Ընտրություններում հաղթելու շանս ունի այն կուսակցությունը, որը համայնքներում ամուր դիրքեր ունի։ Դեռ 90-ականերից, երբ ձևավորվեցին ՏԻՄ-երը, իշխանության կուսակցությունը ուշադրություն է դարձնում դրանց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ համայնքերում կարողանա ապահովել անհրաժեշտ քվեներ։
Այսօր՝ հուլիսի 15-ին, հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընտրվել է Համայնքների միության նախագահ։ Ի՞նչ կառույց է սա։ Եվ արդյո՞ք այս ընտրությունը միտված է 2026-ի ԱԺ ընտրություններն։
Հայաստանի համայնքների միությունը հիմնվել է 1997-ին որպես հասարակական կազմակերպություն։ 2009-ին ՀՀՄ-ն վերակազմակերպվել է իրավաբանական անձանց միություն: ՀՀՄ-ն ԵՄ-ից կայուն աջակցություն է ստանում։ ՀՀՄ կայքում զետեղված միակ որոշումը վերաբերվում է ՀՀՄ ռազմավարական պլանին, որը կազմել են Յան Վիլսոնն ու Արթան Ռոջին։ Հռչակված նպատակներն են՝ խթանել տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացումը, պաշտպանել իր անդամների շահերը, ամրապնդել տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները, խթանել անդամ համայնքների միջև փոխհամագործակցությունը։
Նորընտիր նախագահ Ավինյանը, սակայն, այլ պատկերացում ունի ՀՀՄ-ի մասին։
«Համոզված եմ, որ ինքնաբավ և զարգացող համայնքներ ունենալու համար պետության և համայնքների միջև անհրաժեշտ է ձևավորել գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության և պատասխանատվության վրա։ Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունն ու ֆինանսական կայունությունը, ներկայացնելու ու պաշտպանելու համայնքների շահերը, համագործակցությամբ զարգացնելու տեղական ինքնակառավարումը»,- հուլիսի 15-ին գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։
Պետության և համայնքների միջև գործընկերային հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտություն ՀՀ-ում չկա։ ՀՀ-ում ՏԻՄ-երն առանձին սուբյեկտներ չեն, որ պետության հետ գործընկերություն անեն կամ չանեն։ Պատմության մեջ չի եղել դեպք, որ համայնքապետը վետո դնի Կառավարության որոշման վրա։ Սակայն, հավանաբար, խնդիրներ եղել են, երբ համայնքի բարձրացրած խնդրանքը Կառավարությունը չի բավարարել, խտրականություն է դրսևորել, ՔՊ-ական համայնքապետին շատ սուբսիդիա, դոտացիա են տվել, ընդդիմադիրին՝ քիչ։
Հետևապես՝ ենթադրելի է, որ Ավինյանը, խոսելով պետություն-համայնք գործընկերային հարաբերությունների անհրաժեշտության մասին, ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկա ամիսներին փող է տալու համայնքներին, ներդրումային և սոցիալական ծրագրեր է իրականացնելու համայնքներում, ճանապարհ ասֆալտապատելու, մանկապարտեզ նորոգելու, ջրագիծ անցկացնելու և այլն։ Այս ամենն իրականցնելու առաջին փուլում ՏԻՄ-երը Ավինյանին կներկայացնեն համայնքների կարիքները։ Ենթադրելի է, որ Ավինյանը, որպես Փաշինյանին մոտ կանգնած մարդ, կխոստանա կամ արդեն խոստացել է լուծել համայնքների խնդիրները, եթե համայնքապետները կխոստանան շատ քվե ապահովել 2026-ի ընտրություններում, տվյալներ հավաքել և պարբերաբար զեկուցել քաղաքական տրամադրությունների, հավաքագրված ՔՊ-ականների մասիին։ Իսկ ովքեր կհրաժարվեն այսօրինակ գործընկերություն անել Ավինյանի հետ, ապա ճնշումների կենթարկվեն, կմեղադրվեն կոռուպցիայի մեջ։
Կարճ ասած՝ ՏԻՄ-երը հարվածի տակ են հայտվելու։ ՔՊ-ն, ՀՀՄ նախագահի պաշտոնը վերցնելով, հավանաբար՝ մեծացնելու է ճնշումը ՏԻՄ-երի վրա, ստիպելով սպասարկել ՔՊ-ի հետաքրքրությունները, աշխատել Նիկոլ Փաշինյանի համար։
Կա նաև ենթադրություն, թե Ավինյանի ընտրությունը պայմանավորված է ՀՀ-ԵՄ դաշնակցային ծրագրերով։ Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ ԵՄ պաշտոնյաներն ակարկել են ՀՀ-ում 2,5 մլրդ եվրոյի ծրագրերի մասին։ Ասում են, թե այս անգամ ԵՄ-ն ՀՀ համայնքների զարգացմանն ուղղված դրամաշնորհային, ներդրումային և սոցիալական ծրագրերն իրականացնելու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև ՀՀՄ-ի միջոցով։ Այս պատճառով են Ավինյանին ընտրել նախագահ, որ ապահովի ԵՄ փողերի անվտանգությունը կոռուպցիոն գայթակղությանը չդիմացող ՔՊ-ական չինովնիկներից։ Սակայն հաշվի առնելով ԱՆԻՖ-ի հետ կապված կոռուպցիոն խորհրդավոր պատմությունը, ողջամիտ ռիսկ կա, որ այս դեպքում ևս միլիարդավոր եվրոները կանհետանան, իսկ Ավինյանը չոր կմնա։
Թաթուլ Մկրտչյան