Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և նրա ծնողների՝ Քուպար և Զուրբա Բաքոյանների հայտարարագրերը։
Հիշեցնենք, որ Ռուստամ Բաքոյանը ազգությամբ եզդի է, վերջինս 7-րդ և 8-րդ գումարումների ԱԺ պատգամավոր է ընտրվել է ազգային փոքրամասնությունների բաժին հասնող քվոտայով։ Նա ներկայումս կատարում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պարտականությունները, քանի որ ՔՊ-ն պաշտոնանկ էր արել հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Թագուհի Թովմասյանին։Որպես անշարժ գույք՝ Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, որը նա գնել է 2019 թվականի մայիսի 22-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանում, որը գնել է 2023 թվականի դեկտեմբերի 5-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորն ի սկզբանե չի հայտարարագրել, սակայն նշել է, որ 90 օրից ավելի տիրապետում է 2009 թվականի NISSAN մակնիշի ավտոմեքենայի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։
Բաքոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 513․858, տարեվերջին՝ 960․403,8 դրամ։ Բացի այդ, նա հայտարարագրել է խոշոր կանխիկ գումար․ տարեսկզբին՝ 29 մլն 600 հազար դրամ և 28 հազար դոլար, տարեվերջին՝ 40 մլն դրամ և 35 հազար դոլար։
2024 թվականի հաշվետու տարում Բաքոյանի եկամուտները կազմել են 25 մլն 15․140 դրամ, որից 10 մլն 679․140 դրամն ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 4 մլն 700 հազար դրամը՝ Ամերիա բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունը, 636 հազար դրամը՝ կենսաթոշակը։ ՔՊ-ականը ևս 9 մլն դրամ հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ չմանրամասնելով դրա ծագումը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 36 մլն 544․174 դրամ։
Բաքոյանն իր եկամուտներից 4 մլն 700 հազար դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգմանը։
ՔՊ-ականի հայրը՝ Զուրբա Բաքոյանը, անշարժ գուքի բաժնում հայտարարագրել է որդու հայտարարագրած առանձնատունը՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 150, տարեվերջին՝ 950 դրամ, իսկ կանխիկ միջոցներ առհասարակ չի հայտարարագրել։
Ռուստամ Բաքոյանի հոր տարեկան եկամուտը կազմել է 487.800 դրամ, որը նրա կենսաթոշակն է։
Պատգամավորի մայրը՝ Քուպար Բաքոյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 սեփական տուն՝ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում՝ գնված 2019 թվականի մայիսի 22-ին։ Տարեվերջին այս տունը պահպանվել է։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 300 դրամ, տարեվերջին՝ 700։ Նա հայտարարագրել է նաև բավականին խոշոր կանխիկ գումար․ տարեսկզբին 45 մլն 500 հազար դրամ, տարեվերջին՝ 63 մլն դրամ։
ՔՊ-ական պատգամավորի մոր տարեկան եկամուտը կազմել է 20 մլն 479․400 դրամ, որից 479․400 դրամը նրա կենսաթոշակն է, իսկ 20 մլն դրամը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ չհստակեցնելով, թե ինչ։