«Վեhափառ Հայրապետն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ». ֆեյք հոգևորականը ստեր է տարածել Հ1-ի եթերում
copy image url

«Վեhափառ Հայրապետն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ». ֆեյք հոգևորականը ստեր է տարածել Հ1-ի եթերում

Ներքին 6 ժամ առաջ - 19:31 28-06-2025
Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ:

Ըստ առկա տեղեկությունների՝ Հովհաննիսյանը կարգալույծ է հռչակվել 2017 թվականին՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրության հիման վրա, համաձայն որի՝ Խորեն վարդապետ Հովհաննիսյանը հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքել է:

Հովհաննիսյանը, մասնավորապես, պնդել է, թե կաթողիկոսը ռուսաստանյան հատուկ ծառայությունների գործակալ է. «1979 թվականին Գերմանիայից նրան իբրև գործակալ բացահայտել և արտաքսել են Մոսկվա՝ ձեռնաշղթաներով»։

Համաձայն Մայր Աթոռի կայքում ներկայացված՝ Գարեգին Բ-ի կենսագրական տվյալների՝ 1975 թվականին նա նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979 թվականին վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ (Ռուսաստան)՝ ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում:

Այնուհետև Հովհաննիսյանը պնդել է, թե երբ 2005 թվականին կաթողիկոսը կամեցել է այցելել Գերմանիա և հանդիպել այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելի հետ, վերջինս մերժել է հանդիպման առաջարկը՝ հենց Գարեգին Բ-ի ենթադրյալ գործակալ լինելու պատճառով։

«Անգելա Մերկելը, չլսված բան է, մերժեց նրա հետ հանդիպումը, նամակները կան, թե՛ Գերմանիայում, թե՛ Էջմիածնում։ Երբ նրան տեղեկանքը տալիս են, թե ով է Կտրիճ Ներսիսյանը (Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) Մերկելն արհամարհանքով մերժել է հանդիպել, տեսել է, որ գործակալ է եղել իր ուսանող տարիներին… Գարեգինը վախենում է և չեղարկում է իր այցելությունը»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ իր խոսքերը պատրաստ է ապացուցել դատարանում։

Նա նաև պնդել է՝ Գերմանիայի հայոց թեմը միակն է, որտեղ Գարեգին Բ-ն չի այցելել իր կաթողիկոս եղած տարիներին։

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ

«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզել է, որ Հովհաննիսյանի պնդումը, թե իր կաթողիկոս լինելու տարիներին Գարեգին Բ-ն երբևէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականությանը։

Այսպես, 2017 թվականի հոկտեմբերի 17-ին կաթողիկոսը 5-օրյա այցով մեկնել է Բեռլին (Գերմանիային Դաշնային Հանրապետություն)` Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին:

Այցի ընթացքում նա հանդիպել է ինչպես Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, այնպես էլ Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ:



Կաթողիկոսի ու Մերկելի հանդիպումը

FIP.am-ը բաց աղբյուրներում չի հայտնաբերել Հովհաննիսյանի պնդումը հաստատող հրապարակում, որում կլիներ տեղեկություն այն մասին, որ Գերմանիայի նախկին կանցլերը հրաժարվել է ընդունել Ամենայն հայոց կաթողիկոսին որևէ, այդ թվում նաև՝ խորհրդային գործակալ լինելու պատճառաբանությամբ։

Փոխարենը, Մերկելը հանդիպել է կաթողիկոսին Մայր Աթոռում՝ 2018 թվականի օգոստոսին ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում։