«Շատ պարզ պատճառով, որովհետև ԱՄՆ նախկին վարչակազմը Նիկոլ Փաշինյանից անգամներ ավելի շատ հետամուտ էր Հայաստանի կենսական շահերի պաշտպանությանը։ Մենք լավ ենք հիշում, որ Բայդենը հենց իշխանության եկավ մի շարք հայանպաստ քայլերով հանդես եկավ և այլն»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նման կոշտ ձևով քննադատեց ԱՄՆ դեմոկրատական վարչակազմին, որի հետ նախկինում բավականին ջերմ հարաբերություններ ուներ, ավելին՝ ցանկանում էր, որ 2024-ի նախագահական ընտրություններում նրանք պահպանեին իշխանությունը։
/Ալեքսանդր Քանանյան, քաղաքագետ/Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, ով նախորդ տարիներին բավականին ջերմ հարաբերություններ ուներ ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի հետ, խստորեն քննադատեց Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Ջեյմս Օ՛Բրայենին, ով ասել էր՝ Վաշինգտոնյան հռչակագրով Ադրբեջանը ստացավ իր ցանկալին, իսկ Հայաստանը չստացավ ոչինչ և դարձավ ավելի խոցելի։ Փաշինյանը հակադարձել էր, որ Հայաստանն ամենախոցելին եղել է հենց Օ՛Բրայենի և դեմոկրատների պաշտոնավարման շրջանում, և երբեք բավարարված չի եղել նրանց արձագանքից։ Նա նաև նշել է, որ Օ՛Բրայենը մի մարդ է, որն այդ ամենի արդյունքում զրկվել է իր աշխատանքից և նրա էմոցիոնալ գնահատականներն ինքը չի պատրաստվում մեկնաբանել։Քանանյանը շեշտեց՝ մեծապես քննադատում և բացասաբար է վերաբերում Բայդենի վարչակազմին բնորոշ զգուշավորությանը, որը չափազանց բացասական դերակատարում ունեցավ Արցախի վերջնական հայաթափության հարցում։ Նա նկատում է, որ այս դեպքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատությունը մասնակիորեն իրականություն է արտացոլում․ «Բայց մենք չպետք է մոռանանք գլխավորը, որ եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը գիտակցված հետևողականությամբ հանձնում, դավաճանում և խորտակում է երկրի համար կենսական, անվտանգային նշանակություն ունեցող բոլոր ոլորտները՝ և՛ միջազգային հարաբերություններում, և՛ բանակաշինությունում, արտաքին և ներքին քաղաքականությունում, և դա անում է բացահայտ ու բոլոր հնարավոր և աներևակայելի կարմիր գծերը ոտնահարող հանդգնությամբ, ապա մենք չենք կարող ակնկալել որևէ այլ տերությունից ավելի հայանպաստ և ավելի հայաստանյան շահերին հետամուտ քաղաքականություն, քան այն, ինչ վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հետևաբար, այո՛, իհարկե, մենք կարող ենք արձանագրել, որ հենց Բայդենի օրոք է տեղի ունեցել Արցախի դատարկումը, բայց միառժամանակ մենք կարող ենք նաև ավելի կարևոր բան արձանագրել, որ Թրամփի առաջին կառավարման օրոք է եղել 44-օրյա պատերազմը և ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները՝ ի դեմս Թրամփի վարչակազմի, այն ժամանակ առնվազն կրավորապես կանաչ լույս են տվել թուրք-ռուսական, կամ ադրբեջանա-ռուսական հարձակմանը Հայաստանի դեմ։ Հետևաբար Արցախի հայաթափության հարցում, «Նոյեմբերի 9»-ի հարցում Թրամփի վարչակազմն անչափ ավելի մեղավոր է, քան Բայդենի վարչակազմը, որն ավելի ուշ է հասել իշխանության»։
Oragir.News-ի հարցին՝ Փաշինյանի կոշտ արձագանքը կարո՞ղ ենք որակել որպես Թրամփին սիրաշահելու փորձ՝ Ալեքսանդր Քանանյանը դրական պատասխանեց՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ այսօր բոլորը պետք է դատապարտեն Բայդենին, վիրավորեն և հայհոյեն դեմոկրատներին, որպեսզի Թրամփի բարեհաճությանն արժանանան։ Նա նկատում է, որ կարևոր խնդիրների լուծման համար այդ գործելաոճը որդեգրում են անգամ եվրոպական խոշոր և ազդեցիկ տերությունների ղեկավարները։
«Այսինքն՝ նրանք ստիպված պետք է ընդառաջեն Թրամփի անձի և հոգեկերտվածքի հետ պայմանավորված առանձնահատկություններին ու նույնություններին, և դա, իհարկե, շատ տհաճ է, վստահ եմ՝ նաև իրենց համար։ Այստեղ կրկին ես ասելիք չունեմ, բայց բոլոր դեպքերում, առհասարակ որևէ կարծիք արտահայտելու համար նվազագույն բարոյական և քաղաքական և քաղաքական իրավունքն է անհրաժեշտ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ամենաապիկար, ամենաթույլ, ամենասկզբունքային, գործնականում նախկին վարչակազմների կործանարար քաղաքականությունը գագաթնակետին հասցրած և երկիրն իսպառ և լիովին տապալած մի անձնավորություն, նվազագույնը պետք է հեռանա քաղաքականությունից և չգիտեմ, ինքը շատ է սիրում վերջին ամիսներին եկեղեցական խնդիրների մասին խոսել, պիտի մտնի բացարձակ ապաշխարհության վիճակի մեջ՝ գիշեր-ցերեկ աղաչելով Աստծուն և ազգին, որ նրա գլխին չգա այն հազարամյակների անեծքը՝ պայմանավորված Արցախը հանձնելու և Հայաստանի ներկա պետականությունը կործանելու հանգամանքով, որն իր և իր բոլոր թիմակիցների վրա, պատմականորեն արդեն իսկ վերահաս կերպով ծանրանում է»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան