Ուղիղ եթեր
Միտք Ներքին 8 ամիս առաջ - 11:00 19-09-2025

Ու այս խելքով գրաքննելո՞ւ են արվեստը

Սարսափելի ավերածություններ է պատուհասում այն երկրին, որի քաղաքականությունը որոշողները տգետ են։ Սա հաշվի առնելով, հին ու միջին դարերում մեծ նշանակություն էր տրվում ազնվականների կրթությանը, քաղաքական գիտելիքների փոխանցմանը։

Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ մի քանի էջանոց տեքստը մատուցեց որպես «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն։ Շատերն այն անլուրջ ընդունեցին։ Սակայն օրեր առաջ պարզվեց, որ այն տեղ է գտնում Կառավարության նախաձեռնություններում, հավանաբար՝ այն պատճառով, որ Կառավարությունը Նիկոլ Փաշինյանն է։Այսպիսով՝ քաղաքականություն են որոշում, ելնելով Իրական Հայաստանի գաղափարախոսությունից։ Առաջին քայլն արեց ԿԳՄՍՆ-ն, ներկայացնելով «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը, նշելով, որ Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիրը հաճախ հակոտնյա է Իրական Հայաստանի գաղափարին։ Այս նախագծով, ենթադրաբար, գրաքննություն է սահմանվելու, ինչի մասին քննադատություններ են հնչում և՛ քաղաքական համայնքի, և՛ ստեղծագործողերի կողմից։

Սա ամենը չէ։ Նիկոլ Փաշինյանի գրած «Իրական Հայաստանի» տեքստը սեպտեմբերի 20-ին դառալու է ՔՊ նոր ծրագիրը։ Սա նշանակում է, որ այդ հիմքով Կառավարությունը որոշումներ, իսկ ԱԺ-ն օրենքներ է ընդունելու։ Իսկ եթե 2026-ին ՔՊ-ն հաղթի ԱԺ ընտրություններում, ապա «Իրական Հայաստանի» տեքստը կդառնա Կառավարության 2026-2031-ի ծրագիր։

Քննադատները բազմիցս են մատնանշել, որ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» մասին փետրվարի 19-ին հրապարակված տեքստը հեռու է գաղափարախոսություն կոչվելուց։ Որոշ ընդդիմախոսներ այն սյուռեալիստական տեքստի են նմանեցնում, լի ողջամտությանը հակասող սպեկուլյացիաներով։ Այն գուցե կարելի է ընկալել որպես հանրահավաքի համար գրված պոպուլիսատական ելույթ, բայց որպես ծրագիր կամ հայեցակարգ կիրառելը ռիսկային է։

Այս տեքստը նույնիսկ ՔՊ-ում լուրջ չեն ընդունում։ Փետրվարից մինչ օրս գիտական համայնքը չի ներկայացրել որևէ աշխատանք Նիկոլ Փաշինյանի 14 դրույթներից որևէ մեկի վերաբերյալ։ Փոխարենն՝ օրեր առաջ ԱԺ-ն ընդունել է օրենք, որով ԳԱԱ-ն փաստացի քայքայվում և արժեզրկվում է։

Ինչո՞ւ ՀՀ-ում ոչ ոք լուրջ չի ընդունում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Եվ ինչպե՞ս են այսպիսի անլուրջ իրավիճակում գրաքննություն կիրառելու ու Իրական Հայաստանին հակոտնյա բաների առաջ փակելու պետության դռները։
Գաղափարախոսության հիմքում աշխարհընկալումն է։ Պահպանողականությունը գաղափարախոսություն է, որն ունի պատվիրաններ, արժեհամակարգ, հայեցակարգեր գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ, տեսլական և երազանք։Ազատականությունը, սոցիալիզմը, անարխիզմը ևս բազմաթիվ հետևորդներ ունեն։ Տասնյակ, հարյուրավոր տեսաբաններ մշակել են այս տեսությունները տասնամյակների ընթացքում, որից հետո միայն դարձել են գաղափարախոսություն ու կիրառվել գործնականում։ Նիկոլ Փաշինյանը գրել է 14 կետերն, և իր ցուցումով էլ դրանք ներառվում են պետական, քաղաքական փաստաթղթերում։

Գաղափարախոսությունը կոնկրետ տեքստ է, որտեղ ամեն ինչ պարզ է, միանշանակ, ապացուցելի։ Այնտեղ փոխաբերական, մետաֆորիկ, խորհրդանշական արտահայտություններ չկան։ Կառավարության ծրագիր կամ հայեցակարգ կազմողն առաջին հերթին ուսունասիրում է, թե ո՞ր երկրները, ո՞ր գաղափարախոսության կրողներն ունեն այդ ոլորտի զարգացման վերաբերյալ հայեցակարգեր, ծրագրեր։ Դրանք ի՞նչ արդյունք են տվել։ Ավելի դյուրին չէ՞ր լինի Հայաստանից զարգացած ազգերից օրինակ վերցնելը, նրանց աջակցությամբ էլ կիրառելը։ Կամ դժվա՞ր է պարզել, թե աշխարհում կա՞ն այլ պետություններ, որոնք «Իրական պետություն» գաղափարախոսության վրա պետական ծրագրեր են իրականացրել։ Եթե չկան, չեն եղել, ապա ո՞ւր է մեզ տանում Փաշինյանը, դեպի հերթական փո՞սը։

Կարճ ասած՝ ողջամիտ մտավախություն կա, որ ծրագրային փաստաթղթերն ու հայեցակարգերը սյուռեալիստական տեքստի վրա կառուցելը ռիսկային է։ Մեծ ավերածություն կարող է լինել, եթե գրաքննություն սկսվի ԿԳՄՍՆ հայեցակարգը հաստատելուց հետո։ Գուցե արվեստի գործիչների զանգվածային արտագաղթից հետո Փաշինյանը հասկանա, որ սխալ բան է արել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված