ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է որ 2025 թ-ի հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ 2024թ․ մայիսին՝ այդ թիվը կազմել է 180,718։ Ամենաշատը գալիս են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։ Սակայն հանրային կասկած կա, թե Հայաստան եկողների մի մասը այլ հետաքրքրություններով են հատում ՀՀ սահմանը։
«Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճի մասին պետական վիճակագրությանը կասկածելու հիմքեր չկան, սակայն կա, այսպես ասած, հարկադրված զբոսաշրջություն»,-
Oragir.News-ի հետ զրույցում նշեց Զբոսաշրջության միացյալ ֆեդերացիայի նախագահ, Seductive World Travel Agency-ի տնօրեն Սեդա Աղբալյանը։
Նա հիշեցրեց Իրանի պատերազմի օրերին արձանագրված զբոսաշրջային հոսքը․
«Նմանատիպ իրավիճակ կրկնվեց նաև վերջին շրջանում։ Իրանցիները, ինչպես միշտ, այցելում էին Նովրուզի շրջանում, բայց պատերազմական վտանգի պատճառով այս տարի ամռանը հոսքը մեծ էր։ Նույնը նկատվում է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին․ բազմաթիվ ռուսներ գալիս են Հայաստան, սակայն իրականում նրանց նպատակակետը Հայաստանը չէ»։
Աղբալյանի խոսքով՝ շատերը Հայաստան են գալիս միայն տարանցիկ նպատակով․
«Շատերը գալիս են Կիպրոս կամ Եվրոպա մեկնելու համար, փոխում են ինքնաթիռը, երբեմն անգամ 8 ժամից ավելի չեն մնում, բայց համարվում են զբոսաշրջիկ»։
Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ թե վիճակագրական թվերի կասկածելի բարձրացումն է, այլ մեթոդաբանական թերությունները․
«Լրատվամիջոցները պետք է հարցնեն՝ ի՞նչ մեթոդաբանությամբ է վարվում վիճակագրությունը։ Արդյոք այն համապատասխանո՞ւմ է համաշխարհային չափանիշներին։ Ո՞վ է համարվում զբոսաշրջիկ։ Մեր մոտ այցելության նպատակը չի հարցվում, մնալու տևողությունը՝ նույնպես»։
Խոսելով Հայաստանի զբոսաշրջության զարգացման պոտենցիալի մասին՝ Աղբալյանը հիշեցրեց Համաշխարհային բանկի տրամադրած 100 մլն դոլարի վարկի մասին․
«Ասվում է, որ ներդրումներ պետք է արվեն յոթ կլաստերում։ Բայց հարց է՝ ունե՞նք ռազմավարություն, որպեսզի գումարները ծախսվեն մտածված, հետևելով համաշխարհային միտումներին և ազգային շահերին»։
Փորձագետ հավելյալ ընդգծեց, որ թվայնացման դարաշրջանում կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հնարավորինս ճշգրիտ վիճակագրական տվյալներ ստանալ։ Մինչդեռ մեզ մոտ այս փուլում հստակ մեթոդաբանություն չկա։