copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 13:30 04-09-2025

Երեխաս շուտով կծնվի, բայց ապրուստից զրկվել ենք․ Սվերդլովում տզերի պատճառով կովեր են սատկել

Oragir.News-ն ահազանգ է ստացել Լոռու մարզի Սվերդլով գյուղից։ Գյուղի բնակիչ Հասմիկ Այվազյանի խոսքով՝ տիզերի տարածման հետևանքով գյուղացիների մեծ մասի խոշոր եղջերավոր անասունները վարակվում են։ Սակայն ամենամեծ կորուստը կրել է հենց իրենց ընտանիքը։

«Անասունները դաշտում արածելիս տիզերի են կպնում ու վարակվում։ Եթե անասնապահը ժամանակին նկատում է, և անասնաբույժի օգնությամբ միջոցներ են ձեռնարկվում, ապա որոշ դեպքերում հնարավոր է լինում փրկել կենդանիներին։ Բայց շատ հաճախ կենդանիները սկզբնական շրջանում հիվանդության նշաններ ցույց չեն տալիս։ Եվ միայն ուշ շրջանում է պարզվում, որ վիճակը լուրջ է։ Վերջին օրերին մեր գյուղում արդեն 8 անասուն է ոչնչացել, որից 3-ը մեր ընտանիքինն է։ Սա շատ մեծ կորուստ է մեզ համար»,– ասում է նա։

Հասմիկ Այվազյանի խոսքով՝ նման խնդիրներ եղել են նաև նախորդ տարիներին, բայց այս վերջին մոտ 20 օրում իրավիճակը չափազանց լուրջ է դարձել․

«Էսպիսի դեպքեր եղել են, բայց ոչ այս չափով։ Հիմա՝ վերջին 20 օրերին, միայն մեր համայնքում ահագին կորուստներ կան։ Նույն խնդիրներն ունեն նաև հարևան համայնքներում»։

Նա նշում է, որ անասնաբույժները տեղում այցելել և փորձել են բուժօգնություն ցուցաբերել, սակայն արդյունքը հաճախ չի լինում․

«Մենք անընդհատ անասնաբույժի հետ կապի մեջ ենք եղել, բայց շատ կենդանիների փրկել չի հաջողվել։ Մորթված կենդանիներից մեկի ներքին օրգանները ամբողջությամբ վնասված էին՝ լյարդը սևացած, ստամոքսը քարացած։ Միսը, ըստ անասնաբույժների, վտանգավոր չէր օգտագործման համար, բայց դա մեզ արդեն չէր օգնում, քանի որ կորուստն անդառնալի էր»։

Հասմիկ Այվազյանը դժգոհ է նաև համայնքային ու պետական աջակցությունից․

«Երեկ դիմեցինք վարչական ղեկավարությանը։ Պատասխանեցին, որ կարող են 40.000 դրամ տրամադրել որպես օգնություն։ Բայց մեր կորուստը դրանից շատ ավելի է։ Ասացի՝ էդ գումարով 1 ամիս կարող եմ ապրանք գնել, բայց հետո՞։ Մեր ապրուստի հիմնական աղբյուրը ոչնչացել է։ Ավելին՝ մենք սպասում ենք երեխայի, և առաջիկայում ծախսերն ավելի շատ են լինելու։ Էդ գումարով պարզապես ուզում են մեր բերանը փակել»։

Գյուղաբնակ կնոջ խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ բնակիչների խնդիրները համարժեք արձագանք չեն գտնում իշխանությունների կողմից.

«Մի քանի ամիս առաջ էլ կարկուտից տանիքներս վնասվեցին, բայց ոչ մի փոխհատուցում չտրամադրվեց։ Մարդկանցից հարկ ու տուրքեր են հավաքում, արոտավայրերի համար վճար ենք տալիս, իսկ երբ կորուստ է լինում, ոչ ոք չի կանգնում մեր կողքին։ Գյուղացիների խնդիրները մնում են առանց ուշադրության»։