Շատ լավ գիտեք, որ այս իշխանությունները ստում են, այսինքն՝ իրենք էլ լավ գիտեն, որ ստում են, ուղղակի իրենց բնավորությունն է, որ պատասխանատվությունը կամ մեղքը գցում են բոլորի վրա, բայց իրենց վրա ոչինչ չեմ վերցնում։ Հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության, Արցախը որևէ կերպ չէր կարող պաշտպանել իրեն, դիմադրել, նույնիսկ քաղաքական մակարդակում որևէ հարց լուծել, որովհետև միշտ միջազգային հանրության համար հակամարտության կողմ և բանակցող կողմ ընկալվել է Հայաստանի Հանրապետությունը, և Հայաստանի Հանրապետությունը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով աջակցել է Ալիևի կողմից այս հանցագործություններին՝ Ցեղասպանությանը, հայրենազրկմանը, էթնիկ զտմանը և այլն, և իրենք, տվյալ դեպքում՝ Փաշինյանը, շատ լավ անձամբ գիտեր, թե ինչ է անում և պլանավորած է արել։ Այս մասին այսօր Եռաբլուր զինվրական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Արցախ Միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով, իշխանական շրջանակների այն պնդումներին, որ Արցախի հանձնումը տեղի է ունեցել հենց Արցախի իշխանությունների կողմից։
Oragir.News-ի հարցին՝ այդ չարաբաստիկ օրվանից 2 տարի անց որևէ գործում քայլ տեսնո՞ւմ է, Բեգլարյանը պատասխանեց.
«Ոչ մի քայլ չի ձեռնարկվում, հակառակը, գործուն քայլեր տեսնում եմ, որ հնարավորինս վիժեցվի արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը և նույնիսկ դրա երկարաժամկետ հեռանկարի կյանքի կոչումը։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները, տվյալ դեպքում՝ Փաշինյանը, անձամբ են հրապարակային խոստովանում է, որ «դա իր տեսանկյունից լարվածության աղբյուր է, սպառնալիքի աղբյուրը, և Արցախի ժողովուրդը չպետք է վերադառնա»։