Ուղիղ եթեր
Ինքնիշխանության նվազեցում, նշաձողի իջեցում․ ինչ է նշանակում  պատվիրակել, որտեղ է ծուղակը
copy image url

Ինքնիշխանության նվազեցում, նշաձողի իջեցում․ ինչ է նշանակում պատվիրակել, որտեղ է ծուղակը

Ներքին 3 ժամ առաջ - 16:50 11-07-2025
Oragir.News-ը ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ։

- Տիկին Էլիբեգովա, Ադրբեջանը թեև Հայաստանից պոկել է հնարավոր ամեն ինչ, սակայն չի պատրաստվում ստորագրել պայմանագիր և հաստատել դիվանագիտական հարաբերություններ. Ինչո՞ւ։

- Ասել, որ չի պատրաստվում, ճիշտ չի լինի, պարզապես փորձում է մաքսիմալ իր համար շահավետ տարբերակով դա անել, որ ինչքան հնարավոր է՝ փաստաթղթի ստորագրման փուլը հետաձգելով, կարողանա կորզել իր հերթական զիջումները, որոնք պայմանագրի կետեր չեն հանդիսանում։ Չնայած՝ մենք պայմանագիրը չենք տեսել, բայց ադրբեջանական կողմն իր նախապայմանները անընդհատ բարձրաձայնում է, և մենք գիտենք, որ այսօրվա դրությամբ, օրինակ, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները պայմանագիրը ստորագրելու իրենց անկյունաքարային պահանջներից է։ Ինչո՞ւ են այդպես անում: Որովհետև Ալիևը մի քանի անգամ պնդել է, որ իր համար կարևոր է կնքելն այդ պայմանագիրն այսօրվա ժամանակավոր իշխանության հետ, որ այդ պարտադրված պայմանները կատարվեն նաև հետագայում, քանի որ վստահության խնդիր ունի։ Ինքն էլ է հասկանում, որ ներկա իշխանությունն ունի լեգիտիմության խնդիր, որ ժողովուրդը նման պայմանների հետ համաձայն չէ։ Ալիևին այդ փաստը, իհարկե, վախեցնում է։ Անընդհատ խոսվում է այն մասին, որ պետք է բացառվի Հայաստանում որևէ ռեվաշիզմ, որևէ պայքար, մնացած բոլոր օջախները պետք է ոչնչացվեն, որպեսզի Ադրբեջանը հանգիստ լինի, որ Հայաստանը երբեք վտանգ չի ներկայացնելու տարածաշրջանում, առաջին հերթին՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Այդ իսկ պատճառով փորձում են հիմնովին քանդել բոլոր արժեքավոր ինստիտուտները։ Դա նախապայմաններից մեկն է։ Դրանից բացի՝ կան այլ նախապայմաններ, որոնք Ադրբեջանը պարբերաբար հնչեցնում է, և այդ շարքը բավականին երկար է։ Նկատենք, որ ֆինանսական հատուցումների մասին է հաճախ խոսում Ալիևը։ Վերջերս թիվ հնչեցրեց, որ Հայաստանը Ադրբեջանին պարտք է 150 մլրդ դոլար․ դա վախեցնելու և ճնշում գործադրելու միջոցներից և զենքերից մեկն է։

- Ալիևի կարևոր պահանջներից մեկը Մինսկի խմբի լուծարումն է: Ո՞րն է դրա իրական նպատակը:

- Դա արվում է նրա համար, որ վերջնականապես Ալիևը վստահ լինի, որ արցախյան հարցը փակ է, որովհետև, անկախ նրանից՝ պատերազմից անցել է 5 տարի և Արցախում հայ չի մնացել, բայց, միևնույն է, Ադրբեջանում վախ կա, որ արցախյան հարցը Հայաստանում փակված չէ։ Իրենք դա հասկանում են, զգում են և բոլոր լծակներն օգտագործելու են, քանի դեռ հավատարիմ և վստահելի գործընկերներ ունեն այստեղ։

Շտապում են դա անել, նոր այդ թղթի կտորը ստորագրել։ Ինչո՞ւ եմ ասում թղթի կտոր, որովհետև մի քանի անգամ մեր վարչակարգի ղեկավարն է ասել՝ «Այո, կարող ենք ստորագրել փաստաթուղթ, բայց դա երաշխիք չի խաղաղության, կես ժամ հետո կարող է պատերազմ սկսվել»։ Այսինքն՝ նույնիսկ էստեղ Ադրբեջանի գործընկերները վստահ չեն, որ այդ խաղաղության պայմանագիրը իրական խաղաղություն է բերելու, անկախ նրանից, որ դա նրանք վաճառում են հանրության վրա որպես խաղաղություն բերողներ, հերթական զիջումները վաճառում են այդ փաթեթավորմամբ՝ «մենք ձեզ խաղաղություն ենք բերում»։ Դրա հետ մեկտեղ, իրենց էլ են ապահովագրում թե՝ այո, փորձեցինք, չստացվեց։ Էսպես իրենք անում են ամեն սխալից հետո։ Երբ իրենց բացատրում են՝ այդ ճանապարհով մի՛ գնացեք, իրենք այդ ճանապարհով գնում են, արդյունքում աղետալի հետևաքներ ենք ունենում, ասում՝ «հա, մենք չգիտենք, չէինք հաշվարկել»։ Եվ այսպես արդեն յոթ տարի։

- «Սյունիքի ճանապարհների ապապատվիրակում» ասվածի տակ ի՞նչ հասկանալ, որտե՞ղ է ծուղակը։

- Դա ինքնին հակասում է ինքնիշխանության մասին թեզին, որովհետև ցանկացած արտապատվիրակում նշանակում է երրորդ կողմին հանձնել կառավարումը։ Կուզեք՝ ասեք միջանցք, կուզեք՝ մի ասեք։ Բայց միայն այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը չի վերահսկելու իր տարածքում ադրբեջանական տրանսպորտների տեղաշարժը, արդեն ինքնիշխանության նվազեցում է, նշաձողի իջեցում։ Անկախ նրանից՝ ինչ են լցնելու հասարակության գլուխները, ինչ թեզեր են առաջ տանելու, չի կարող դա համադրվել, դա հարված է մեր ինքիշխանությանը։ Ապապատվիրակել երրորդ կողմին՝ կլինի մասնավոր ընկերություն, պետություն՝ ռազմական ներկայացավածությամբ, էական չէ։ Դա արդեն նշանակում է, որ մեր ինքնիշխանության նշաձողն իջնում է։ Եթե հիշում եք, տարիներ շարունակ ասում էին՝ այդ տարբերակը ընդունելի չէ, և միայն հայկական կողմի վերահսկողության տակ է հնարավոր ապաշրջափակումը տեղի ունենա, հետո ասում էին՝ «Զանգեզուրի միջանցք» օրակարգում չկա, սակայն Ադրբեջանի և երրորդ կողմերի առաջարկներից ակնհայտ երևում է, որ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ակտիվ պրոցեսը գնում է։ Հիմա մենք եկանք-հասանք էն կետին, որ ոչ միայն բանակցում են, այլև ՀՀ իշխանությունները համաձայնվել են իրենց առաջարկվող տարբերակների հետ։

-Ըստ իրանական լուրերի՝ Թրամփի վարչակազմը մտադիր է Հայաստանի տարածքով կեղծ «Զանգեզուրի միջանցք» ստեղծել՝ Ադրբեջանի և Նախիջևանի կապի համար՝ կառավարումը տալով ամերիկյան մասնավոր ընկերությանը։ Ունե՞ք նման տեղեկություն։ Եթե ծրագիրը իրականացվի, ի՞նչ է սպասվում Սյունիքին։

- Ոչ թե ԱՄՆ-ին է անցնելու, այլ սողացող էքսպանսիայով անցնելու է Թուրքիային և Ադրբեջանին։ Որ պահից Հայաստանը չկարողացավ վերահսկել Սյունիքով տեղաշարժը, փոխադրումները և մնացած ամեն ինչը, դա բերելու է նրան, որ կամաց-կամաց տնտեսական սողացող էքսպանսիայով գալու են և Սյունիքը պոկեն ուղղակի։ Սկզբից ճանապարհներին խանութ, հյուրանոց, ինչ-որ բիզնեսներ կվերցնեն, հող կառնեն, կամաց-կամաց այդտեղ տեղափոխելու են բնակչություն։ Չէ՞ որ Ալիևը չի էլ թաքցնում իր պլանները, որ Հայաստանի տարածքում պլանավորում է բնակեցնել 300 հազար ադրբեջանցիներ։ Իհարկե, հիմնական կուտակման կենտրոներից մեկը իրենց պատկերացումով լինելու է Սյունիքը, և փոխելու են դեմոգրաֆիական պատկերը քիչ-քիչ՝ մեզ համար աննկատ․․․ Մի օր էլ արթնանալու ենք և տեսնենք, որ ազգային փոքրամասնություն ենք մեր երկրում։ Դա պարտադիր չէ՝ անեն զենքով, հարձակումով։ Իրենք դա անելու են աննկատ, մեզ համար շատ վտանգավոր ձևով, հայաթափելու են Սյունիքը, առնելու են սյունեցիներից գույքը, որ վերջիններս տեղափոխվեն և իրենք գան այդ տեղը զբաղեցնեն։ Ինչպես դա բազմիցս արել են։

Ամենից շատ դիտված

21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
09:10 Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
17:04 8 ամսական երեխայի հետ մայրը գնալու է բանտ․ դատարանը 3 ամսով կալանավորեց նրան
23:39 Շնորհակալ եմ պրոֆեսիոնալ մոտեցման համար. Նարեկ Կարապետյանի անդրադարձը՝ Oragir.News-ի հոդվածին
22:39 Հերթական զիջումը՝ ոչնչի դիմաց. ի՞նչ է ստանալու Հայաստանը Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհից
20:44 ՌԴ-ն դուրս է մղվում, Թուրքիան՝ ամրապնդվում․ Կրեմլն աջակցո՞ւմ է խաղաղության պայմանագրի կնքմանը
23:56 Սահմանադրության խախտմամբ օտարվում է ՀՀ ինքնիշխանության մի մասը. Հայաստանը դեմ է, ՔՊ-ն է կողմ