է եւ վերահսկում խորհրդարանը: Այո, հասկանալի է, որ դե ֆակտո Հայաստանի խորհրդարանը վարչապետի «կնիքն» է, բայց, միեւնույն է, քաղաքականությունից հասկացողը հիանալի հասկանում է իրավունքի ուժը: Իսկ Ալիեւը հասկանում է քաղաքականություն, մեղմ ասած: Չեմ բացառում, որ ներկայիս փուլում Հայաստանի խորհրդարանի՝ առնվազն քվեարկված եւ հետեւաբար իրավական կարգավիճակ ունեցող հայտարարության մակարդակի պատասխանատվությունը կարող էր լինել հենց Ադրբեջանի ակնկալիքը, կամ պարզապես պայմանը: