Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռին և Վեհափառի մասին հերթական գրառումն է կատարել՝ «բացահատելով ամենակարևորը»։
«Բոլոր բանավեճերից անդին այս ընթացքում բացահայտվեց ամենակարևորը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գևորգ Աջապահյանի և էլի ոմանց կապի և առնչության ի սպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,-գրել է նա։
Մեկը մյուսին հաջորդող վիրավորական գրառումները, Եկեղեցին ու նրա սպասավորներին անվայելուչ բառամթերքով պախարակելը արդյոք չի՞ խոսում նրա հոգեկան խանգարման մասին։
Oragir․News-ը հարցի վերաբերյալ զրուցել է մասնագետի հետ։ Հոգեբան Միհրդատ Մադաթյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակին, բոլորովին չզարմացավ․
«Եթե խոսենք Փաշինյանի հոգեբանական վիճակի մասին, ապա նա ոչնչով չի տարբերվում այն Փաշինյանի հոգեվիճակից, երբ որ գալիս էր իշխանության։ Նա միշտ էլ եղել է նույն հոգեվիճակի մեջ՝ մի փոքր մոլագարային իրավիճակում, իրեն ասոցիացնելով որոշակի փրկիչների հետ։ Սա նոր չէ. տարիներ շարունակ դա տեսել ենք։ Դա նույնն է, ինչ սեկտաների լիդերների հոգեբանությունը, երբ նրանք իրենց համարում են Աստծուն ավելի մոտ կանգնած, երբեմն ասոցիացնում են նույնիսկ Աստծո որդու հետ։ Ես կարծում եմ՝ այստեղ տարօրինակ և զարմանալի բան չկա։
Փաշինյանն սկսել է մի բան, որի ավարտը ինքն էլ չի պատկերացնում։ Պախարակում է Վեհափառին, ընկել է հետևից։ Դրա շարունակությունն ինքը լավ չի պատկերացնում․․․»։
Վերլուծելով Փաշինյանի վերջին շրջանի պահվածքը՝ հոգեբանը չբացառեց, որ քննիչներին կուղարկի նաև Վեհարան՝ խուզարկություն անելու։
«Թեև՝ նա Վեհափառին ձերբակալելու պատճառ չունի, սակայն մեր օրերում որևէ մեկին ձերբակալելու առիթ պետք չէ։ Այս փուլում Փաշինյանը դարձյալ իր սեփական անհավասարկշռության մեջ է, որից ո՛չ զարմանալու, ո՛չ նեղվելու կարիք չունենք։ Մենք միայն մի բան պետք է հասկանանք, որ 18 թվականին մի անհավասարկշիռ անձնավորության, հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող մի մարդու բերեցինք իշխանության։ Վաղը կարող է Ազգային ժողով մի ծրագիր բերի, պարտադրի փոփոխություններ անել սահմանադրության մեջ, իբրև թե՝ հայերի Աստվածը Փաշինյանն է։ Չզարմանաք, որ մեծամասնությունը կողմ կքվեարկի, որովհետև այն կամակատարները, որոնք այսօր գտնվում են ԱԺ-ում, նրանք էլ չունեն սրբություն»,- եզրափակեց Մադաթյանը։