Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ՝ Անահիտ Մինասյանի և որդու՝ Արամ Խաչատուրյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2022-ի մարտից, երբ նրա նախորդը՝ Արմեն Սարգսյանը, հանկարծակի հրաժարական ներկայացրեց։ Խաչատուրյանը նախքան դա 2021-ի օգոստոսից զբաղեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, ինչպես նաև 9 տարի՝ 2013-2022 թվականներին, եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ անդամ՝ տնտեսական հանձնախմբի ղեկավար։Որպես անշարժ գույք՝ Խաչատուրյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան և ավտոտնակ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել 2002 թվականի ապրիլի 3-ին, 2 հողամաս՝ Արաբկիր վարչական շրջանում և Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում, որոնք ժառանգություն է ստացել 2017 թվականի հուլիսի 17-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Խաչատուրյանը չի հայտարարագրել։
Վահագն Խաչատուրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 40 մլն 338․339,1 դրամ, 1089,46 դոլար և 1242,36 դոլար, տարեվերջին՝ 54 մլն 215․305,9 դրամ և 652,2 դոլար։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 200 հազար դրամ և 18 հազար դոլար, տարեվերջին՝ 1 մլն 200 հազար դրամ և 20 հազար դոլար։
2024 թվականի հաշվետու տարում Խաչատուրյանի եկամուտը կազմել են 17 մլն 154․414 դրամ, որ նախագահականից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 8 մլն 236․300 դրամ։
Խաչատուրյանի կինը՝ Անահիտ Մինասյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը գնել է 1997 թվականի հունիսի 13-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա նույնպես չի հայտարարագրել։
Անահիտ Մինասյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 859․357,76 դրամ, 1078,85 դոլար և 2480,65 եվրո, տարեվերջին՝ 1 մլն 3039,5 դրամ, 1078,85 դոլար և 2480,65 եվրո։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 4 մլն դրամ և 5000 դոլար, տարեվերջին՝ 3․5 մլն դրամ, 4000 դոլար և 3000 եվրո։
2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 712․320 դրամ, որ Սոցապ նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացած աշխատավարձն է։
Վերջիններիս որդին՝ Արամ Խաչատուրյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 314․801 դրամ, տարեվերջին՝ 74․070 դրամ։ Վերջինիս հայտարարագրած կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 4 մլն 500 հազար դրամ, տարեվերջին՝ 4 մլն 250 հազար դրամ։
Բացի այդ, Արամ Խաչատուրյանը հայտարարագրել է 640 միավոր XRP-Ripple տեսակի կրիպտոարժույթ, որի արժեքը տարեվերջի դրությամբ կազմել է 1331 դոլար։
2024 թվականի հաշվետու տարում Արամ Խաչատուրյանի եկամուտը կազմել է 8 մլն 590․408 դրամ, որն Արմենիան Քարդ ընկերությունից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 600 հազար դրամ։