copy image url
Հայտարարագիր 4 ամիս առաջ - 22:00 12-07-2025

3 անշարժ գույք, 2 մեքենա, 24.4 մլն կանխիկ, 20 հազար դոլար նվիրատվություն, 29 մլն եկամուտ. Նարեկ Մկրտչյանի և ծնողների ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Մկրտչյանի, և իր ծնողների՝ Արշակ Մկրտչյանի և Նազիկ Զուռնաչյանի հայտարարագրերը։ Նարեկ Մկրտչյանը ամուսնացած չէ։

Հիշեցնենք՝ Նարեկ Մկտչյանը 2018-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, 2021-ի ապրիլի 29-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, իսկ արդեն օգոստոսի 2-ին՝ նախարար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Նարեկ Մկրտչյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 սեփական տուն՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որը ձեռք է բերվել 1956 թվականի հունիսի 25-ին։ Տարեվերջին սեփական տունը պահպավել է։

Որպես շարժական գույք՝ Մկրտչյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Մկրտչյանն անշարժ գույքի վաճառքով զբաղվող «Արսալեդա» ՍՊԸ-ում ունեցել է 54․297․214 դրամի փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 7 մլն 850.927 դրամ, տարեվերջին՝ 6 մլն 194.099 դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 2 մլն դրամ։

2024 թվականի հաշվետու տարում Նարեկ Մկրտչյանի եկամուտները կազմել են 29 մլն 158.050 դրամ, որից 21 մլն 522․302 դրամը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 1 մլն 610.161 դրամը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանից ստացած աշխատավարձն է, 1 մլն 464.742 դրամը՝ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկից ստացած փոխառությունը, իսկ 4 մլն 560.845 դրամը՝ ՊԵԿ-ից ստացած եկամտահարկի վերադարձը։

Մկրտչյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 542.505,1 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 6 մլն 69.069 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Պաշտոնյայի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, որպես անշարժ գույքի հայտարարագրել է համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որը ձեռք է բերել 1956 թվականի հունիսի 25-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ հողամաս՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքում, որն էլ գնել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2001 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Արշակ Մկրտչյանի բանկային հաշիվները 2024-ին դատարկ են եղել, սակայն նա խոշոր կանխիկ գումար է հայտարարագրել։

Տարեսկզբին նրա կանխիկ միջոցները կազմել են 800 հազար դրամ, 34 հազար դոլար և 5000 եվրո, տարեվերջին՝ 400 հազար դրամ, 19 հազար դոլար և 4000 եվրո։

Նարեկ Մկրտչյանի հայրը 2024 թվականին ևս ոչ մի եկամուտ չի հայտարարագրել։

Պաշտոնյայի մայրը՝ Նազիկ Զուռնաչյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միայն Փարաքար համայնքում գտնվող սեփական տունը, որին ամուսնու հետ միասին տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Զուռնաչյանը նույնպես շարժական գույք՝ ավտոմեքենա, ինչպես նաև անկանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել։

Ամուսնու նման նա ևս բավականին կլորիկ կանխիկ գումար է հայտարարագրել. տարեսկզբին՝ 12 մլն դրամ և 25 հազար դոլար, տարեվերջին՝ 11 մլն դրամ և 5000 դոլար։

Նարեկ Մկրտչյանի մայրը նույնպես ոչ մի եկամուտ չի հայտարարագրել, սակայն 2024 թվականին 20 հազար դոլար՝ շուրջ 7 մլն 726.600 դրամ նվիրատվություն է ստացել՝ չհստակեցնելով, թե ումից։