Իշխանություն, մանդատ, պորտֆել չունեցող արտախորհրդարանական ուժերը ստիպված են դիմում պայքարի փողոցային միջոցներին, հրապարակախոսությանը։ Ժողովրդին ներգրավելով իրենց ցույցերում, փորձում են ազդել քաղաքականության որոշման վրա։ Նրանք օրենք, կառավարության որոշում ընդունելու ու կիրարկելու իշխանություն չունեն։ Ստիպված են շեշտը դնում հուզականության, ատելության վրա, երբեմն՝ զարկ տալիս հուսահատ պոպուլիզմին, որ ժողովրդականություն նվաճեն ու այդպիսով փորձեն ազդել իշխանությունների որոշումների վրա։ Ու սա բնական է։
Աննորմալ է, որ պատգամավորն է այսպիսի հուսահատ, ատելությամբ լի պոպուլիստական խոսույթ զարգացնում, քանի որ կարող է իրեն կամ իր թիմակիցներին հուզող խնդիրը լուծելուն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Այս առումով՝ ապշեցուցիչ է, երբ իշխանության կուսակցության ներկայացուցիչը, ԱԺ նախագահն է հանդես գալիս փողոցային ընդդիմադիր գործչի նման։
Հունիսի 10-ին Ալեն Սիմոնյանը «Մի քանի խորհուրդ տամ» վերտառությամբ գրառում է արել, որը լի է ատելությամբ, բազմանշանակ ակնարկներով, քողարկված սպառնալիքներով, ուղղված գրեթե բոլորին, բացի ՔՊ-ից ու նրա համակիրներից։
ԱԺ նախագահի գրառումն այնքան խրթին ու հուսահատ շեշտադրումներով է կազմված, որ թվում է, թե սա նրա վերջին գրառումն է, որից հետո նստացույց է նստելու կամ հացադուլ է հայտարարելու, որ լսելի լինի ժողովրդի, քաղաքական համայնքի ու ակտորների կողմից։ Այնինչ՝ այն խնդիրները, որոնց նա անդրադաձել է, կարելի է լուծել համապատասխան օրենքներով։ Եթե օրենքով կարգավորել հնարավոր չէ, ապա պետք է հասկանա, որ դրանք անիրագործելի են, ու չխոսի դրանց մասին, լռի։
Օրինակ՝ եթե ուզում է, որ քաղաքական մրցապայքարում ՔՊ-ի մրցակիցները լինեն նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորած թիմերը, ապա կարող է պարզ ասել իր ցանկության, երազանքի մասին։ Եթե ձգտում է նրանց դուրս մղել մրցապայքարից, ապա պետք է հիմնավորի, թե քաղաքական, ազգային, անվտանգային ի՞նչ հիմքեր ունի նման նկրտման համար։ Օրինակ՝ եթե նրանց կասկածում է ռուսական գործակալ լինելու մեջ, ինչ մասին մի քանի առիթներով ակնարկել է, ապա կարող է ԱԺ նախագահի դիրքն ու իշխանությունն օգտագործելով, օրակարգ բերել Լյուստրացիայի մասին օրենքի նախագիծ, իշխանության գործիքներով ապացուցել, որ նրանք ռուսական շահեր են սպասարկում, որից հետո Լյուստրացիայի մասին օրենքով նրանց զրկել քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Այսպիսի օրենքներ ընդունվել են խորհրդային բռազավթումից ազատագրված, մեր երբեմնի բախտակից բազմաթիվ երկրներում։
Այս պարզ, տրորված արահետով գնալու, խնդիրն օրենքով կարգավորելու փոխարեն՝ Ալեն Սիմոնյանն աջ ու ձախ «խորհուրդ է տալիս», հիմք տալով կասկածելու, որ ինքն ԱԺ նախագահ չէ, փողոցային ընդդիմադիր գործիչ է, այլ լծակ չունի, քան գրառում անելն ու սրան, նրան խորհուրդ տալը։
Մտահոգիչ է, թե ի՞նչն է հուսահատության մղել ԱԺ նախագահին, ի՞նչն է ստիպում նրան ցածր մակարդակի ու վիրավորական ակնարկներ անել անհասցե։ Նա իր ձեռքում այնքան լծակ ունի, որ իր խոսքը կարող է օրենքով առաջ տանել։ Եթե նրան հուզում է Գարեգին Բ-ի կուսակրոնության ուխտի խախտման փաստը, ապա նախ պետք է խոստովանի, թե ինչո՞ւ այդ մասին չէր խոսում նախընթաց 7 տարիներին։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որտեղ ներկայացվել են փաստեր, ապացույցներ։ Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը 7 տարի այս փաստերի հետ հաշտ ապրել է, իսկ հիմա հանկարծ վրդովվել։ Նախ կարող է խոստովանել, թե ինչո՞ւ էր 7 տարի լռում։ Այստեղ կարելի է իր բառերով հարց ուղղել ԱԺ նախագահին՝ ո՞վ է 7 տարի իրեն «էշի տեղ դրել», իսկ հիմա հիշել, որ քրիստոնյա է, ու կուսակրոնության ուխտի խախտում չի հանդուրժում։
Ապշեցուցիչ է ԱԺ նախագահի՝ «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին» ընդգծումը։ Այս մասին գրված է ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածում։ Բոլորը գիտեն։ Բայց Ալեն Սիմոնյանը ժողովրդից, չգիտես՝ ինչ հիմքով դուրս է թողնում լրագրողներին։ Այսպիսի պատկերացում աշխարհում որևէ այլ քաղաքական գործիչ ունի՞։
Կարճ ասած՝ երբ «մեր արևի տակ ապրող, աշխատող ու ձեզ բոլորիդ մեզանից լավ իմացող, իմաստուն հայ ժողովուրդը» 2026-ին ՔՊ-ին ընդդիմություն կընտրի, այդ ժամանակ Ալեն Սիմոնյանը գուցե կհասկանա, թե ով էր նախկին ԱԺ նախագահն ու ինչու էր փողոցային ընդդիմադիր գործչի նման հուսահատ գրառումներ անում։
Թաթուլ Մկրտչյան