copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 21:25 30-09-2025

«Վարժական» հավաքները քաղաքական և կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում

«Տեսե՛ք, պահեստազորի հավաքները, որոնք պաշտոնապես կոչվում են ուսումնավարժական հավաքներ, իրականում սովորական վարժանքներ չեն, քանի որ այնտեղ մարդիկ մասնակցում են մարտական ծառայության՝ մարտական հերթապահության»,- Oragir.News-ին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի կողմից պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացված նախագծերին, որոնց նպատակն է խստացնել պատիժները վարժական հավաքներից խուսափելու համար։

Վրթանեսյանը նշեց, որ այս պրակտիկան փաստացի երկարացնում է պարտադիր զինծառայությունը. «Դա նշանակում է, որ պարտադիր զինծառայությունը դառնում է ոչ թե 2 տարի, այլ լրացուցիչ ժամանակ։ Մյուս խնդիրն այն է, որ պահեստազորի հավաքներին կանչելը կատարվում է պատահականությամբ՝ օրենքով հստակ կարգավորված չէ։ Մեկին կարող են կանչել մի քանի անգամ, մյուսին՝ ընդհանրապես չկանչել։ Սա լուրջ խնդիր է, որը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր և քաղաքական ճնշումների հնարավորություններ»։

Փորձագետը հիշեցրեց, որ նախկինում արձանագրվել են դեպքեր, երբ իշխանական պատգամավորները սպառնացել են կամ հայտարարել, որ ցույցերին մասնակցող մարդկանց տանում են հավաքների. «Այդ պարագայում հավաքների քաղաքական նպատակ նույնպես կա»։

Վրթանեսյանը խոսեց նաև պատժամիջոցների խստացման մասին. «Վերջերս ընդունված փոփոխությունների համաձայն՝ ծանուցումները համարվում են ազդարար կայքով տված ծանուցումներ։ Բայց Հայաստանում շատերը նույնիսկ չգիտեն այդ կայքի գոյությն մասին և չեն կարող օգտվել դրա հնարավորություններից։ Ստացվում է, որ մինչև 50 տարեկան բոլոր զինապարտ տղամարդիկ պետք է մշտապես ստուգեն ազդարարը, ինչը ենթադրում է լրացուցիչ անձնական տվյալների տրամադրում, քարտեր և այլ պրակտիկ քայլեր։ Այս համակարգը սահմանափակ է և բավականին բարդ՝ բազմաթիվ քաղաքացիներ չեն կարող դրանից օգտվել, և դժվար է գտնել անհրաժեշտ տեղեկությունները»։

Նա շեշտեց, որ նախագծով առաջարկվող խստացումները ոչ մի երաշխիք չեն տալիս, որ դրանք վերաբերվելու են կոնկրետ մարդկանց, այլ նպատակ ունեն ընդհանուր աշխատանքի արդյունավետությունը բարելավելու. «Ազդարար համակարգը բարդ է, շատերը չեն կարող դրանից օգտվել, որոնման համակարգն էլ խնդիրներ ունի։ Մարդը պետք է փորձի հասկանալ, ստուգի, բայց ծանուցում չունի. այս ամենը խնդիրներ է ստեղծում»։

Մեկ այլ խնդիր, ըստ Վրթանեսյանի, օրենքում ռազմական ոստիկանության լիազորությունների ավելացումն է. «Իշխանությունները հերթական անգամ փորձում են ռեպրեսիվ ապարատը մեծացնել և իրենց հնարավորություններն ավելացնել»։

Փորձագետը պատմեց նաև համեմատականների մասին. «Օրինակ՝ ԱՄՆ-ում կա ազգային գվարդիա. մարդիկ գրանցվում են կամավոր, ստանում որոշ արտոնություններ և պարտավոր են ժամանակ առ ժամանակ մասնակցել վարժանքների, անհրաժեշտության դեպքում՝ մարտական հերթապահության։ Սկանդինավյան երկրներում տարածքային պաշտպանության զորքերում ընդգրկվածները նույնպես կամավոր են, մասնակցում են և՛ վարժանքներին, և՛ մարտական գործողություններին։ Վրաստանում էլ նման պրակտիկա կա, բայց այնտեղ գործում է կամավորության սկզբունքը, իսկ մեզ մոտ խնդիրը պարտադիրությունը և ընտրության համակարգի անորոշությունն է, որը թողնում է հնարավորություններ կամայականությունների համար»։

Վրթանեսյանը նկատեց նաև իշխանությունների կողմից իրար հակասող քայլեր. «Հակասություն կա՝ հայտարարում են, որ պարտադիր զինծառայությունը կրճատելու են 2 տարուց մինչև 1,5 տարի, բայց միաժամանակ չեն վերացնում մարտական հերթապահությունը պահեստազորի հավաքներին. սա նշանակում է, որ անհրաժեշտ անձնակազմը լրացնելու համար կրկին կանչվելու են պահեստազորայինները՝ իրականում մարտական հերթապահություն կատարելու համար»։

Վերջում նա հարց բարձրացրեց. «Երբ ժամկետային զինծառայողների ծառայությունը կրճատվում է 2 տարուց 1,5 տարի, դա նշանակում է, որ նույնիսկ ավելի շատ մարդ պետք է մասնակցի այդ հավաքներին, որպեսզի լրացնի բացերը։ Առանց այդ էլ մամուլում բազմաթիվ տեղեկություններ կան, որ որոշ հատվածներում պահեստազորայինները ստիպված են եղել ամիսներով լինել դիրքերում։ Հիմա, այս պայմաններում, ինչքանո՞վ է ռացիոնալ ավելին կրճատել զորքի թվաքանակը»։