Երեկ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրավիրած ասուլիսում հայտնեց, որ երկու օր է՝ հսկիչները ստուգումներ են իրականացնում երթուղայիններում։
«Հսկիչները շրջելու են։ Աշխատանքը, կարելի է ասել, միջազգային ստանդարտի սահմաններում է։ Նրանք զինված են համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավորություն ունեն ստուգելու՝ քաղաքացին վճարում իրականացրե՞լ է, թե՞ ոչ։ Այստեղ մենք գումարի հավաքման խնդիր չենք ուզում լուծել՝ տուգանքների տեսքով, ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն նախատեսված ուղեվարձը»,- ասաց Գրիգորյանը։
Արդյոք որքանո՞վ է իրատեսական, որ այս ծրագիրը կյանքի կկոչվի, քանի որ դեռ սեպտեմբերը չեկած՝ մայրաքաղաքի տրանսպորտն արդեն իսկ պիկ ժամերին խցանված է լինում։ Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին ավտոբուսները լեփ-լեցուն են, անգամ ոտք դնելու տեղ չի լինում։ Հսկիչների կողմից ստուգումներ իրականացնելու գործողությունները ինչպե՞ս են տեղի ունենալու այս իրավիճակում։
Oragir.News -ը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին խնդրեց գնահատել հսկիչ մեխանիզմի արդյունավետությունը։
«Այս գործընթացը մենք իրավունք չունենք քննարկել արդյունավետության տեսանկյունից։ Այն պետք է քննարկենք նախնական փուլից սկսած, և երբ նախնական փուլը սխալ ենք անում, հետո ինչ էլ անենք, լավը չի լինելու»,- խոսելով տրանսպորտային «բարեփոխումների» մասին, կարծիք հայտնեց Բաբկեն Պիպոյանը։
Շարունակելով միտքը՝ մեր հարցին օրինակով պատասխանեց․ «Երբ որ մարդը գնում է բժշկի՝ սխալ բուժում են անում, այդ սխալ բուժումն իր հերթին այլ խնդիրներ է առաջացնում։ Հիմա այդ խնդիրները լուծելու համար մի հատ միջանկյալ նշանակում են անում դեղի, այդ դեղը քննարկել իմաստ չունի, որովհետև, որպես գլոբալ լուծում, ի սկզբանե, ընտրված է եղել սխալը»։
Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին՝ թե այս տրանսպորտային քաոսում հնարավո՞ր է ստուգումներ իրականացնել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Շոուն կլինի բաց ժամերին, ազատ ժամերին, երբ, համեմատաբար, տրանսպորտում հեշտ է և հնարավոր է տեղաշարժվել։ Այդ ժամանակաընթացքում էլ կկարողանան հսկողություն իրականացնել այն մեթոդով, ինչպես որ որոշել են։ Իսկ այն ժամերին, երբ հնարավոր չէ նստել ավտոբուս կամ իջնել, որովհետև մեկի իջնելու համար մի տասը հոգի իջնում է, այդ ժամերին հսկողությունը ռեալ չէ»։
Պիպոյանի խոսքով՝ քաղաքապետարանում որոշում կայացնողները ցանկացած գնով ուզում են գումար հավաքագրել, սակայն մի պարզ բան, այնուամենայնիվ, չեն հասկանում․ «Այն, որ քիչ գումար են հավաքում, պատճառը ոչ թե այն է, որ հասարակության մեծ մասը չի վճարում, այլ այն, որովհետև հասարակության մի մասը կրկին սկսել է տրանսպորտից չօգտվել։ Այդ իսկ պատճառով, բերում են վճարման նկատմամբ հսկողության մոդելը, որպեսզի իրենց սխալը բարդեն չվճարման վրա»։
Ամփոփելով խոսքը՝ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ տրանսպորտային բարեփոխումների մասին վաղ է խոսել․ «Երբ կունենաք տրանսպորտային կազմերի քանակով օպտիմալ ցանց, նոր կարող ենք մտածել լավ տրանսպորտային համակարգ ունենալու մասին։ Քանի դա չենք արել, անկախ նրանից՝ օդորակիչն աշխատում է, թե չի աշխատում, դրա անունը տրանսպորտային բարեփոխում դնել չի կարելի»։