ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեսանյութ է հրապարակել նախարարության ֆեյսբուքյան էջում՝ նշելով․ «Այբբենարանում Մաշտոցը չկա պնդումը կեղծ է»։
Նա ասում է․ «Ինչ ուսումնական տարին սկսվել է, ահազանգեր ենք ստանում, որ նոր Այբբենարաններում չկա որևէ հիշատակում Մաշտոցի մասին, բացակայում է այբուբենը որպես ամբողջական պատկեր, և առաջարկում եմ միասին տեսնել՝ իրականում ինչ է տեղի ունենում և ինչ կա ու ինչ չկա Այբբենարանում»։
Նա միացնում է Այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութը և նշում․ «Ինչպես տեսնում եք՝ Մաշտոցը ոչ միայն Այբբենարանում առկա է, այլ հատուկ հենց իր ներկայացման համար տեսանյութ է մշակված, որը նաև երեխային այն փուլում, երբ բոլոր տառերը չգիտի և չի կարող տեքստեր կարդալ, պարզ ու հասանելի բացատրում է, թե ինչ նշանակություն ունի նա և ընդհանրապես ինչ պետք է սովորի Այբբենարանից»։
Խնդիրներն ու ասելիքը շատ են։ Նախ՝ տիկին Անդրեասյանը մանիպուլացնում է՝ նշելով, թե պնդումը կեղծ է։ Ոչ, պնդումը կեղծ չէ։ Փաստացի նկարի փոխարեն կա միայն QR կոդ, որի տպավորիչ լինելը մի քանի անգամ զիջում է իրական պատկեր ունենալու տպավորությանը։
Բացի այդ, ԿԳՄՍ նախարարի սուտը փաստում է գրքի հեղինակներից հենց Աստղիկ Բալայանը, ով ստիպված էր խոստովանական հայտարարություն տարածել` ի պատասխան Կարին Տոնոյանի մտահոգությունների․ «Հարգելի՛ տիկին Կարին Տոնոյան, ինչ խոսք, միանգամայն ընդունելի է Ձեր դիտարկումը, որ Հայոց այբուբենը ստեղծողի նկարը պետք է լինի սովորողների առաջին դասագրքում, և, անկասկած, այդ բացը կլրացվի ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ հաջորդ հրատարակությունում։ Շնորհակալություն անչափ արժեքավոր դիտարկման համար…»։
Ցավոք, խնդիրը միայն մանիպուլացիան ու սուտը չէ։ Նախարարության անհեռատեսությունը փաստացի վտանգում է երեխաների առողջությունը, քանի որ նմանատիպ գործելակերպի հետևանքը երեխաներին ժամանակից շուտ վիրտուալացնելն է։
Ըստ
Oragir.News-ի հետազոտության՝ մինչև 10 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում սմարթֆոններից օգտվել։ Առավելագույնը, ինչ կարելի է անել, զանգելն է։
Այս մասին
Oragir.News-ը զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, ով նշեց, որ միանշանակ ճիշտ է, որ երեխաներին չի կարելի սմարթֆոններից օգտվել այդ տարիքում, բայց նաև խնդիր է երկրի սոցիալ–տնտեսական վիճակը։
«Ցանկալի չէ, որ երեխաները հատկապես այդ տարիքում օգտագործեն սմարթֆոններ։ Առավելևս, որ շատ ու շատ ընտանիքներ այդ հնարավորությունը չունեն։ Երկրորդ խնդիրը, որ անընդհատ կա և ծագում է, դա ինտերնետի հասանելիության խնդիրն է։ Ինտերնետի հասանելիություն, պաշտոնական տվյալներով, ունի մեր տնային տնտեսությունների ոչ ավելի, քան 80 %-ը։ Էլ չենք խոսում այդ տարիքի երեխաների մասին։ Այսինքն՝ այստեղ ևս խնդիր կա․ երեխաները չեն կարողանա իսկապես օգտվել այդ ամեն ինչից։ Սա էլ երկրորդ խնդիրը»,- ասաց նա։
Ըստ Մխիթարյանի՝ երրորդ խնդիրն այն է, որ Մեսրոպ Մաշտոցն ու գրերի գյուտը այն կարևոր արժեքներն են, որոնք պիտի լինեն դասագրքերի շապիկին, ոչ թե QR-ով բացվեն. «Այն մեր ազգային կարևոր արժեքն է, որ չի կարելի թույլ տալ, որ ինչ–որ QR-ով մտնեն, որի մասին շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է, որ դրանով հասանելի դառնա մեր երեխաներին։ Դա պետք է լինի ոչ միայն դասագրքի մեջ, այլ դասագրքի շապիկին, որովհետև մեր երեխաները, նաև մեզնից յուրաքանչյուրը, շատ–շատ գնահատում է։ Եվ յուրաքանչյուր նկար այնպես է ընկալում, որ իր ամբողջ կյանքում դա մնալու է իր տպավորություններում։ Նորից եմ ասում՝ նա ոչ միայն պիտի լինի դասագրքի մեջ, այլ շապիկի վրա»։
Այսպիսով, կարևոր է արձանագրել մի քանի փաստ․ նախ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իսկապես մանիպուլացնում է ժողովրդին, երկրորդ՝ ոչ բոլորը հնարավորություն ունեն տվյալ հեռախոսներին ու ինտերնետին հասանելիություն ունենալու, և երրորդ՝ առաջին դասարան հաճախող երեխաները ընդամենը 6 տարեկան են, մինչդեռ ըստ ուսումնասիրությունների՝ մինչև 10 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում օգտվել սմարթֆոններից։
Բայց նաև խնդիր է այն հանգամանքը, որ երեխաներից շատերը չեն կարող ինքնուրույն օգտվել այդ QR-ներից, քանի որ նրանց պետք կգա ծնողի օգնությունը։ Մինչդեռ ծնողները չեն կարող մշտական մասնակցություն ունենալ երեխաների դաս անելուն։
Մանրամասները՝ տեսանյութում: