Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:15 20-08-2025

Փաշինյանը և Ալիևը գրկախառնվել են, Թորոսյանը նախարար կդառնա, Թանդիլյանի նամակը Թրամփին․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 20-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Վաշինգտոնում կնքված համաձայնությունների և Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին: «Հակամարտությունը տևել էր 34-35 տարի: Ես ծանոթացա առաջնորդների հետ, ապա ասացի՝ ինչո՞ւ եք դուք ընհանրապես կռվում, ես չեմ պատրաստվում ձեզ հետ առևտրի գործարք կնքել, տղե՛րք, եթե դուք կռվելու եք։ Դա խելագարություն է», - պատմել է նա: Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ Օվալաձև աշխատասենյակում գտնվելիս՝ նախքան համաձայնագրի նախաստորագրումը, «փորձում էին փախչել»՝ անհարմար զգալով, սակայն վերջում գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց: «Հաճելի էր դա դիտել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, - «Ես սիրում եմ պատերազմներ դադարեցնել»: Թրամփը հերթական անգամ ընդգծել է, որ ինքն արդեն իսկ 6 պատերազմ է դադարեցրել, իսկ որոշ նախագահների չի հաջողվում նույնիսկ մեկն ավարտել: Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգների նախագահը «Ադրբեջան» անունը դժվարացել է արտասանել, իսկ Հայաստանի անգլերեն անվան՝ Armenia-ի փոխարեն ասել է «Ալբանիա»:

Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և պատմական ամուր կապերի վրա: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների բարեկամությանը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Հունգարիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում։ Հիշեցնենք՝ Վիկտոր Օրբանի պաշտոնավարման օրոք և նրա անմիջական համաձայնությամբ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ նա ազատ արձակվեց և հերոսացվեց։ Միջադեպից անմիջապես հետո այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հայաստանի խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, սակայն 2022-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերականգնեց դրանք, իսկ հունգարական կողմն անգամ ներողություն չխնդրեց Սաֆարովին արտահանձնելու ամոթալի որոշման համար։

Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Կառավարությունից տեղեկացնում են, որ նա արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգի վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընթացիկ թեմաների»,– ասված է հաղորդագրությունում։ Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Օվերչուկը դեռ նախորդ շաբաթ հայտնել էր, որ Երևան կայցելի՝ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու «որոշ նրբություններ, որոնք կապված են նախ և առաջ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ»։ Ռուսաստանի փոխվարչապետը միևնույն ժամանակ հայտարարել էր նաև, որ Մոսկվան աջակցում է Երևանին Բաքվի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերում, եթե Երևանն անհրաժեշտ է համարում:

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Վերջինս մանդատից հրաժարվելու գրությունն արդեն ներկայացրել է Ալեն Սիմոնյանին։ Թե որն է մանդատից հրաժարվելու պատճառը, Թորոսյանը չի նշել, իսկ պատգամավորի հետ կապ հաստատել չի հաջողվում․ նա չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե Թորոսյանը 1 շաբաթվա ընթացքում իր դիմումը հետ չվերցնի, ապա նրա լիազորությունները կկասեցվեն։ Մամուլը գրում է, որ Թորոսյանն առաջիկայում կվերադառնա կառավարություն, բայց ոչ իր նախկին պաշտոնին։ Ըստ հրապարակումների՝ Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, իսկ գործող նախարար Նարեկ Մկրտչյանն էլ կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Արսեն Թորոսյանի մանդատը բաժին կհասնի ՔՊ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին․ ցուցակում հաջորդը անկուսակցական Էսթեր Այվազյանն է, ով Մասիսի Մ․ Մաշտոցի անվան 1-ին հիմնական դպրոցի տնօրենն է։ Նրան հաջորդում է անկուսակցական, իմքայլական նախկին պատգամավոր Վանիկ Օհանյանը, այնուհետև՝ Գեղարքունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Վահան Զարոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: