Մշակույթ Տեսանյութ 1 տարի առաջ - 22:15 22-09-2025

Մշակույթը կարող է մեզ միավորել․ Աննա Մարգարյանի և սաների ցուցահանդեսը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

Այսօր Նարեկացի արվեստի միությունում բացվեց «Դարերի կենդանի շունչը» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է մանրանկարիչ-կրկնօրինակող Աննա Մարգարյանի և նրա սաների աշխատանքները։ Ցուցահանդեսի նպատակն է հիշեցնել հայ մանրանկարչության դարավոր ավանդույթները և ընդգծել դրանց արդիականությունը՝ ժամանակակից աշխարհում:

Oragir.News-ի հետ զրույցում Աննա Մարգարյանը պատմեց, որ շուրջ 15 տարի աշխատել է Մատենադարանում՝ որպես մանրանկարիչ-կրկնօրինակող։ 2021 թվականին նա հիմնադրել է իր սեփական ստուդիան, որը Հայաստանում եզակի է նրանով, որ նախատեսված է մեծահասակների համար։

«Երեխաների խմբակներ շատ կային, բայց մեծահասակների համար նման հնարավորություն գրեթե չկար։ Ինձ համար զարմանալի էր տեսնել, թե որքան շատ տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ հետաքրքրությամբ մոտեցան մանրանկարչությանը։ Կարևոր պայմանը նկարչության նկատմամբ ունեցած հետաքրքրությունն է և հայ մշակույթի նկատմամբ սերը, իսկ մնացածը ես արդեն շատ կարճ ժամանակում, քայլ առ քայլ սովորեցնում եմ»,- նշում է Մարգարյանը։

Ստուդիան, որի գործունեության հինգ տարին կլրանա շուտով, արդեն հասցրել է ճանաչում ստանալ՝ 2023 թվականին արժանանալով «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին։ Աննա Մարգարյանի խոսքով՝ իրենց մոտ սովորում են ոչ միայն Հայաստանից, այլև սփյուռքից ու նույնիսկ օտարերկրացի ուսանողներ։ «Ունենք աշակերտներ, որոնք Հայաստան գալիս են մեկ ամսով և այդ ընթացքում ամբողջովին նվիրվում մանրանկարչությանը։ Բացի այդ, գործում են նաև առցանց դասեր՝ հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են կապը պահել իրենց արմատների հետ: Մենք նկարում ենք հիմնականում թղթի վրա, մագաղաթի վրա, այսինքն սովորեցնում եմ իրենց նկարել համ հին ձևով, համ ավելի ժամանակակից ստեղծագործական ձևով, բայց ամեն դեպքում մեր հիմքը մնում է հայ ավանդական դասական մանրանկարչությունը», - նշում է Մարգարյանը։
Նարեկացի արվեստի միությունում բացվող ցուցահանդեսը Մարգարյանի առաջին համատեղ նախաձեռնությունն է իր սաների հետ։

«Ես երբեք անհատական ցուցահանդես չեմ ունեցել։ Այս ցուցահանդեսի գաղափարը աշակերտներինս է։ Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր աշխատանքներ՝ հիմնականում՝ աշակերտներիս կողմից, իսկ իմ նկարներից՝ մեկը կամ երկուսը»,- պատմում է արվեստագետը։

Ցուցահանդեսի խորագիրը՝ «Դարերի կենդանի շունչը», խորհրդանշում է ժամանակների միջով փոխանցվող մշակութային ժառանգությունը։

«Այս դժվարին պահերին մեր մշակույթը մեզ կարող է միավորել, որպես միավորիչ ուժ, որպես արմատներից չհեռանալու նախաձեռնություն: Պետք է հիշենք մեր արմատները և փոխանցենք այս գիտելիքները, ավանդույթները, ինչ որ մենք ժառանգել ենք մեր նախնիներից, փոխանցենք հետագա սերունդներին»,- եզրափակում է Աննա Մարգարյանը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ