Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում հուլիսի 13-ին հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների՝ սատկել են մեկ կով, երկու խոզ և մեկ խոճկոր։
«Դե, երևի՝ հոսանքի և քամու պատճառով է եղել հրդեհը։ Հոսանքի լարերից, միացումներից կարող էր առաջանալ հրդեհ։ Տանիքին խոտ է դրված եղել, և գիշերը հրդեհը, հավանաբար, հենց այդ խոտից է սկսվել։ Տարածքը մասնավոր սեփականություն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Վահե Գրիգորյանը։
Վերջինս նշեց, որ անասնագոմի տերը այդ պահին գյուղում չի եղել՝ մեկնել է Վրաստան հանգստի։ Սակայն համապատասխան մարմինները արդեն տեղեկացված են դեպքի մասին։ Տերը վերադարձից հետո կզբաղվի մնացած հարցերով։
«Համայնքապետարանում արդեն տեղյակ են։ Հիմա, երբ տերը վերադառնա ու գնահատի վնասը, ամբողջ համայնքը՝ սկսած ինձնից, ամեն ինչ արել են, որ հնարավորինս քիչ վնաս լինի։ Գոմում աշխատող կար, խոզերի մեծ մասը փրկվել են, իսկ խոշոր եղջերավոր անասուններ շատ չեն եղել գոմում»,- հավելեց Վահե Գրիգորյանը։