Ինտրիգը բացահայտված է։ 21 օր լարված սպասումներից հետո Կառավարությունը օգոստոսի 29-ին հրապարակեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման 3 հուշագրերը՝ ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին։
Երեք հուշագրերն էլ միջազգային անվտանգության ապահովման առումով՝ մեծ նշանակություն ունեն և ակնհայտ չեն համընկնում ռուսական շահերի հետ, ինչը, տեսականորեն, կարող է հակազդեցություն առաջացնել։ Սակայն ամենախնդրահարույցը 3-րդն է։ Ի՞նչ նշանակություն կունենա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին հուշագիրը, և ի՞նչ ռիսկեր կան։
Այստեղ միանգամից ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ուղղակի ներգրավվելու ՀՀ սահմանային անվտանգության ապահովման հարցում։ «Սույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ ՓՀ) նպատակն է փոխգործակցել Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ Մասնակիցների միջև ներդրումների, ռեսուրսների, վերապատրաստման և գործընկերության միջոցով»,- գրված է հուշագրի առաջին կետի առաջին պարբերության մեջ։
Նկատենք, որ հայ-իրանական սահմանը ԵԱՏՄ-ի մաքսային սահմանն է։ Հարավ-հյուսիս նախագծի նախապայմաններից մեկն այն էր, որ սահմաններն ու մաքսակետերը պետք է լինեն տվյալ երկրի վերահսկողության ներքո։ Այս նախապայմանները կատարելու, ինչպես նաև Արևմտյան պատժամիջոցների տակ չընկնելու համար ՀՀ-ն վերջին տարում դուրս է հրավիրել ռուսներին հայ-իրանական մաքսակետից։
Վաշինգտոնում ստորագրված հուշագրով նախատեսվող ամերիկյան ներգրավվածությունը հիմք է ենթադրելու, որ ռուսներն առաջիկայում լրիվ դուրս են գալու առաջին հերթին՝ հայ-իրանական սահմանից, քանի որ զուգահեռաբար ստորագրվել է նաև TRIPP-ը, որը վերաբերում է Ադրբեջան-Նախիջևան բացվելիք ավտոճանապարհին ու երկաթուղուն։ Այս ծրագրի ապահովման համար, ենթադրաբար, ցանկալի չէ ռուս զինվորների ներկայությունն այդ ճանապարհի վրա։
Ուշագրավ է նաև այն, որ հայ-ամերիկյան 3-րդ հուշագրի վերնագրում նշվում է Խաղաղության խաչմերուկի մասին։ Դրանով, ինչպես հայտնի է՝ նախատեսվում է բացել նաև հայ-թուրքական սահմանը։ Ուստի՝ ենթադրելի է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստան-Իրան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Նախիջևան սահմանների անվտանգությանն, այլև Հայաստան-Թուրքիա սահմանի անվտանգության բարելավման հարցում ամերիկյան ներգրավմանը։ Այս պարագայում ռուսները, ենթադրաբար, դուրս կգան նաև հայ-թուրքական սահմանից, և այն անմիջապես կբացվի։ Չի բացառվում, որ դուրս գա նաև ռուսական 102-րդ ռազմաբազան, քանի որ վերջինիս առերևույթ գործառույթը հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների պաշտպանությունն է։ Ըստ հայ-ամերիկյան հուշագրի տրամաբանության, ՀՀ սահմաններն այսուհետև պաշտպանելու է Հայաստանը, ԱՄՆ-ի հետ գործակցելով, ԱՄՆ-ի աջակցությամբ, ենթադրաբար՝ առանց ռուսների։
Սպասվում էր, որ Մոսկվան կքննադատի Վաշինգտոնյան հուշագրերը, դրանք որակելով հակառուսական և այլն։ Սակայն Մոսկվան դրական է արձագանքել, չի առարկել, նոտա չի հղել, չի սպառնացել ՀՀ-ին, ինչպես օրինակ՝ Հռոմի ստատուտին միանալու ժամանակ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանին չեն հայհոյել Կրեմլի քարոզիչները ռուսական ալիքներով։ Տպավորություն է, թե հաշտվել են, որ դուրս են գալու Հայաստանից, հանձվել են ու չեն էլ փորձում դիմադրել։
Պատկերավոր ասած՝ Մոսկվան օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանի ձեռքով կապիտուլյացիա է ստորագրել ու առաջիկա ամիսներին հեռանալու է Հայաստանից, իր տեղն ու դերը զիջելով Վաշինգտոնին։ Սակայն կա հոռետեսություն, թե Նիկոլ Փաշինյանը, որպես ռուսական շահերը սպասարկած ֆորպոստի վարչապետ, կարող է հրահրել ներքին լարվածություն, անկայունություն, ինչն արդեն սկսել է, փորձելով ձգձգել հայ-ամերիկյան հուշագրերի իրականացումը։ Եթե այս հոռետեսությունն իրականանա, ապա հայ-ամերիկյան հուշագրերը կմնան թղթի վրա, ՀՀ-ն մի քնի ամիս էլ կմնա ռուսական ազդեցության ուղեծրում, մի քանի ամսով կձգձգվի անկախության և ժողովրդավարության հարցում ազգային առաջընթացը։
Թաթուլ Մկրտչյան