Ներքին 3 տարի առաջ - 21:06 19-12-2022

Փաստաբանների պալատը միջազգային կառույցներին կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել՝ Բերձորի միջանցքն ապաշրջափակելու համար

ՀՀ փաստաբանների պալատն իր գործընկերության հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդում (CCBE) և Իրավաբանների միջազգային ասոցիացիայում (UIA) բարձրաձայնելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն օրեր շարունակ փակելը: Այս մասին տեղեկանում է պալատի տարածած հայտարարությունից: Այն ներկայացնում ենք ստորև.

«2022 թվականի դեկտեմբերի 12-ին վաղ առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախի Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ արգելափակելով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժն Արցախ ու հակառակ ուղղությամբ:

Այս ճանապարհն արցախցիների համար կյանքի ուղի է, որը փաստացի մեկ շաբաթ է ինչ ամբողջությամբ արգելափակված է:

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները նաև փակել էին Արցախ մտնող գազատարը և Արցախի շուրջ 120.000 բնակչությանը այս ձմեռային պայմաններում զրկել, ի թիվս այլնի, ջեռուցումից:
Ակնհայտ է, որ ճանապարհը փակող անձինք ուղղակիորեն ուղղորդվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչի մասին են վկայում վերջիններիս փոխկապակցված գործողությունները:

Ադրբեջանի իշխանությունների նման սադրիչ գործողությունները հումանիտար և պարենային աղետի առաջ են կանգնեցրել Արցախի բնակչությանը: Սա Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ պետական մակարդակով քարոզվող ատելության հերթական դրսևորումն է:

Դրան զուգահեռ, այսպիսի գործելակերպը ևս մեկ վկայություն է Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության:
Փաստացի Ադրբեջանի իշխանություններն Արցախում ապրող հայերի համար միտումնավոր ստեղծում են կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են նրանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, որպիսի գործողությունը, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ.) 2-րդ հոդվածի համաձայն, համարվում է ցեղասպանություն:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ և միջազգային կառույցներին ու դերակատարներին կոչ է անում՝

Անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել անմարդկային գործողությունները դադարեցնելուն Ադրբեջանի իշխանություններին պարտադրելու ուղղությամբ,

Ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միակ երաշխիք, որն այսպիսի պայմաններում այլընտրանք չունի:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը նշված խնդիրները և հարցերը բարձրաձայնելու է իր գործընկերության հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդում (CCBE) և Իրավաբանների միջազգային ասոցիացիայում (UIA)»,-նշվում է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում