Փաշինյանն ու Լուկաշենկոն կառչած են իշխանությանը։ Սակայն բռնապետ Լուկաշենկոն չի վախենում և ազատ է արձակում բանտարկյալներին։ Իսկ Փաշինյանը՝ 2018-ից ի վեր ոչ մի անգամ համաներում չի հայտարարել։
Սեպտեմբերի 16-ին՝ Բելառուսի Ազգային միասնության օրվա նախօրեին նախագահ Լուկաշենկոն ներում է շնորհել 25 մարդու, այդ թվում՝ ծայրահեղականության համար դատապարտվածների։ Մի քանի օր առաջ էլ՝ սեպտեմբերի 11-ին, Բելառուսի իշխանություններն ազատ արձակեցին 52 քաղբանտարկյալների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականի տեղակալ Ջոն Քոուլի հետ կնքված պայմանավորվածությունների շրջանակներում։
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ներում չի շնորհում քաղբանտարկյալներին, ինչի՞ց է վախենում։
Բազմաթիվ երկրներում ազգային տոնի նախօրեին համաներում է կիրառվում, առաջին հերթին՝ ազատ են արձակվում քաղբանտարկյալները։ Խնդիրը հասարակական համերաշխության ապահովումն է։ Ազգային տոները միավորում են բոլոր քաղաքացիներին։ Համաներման ենթարկվածները միանում են ժողովրդին, ուրախությամբ ու միասին նշում ազգային տոնը։ Այսինքն՝ համաներում կիրառելով, իշխանությունը նպաստում է հանրային համերաշխությանը, տոնին ներգրավելով նաև նրանց, որոնք բախում են ունեցել օրենքի, իշխանության հետ։
Համաներումը նաև մարդասիրության արտահայտություն է։ Մարդասիրական խիզախություն ունեցող իշխանությունները չեն վախենում և ազատ են արձակում պատժի մի մասը կրած ազատազրկված քաղաքացիներին։ Մարդասիրությունը վարակիչ է դառում։ Ազատ արձակվածները ևս լցվում են մարդասիրությամբ, բարիանում ու չար, անմարդկային արարքներ չեն անում։
Ի վերջո՝ համաներումը ազատության հանդեպ հարգանքի ապացույց է։ Ք.ա. 6-րդ դարում Աթենքի արքոնտ Սոլոնը մեկ հրամանով վերացրեց պարտային ստրկությունը։ Ազատությունը հիմնարար արժեք դարձավ։ Ազատությունը գերակա արժեք սահմանելու համար միլիոնավոր մարդիկ են զոհվել աշխարհում։ Հիմա մարդիկ երազում են, որ ապագայում չեն լինելու բանտեր, կալանավայրեր, բարոյական չի համարվելու մարդուն ազատությունից զրկելը, ազատությունն իրապես հաստատվելու է բարձրագույն արժեք, սրբության սրբոց։ Համաներում հայտարարող իշխանությունն անխոս միանում է այս երազանքին։
Առջևում Սեպտեմբերի 21-ն է։ Փաշինյանը ներկայանում է իբրև անկախության ջատագով, խոսում է անկախության գաղափարի շուրջ ժողովրդին միավորելու, անկախության պաշտպանության անհրաժեշտության, անկախության հարատևության մասին։ Ժողովրդի մի մասը կարծում է, թե Փաշինյանը ստում է։ Համաներում հայատարելով, նա Սեպտեմբերի 21-ն իրական, կարևոր ու անմոռանալի տոն կդարձնի նաև ազատվածների, նրանց ընտանիքների համար։
Փաշինյանը ներկայանում է նաև որպես ժողովրդավարության ջատագով։ Նրա թիմակիցներն ասում են, թե մարդիկ այսօր ավելի ազատ են, քան նախկինում։ Ի սեր ազատության՝ Փաշինյանը կարող է Սեպտեմբերի 21-ի առիթով համաներում հայտարարել, ցույց տալ, որ իրապես նվիրված է ազատության արժեքին։ Բագրատ Սրբազանին ու մյուսներին ազատ արձակելով, Փաշինյանը ցույց կտա, որ մարդասիրական խիզախություն ունի, ավելի խիզախ է, քան իր գործընկեր բռնապետ Լուկաշենկոն։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը շանս ունի Սեպտեմբերի 21-ն իրական տոն դարձնել ավելի շատ մարդկանց համար։ Նա կարող է էապես փոխել ժողովրդի բացասական կարծիքն իր նկատմամբ, ապացուցելով, որ փոքրոգի չէ, չի ատում ժողովրդին, չի վախենում ժողովրդից, պատրաստ է ներքին խաղաղության ուղղությամբ քայլեր կատարել, Իսկ եթե վախենա ու ազատ չարձակի Բագրատ Սրբազանին ու մյուսներին, ապա կապացուցվի, որ նա մարդասեր չէ, չի հարգում է ազատությունը որպես բարձրագույն արժեք, շարունակում է արհամարհել ժողովրդին, ներքին երկպառակություն հրահրել։
Թաթուլ Մկրտչյան