Երևանում Արցախի ներկայացուցչության շենքը հույս էր ներշնչում, որ զավթված հայրենիքը մի օր ազատագրելու է։ Այդ հույսն էլ շուտով կմարի։
Գլխավոր դատախազությունը հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազությունը պահանջում է Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչել։
Ինչո՞ւ են ուզում այս շենքի կարգավիճակը փոխել, կոպիտ ասած՝ խլել։
Թեմային հուլիսի 16-ի ասուլիսում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Արցախի մշտական ներկայացուցչության շենքը գույք է, որը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Այսպիսով՝ հաստատում է, որ շենքն ազատվում է և հանձնվում ՀՀ-ին Փաշինյանի ցուցումով։
Առաջին վարկածն այն է, որ Փաշինյանը սա անում է խաղաղության գործընթացն ապահովելու համար, որ Ադրբեջանն այդ պատրվակով չկարողանա ձգձգել համաձայնագրի ստորագրումը, պատճառաբանելով, թե Հայաստանը հավակնում է ազատագրել Արցախը և այլն։ Ուղիղ հակառակը՝ Փաշինյանը արցախցիների հավաքատեղիի, Արցախի պետական ինստիտուտների տեղակայման շենքի կարգավիճակը փոխելով և արցախցիներին այստեղից հանելով, ուղերձ է հղում ադրբեջանցիներին, որ վճռական է Արցախի էջը փակելու հարցում: Այսպիսով՝ զրկում է Ալիևին խաղաղության գործընթացը ձգձգելու պատրվակից։
Օրեր առաջ Երևանում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանրահավաք ու ցույցեր էր անում։ Վերջին ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը տեղեկացրեց, որ այս փուլում փողոցային պայքարի փուլը դադարեցնում են, և Խորհուրդը դուրս է գալու Արցախի ներկայացուցչության շենքից։ «Մենք նպատակահարմար չենք գտնում այս փուլում մեր գործունեությունը շարունակել Արցախի ներկայացուցչության շենքում»,- ասաց նա։ Այսինքն՝ ենթադրելի է, որ այս հարցում արդեն կա կոնսենսուս կառավարության և արցախցիների միջև։
Հանրային խոսույթում շրջանառվում է այլ վարկած։ Խորհրդային բռնազավթման տարիներին Երևանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող այս շենքում ադրբեջանական ժողովրդական թատրոն է գործել։ Եվ ենթադրվում է, որ շենքն արցախցիներից ազատելուց հետո այն դառնալու է ադրբեջանական թատրոնի շենք, որտեղ ադրբեջաներեն միջոցառումներ են կազմակերպվելու, ներկայացումներ, համերգներ, մշակութային միջոցառումներ և այլն։ Այսպիսով՝ Փաշինյանը կարող է աշխարհին ցույց տալ, թե հայ ժողովուրդն այնքան ներողամիտ ու խաղաղասեր է, որ ադրբեջաներեն երգեր, պարեր ներկայացումներ են բեմադրվում Երևանում։
Ոմանք էլ կարծում են, թե շենքը խլվում է Ադրբեջանի պահանջով։ Եվ այստեղ ոչ թե մշակութային միջոցառումներ են կազմակերպվելու ադրբեջանցիների համար, այլ այստեղ է տեղակայվելու ՀՀ-ում Ադրբեջանի դեսպանատունը, իսկ հարկերից մեկում էլ՝ այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցչությունը, որը զբաղվելու է Հայաստանից գնացած ադրբեջանցիների վերադարձի, նրանց իրավունքների վերականգնման և սոցիալական խնդիրներով։
Անուղղելի լավատեսներն էլ կարծում են, թե շենքն Ադրբեջանին չի հանձնվելու, այլ վերածվելու է Արցախի ազատության պայքարի թանգարանի։ Այստեղ է առաջին նիստերն արել Ղարաբաղ կոմիտեն։ Այս շենքի պատերի ամեն քարը մի պատմություն է Արցախի ազատության պայքարի հետ կապված։ Եվ եթե հանրային կոնսենսուս կա այս շենքն ազատելու ու սեփականատիրջը փոխելու հարցում, ապա համահունչ կլինի, եթե այստեղ այդպիսի մի թանգարան բացվի, ոչ թե որպես ռազմատուգանք հանձնվի «Արևմտյան Ադրբեջանի» կոմիտեին կամ դառնա ադրբեջանական թատրոն։
Կարճ ասած՝ Արցախի ներկայացուցչության շենքից արցախցիներին հանելն ու շենքի կարգավիճակը փոխելը Արցախի ազատության համար պայքարի պարտության մի տեսարան է, պատկերավոր ասած՝ վերջին ամրոցի անկումը։ Եվ բնական է, որ այն կսկիծով է ընկալում այդ պայքարին մեծ զոհեր տված հայ ժողովուրդը։
Թաթուլ Մկրտչյան