Իրանում ժողովրդավարական ուժերը կարագացնեն պատերազմի ելքը
copy image url

Իրանում ժողովրդավարական ուժերը կարագացնեն պատերազմի ելքը

Միտք Արտաքին 7 ժամ առաջ - 09:10 16-06-2025
Իսրայել-Իրան լարվածության վերսկսմանը զուգահեռ Իրանում զանգվածային ձերբակալություններ են լինում, ամեն օր 10-15 հոգի է ձերբակալվում անկարգություն անելու և Իսրայելին աջակցելու մեղադրանքով։

Ի՞նչ է սա նշանակում։ Արդյո՞ք Իրանի ժողովուրդը չի աջակցում իշխանություններին Իսրայելի դեմ պատերազմում, արդյո՞ք սրանք բռնաճնշումներ են։

Բռնաճնշումներ մեր պատմության մեջ էլ են եղել։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման ժամանակաշրջանում, 1937-ին զանգվածային բռնաճնշումներ էին, բազմաթիվ մտավորականներ, այդ թվում՝ Չարենցը, Բակունցը զոհ են գնացել։ Նրանց ներկայացված մեղադրանքներից մեկն էլ եղել է «անգլիական լրտես» լինելը։ Անգլիական լրտես էին որակում, քանի որ ԽՍՀՄ-ն ու նացիստական Գերմանիան դաշնակիցներ էին դարձել և որոճում էին զավթղական, հակամարդկային ծրագրեր, մարդկության դեմ հանցագործություններ, որոնց, իրենց կարծիքով՝ կարող էր խանգարել, դիմագրավել Անգլիան։ Այդ պատճառով Չարենցին, Բակունցին, հարյուրավոր այլ մտավորականներին, հանրային հեղինակություններին սպանելուց կամ աքսորելուց առաջ մեղադրում էին անգլիական լրտես լինելու մեջ։

Արցախյան առաջին պատերազմի շրջանում այսպիսի բան չի եղել։ Ոչ ոքի մտքով էլ չի անցել, որ հայ ժողովրդի շրջանում կարող են լինել Ադրբեջանի գործակալներ։ 44-օրյա պատերազմից հետո մի քանի դեպքեր են եղել այդպիսի մեղադրանքներով։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ցույց տալ, թե պարտության մեղավորն ու պատասխանատուն միայն ինքը չէ, այլ կան կամ ենթադրաբար եղել են նաև մարդիկ որոնք աջակցություն են հայտնել Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի։

Այս կասկածները հիմք են տալիս ենթադրելու, որ իշխանությունների և ժողովրդի միջև անվստահություն կա։ Իշխանությունները չեն վստահում ժողովրդին։ Մտավախություն ունեն, որ ժողովուրդն իրենց չի սիրում, չի հարգում, այլ որակի իշխանություն է ուզում։ Խորհրդային բռնազավթման շրջանում կոմունիստական հակամարդկային վարչակարգը ոչ միայն մտավախություն ուներ, այլև հաստատ գիտեր, որ ժողովրդի մի ստվար հատված իրեն չի սիրում, չի հարգում։ Նիկոլ Փաշինյանը պարտվելուց հետո նույնպես վստահ է, որ ժողովրդի մի մասն իրեն ոչ միայն չի սիրում, այլև համարում է դավաճան։

Իրանում զանգվածային ձերբակալությունները և մեղադրանքները, իբր իրանցիները աջակցում են Իսրայելին, նույն պատկեր են ասոցիացնում։ Տպավորություն է, թե Իրանի իշխանությունները նույնպես մտավախություն ունեն, որ ժողովրդի մի մասը իրենց չի սիրում։ Եվ այս պատերազմը հարմար առիթ է նրանցից ազատվելու համար։ Դրանք ենթադրաբար՝ ժողովրդավարության ջատագովներ են կամ Շահի կողմնակիցներ։ Նրանց հալածելը, զանգվածաբար ձերբակալելը կարող է ավելի մեծ հանրային դժգոհության ալիք բարձրացնել։ Իրանում քաղաքացիական հասարակությունն ակտիվ ցույցեր է արել նախընթաց տարիներին։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Իրանի ժողովուրդը պատերազմի ելքի հարցում կարևոր դեր կարող է ունենալ։

Իրանի իշխանությունները տեսնելով, որ ժողովրդի մի մասի աջակցությունը չունեն Իսրայելի հետ պատերազմում, կփորձեն կանգնեցնել այն, ընդունելով ԱՄՆ նախագահ Թրամփի առաջարկները, ինչի մասին վերջինս ակնարկել էր, թե կարող է «ստիպել» կողմերին դադարեցնելու այս կոնֆլիկտը, որից տուժում են Իրանն ու Իսրայելն ու այս երկրների քաղաքացիները։ Իսկ Հայաստանը կարող է հայտնվել հարավային կողմից շրջափակման մեջ։ Հետևապես՝ կոնֆլիկտի հնարավորինս արագ դադարելը նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։

Կարճ ասած՝ Իրանում ժողովրդավարության ջատագով իրանցիների հանրային ակտիվությունը էապես կարագացնի պատերազմի ելքը։ Եվ եթե Հայաստանը նույնպես շահագրգիռ է պատերազմի շուտ ավարտով, ապա կարող է աջակցել Իրանի ժողովրդավարական ուժերին և կոչ անել Իրանի իշխանություններին դադարեցնել ժողովրդավարության ջատագովների ձերբակալությունները։

Թաթուլ Մկրտչյան