ԱԺ-ն հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարությունը։
ՔՊ-ի առաջարկի իմաստն այն էր, որ ԱԺ-ն հայտարարությամբ դիրքորոշում արտահայտի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ, ցույց տալով, թե օրենսդիր մարմինը ողջունում է Փաշինյանի կուրսը, որ կասկած չառաջանա օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունների օրինակարգության վերաբերյալ։ ԱԺ-ն այսպիսով ցույց է տալիս, որ ժողովրդի ներկայացուցիչները ողջունում են, կարևորում օգոստոսի 8-ին ձեռբերվածը, երախտագիտություն հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Ուշագրավ է հայտարարության վերջին պարբերությունը, որտեղ ԱԺ-ն «կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից՝ հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար»:
Ենթադրելի է, որ կոչ անելով չեն սահմանափակվի ու նաև ճնշումներ կլինեն այն մարդկանց նկատմամբ, ում ուղղված է կոչը։
Այսպիսի ճնշումներ կիրառվել են գրեթե բոլոր պարտություներից, զավթումներից հետո։ Գերմանացիները 1945-1989-ը երազում էին, որ մի օր Գերմանիան միավորվելու է և ազատագրվելու խորհրդային բռնազավթումից։ Երազանքն իրականացավ 1989-ին։ Մինչ այդ խորհրդային օկուպացիայի հատվածում հալածանքի էին ենթարկվում Գերմանիայի միավորման, ազգային իրավունքների մասին խոսողները։
Մոսկվայի մարտի 16-ի թուրք-ռուսական Եղբայրության պայմանագրով ռուսները պարտավորվել էին ապահովել, որ հայերը Թուրքիայի դեմ չգործեն, չխոսեն 1918-1920-ի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների վերադարձի, Ցեղասպանության, գաղթականների վերադարձի, գույքային իրավունքների մասին։ Օրինակ՝ 1939-ին Թուրքիան նոտա հղեց, իբր Երևանում կանգնեցված Սասունցի Դավթի արձանի սուրն ուղղված է Թուրքիայի դեմ։ Արձանը հանվեց ու փշուր-փշուր արվեց, իսկ քանդակագործ Երվանդ Քոչարը ԽՍՀՄ-ի եղբայր Թուրքիայի դեմ սուր պարզելու համար կալանավորվեց ու 2 տարի 2 ամիս անցկացրեց բանտում։
Ո՞ւմ գործողությունները կամ ի՞նչ խոսույթ է խորհրդանշում կամ վերաձևակերպում հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Այստեղ կարող է գործել բումերանգի էֆեկտը։
Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշն է։ Նրան նայող մարդը միանգամից հիշում է նրա սխալ արտաքին, անվտանգային քաղաքականությունը, որը հանգեցրեց պատերազմին ու պարտությանը։ Մարդիկ հիշում են հաղթելու մասին նրա խրոխտ կոչերը, «Արցախը Հայաստան է և վերջը», նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը, Արցախի զավթումը, հայ ժողովրդի բռնի տեղահանությունը Արցախից, ՀՀ ինքնիշխան տարածքների զավթումը և այլն։ Եվ ՀՀ քաղաքացին, բնականաբար, մղվում է արցախցիների վերադարձի իրավունքը պաշտպանելուն, գերիների ազատ արձակմանը, ՀՀ ինքնիշխան տարածքների ազտագրմանն ուղղված քայլերի։ Այս հարցերը մնում են չլուծված։ Այս խնդիրների արդար կարգավորումից հետո խաղաղություն կհաստատվի։ Սա հասկանում են բոլորը։ Այսինքն՝ ոչ թե ՀՀ սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղություն կհաստատվի, այլ պատերազմի արդյունքում ծագած խնդիրների արդար, արժանապատիվ լուծումից հետո։
Այսինքն՝ Փաշինյանի կառավարությունն ու նրան աջակցող ԱԺ ՔՊ խմբակցությունը, խորհրդանշելով պարտությունը, անգործություն դրսևորելով ՀՀ ինքնաիշխան տարածքներն ազատագրելու, գերիների ազատման հարցում, անիրատեսական համարելով արցախահայերի վերադարձը, նպաստում է, որ կոնֆլիկտը չավարտվի ու վերսկսկվի։
Պարզ ասած՝ ԱԺ հայտարարության վերջին պարբերության մեջ տեղ գտած կոչի թիրախը Փաշինյանն է։ Ուստի՝ հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակները, անսալով ԱԺ կոչին և հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար 2026-ին կընտրեն անկախության ու ժողովրդավարության ջատագով ուժերին, ոչ թե Փաշինյանին, որը կարող է նույն սխալները գործել, փոքրոգությամբ տրվել Կրեմլի թելադրաքներին, ՌԴ շահերը գերադասել, կրկին բորբոքել կոնֆլիկտն ու աղետներ պատճառել ազգին, ժողովրդին, մարդկությանն ու քաղաքակրությանը։
Թաթուլ Մկրտչյան