Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 9-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Գարեգին երկրորդ Վեհափառ հայրապետը Նիկոլ Փաշինյանի համար այլևս կաթողիկոս չէ։ Այս մասին կառավարության ղեկավարը գրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ Վեհափառին դիմել է ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան։ «Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի: Սա փաստ է, և եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ: Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս: Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»,- գրել է նա, ով արդեն 11-րդ օրն է շարունակում է Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելու արշավը։ Փաշինյանի պնդմամբ՝ եկեղեցին պետք է ունենան նոր կաթողիկոս, որի բարեվարքությունը ստուգված կլինի ընտրություններից առաջ: Սրան հասնելու համար վարչապետը կոչ է անում հավատավորներին. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»:
Փաշինյանի մեղադրանքների ֆոնին այսօր հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Մայր Աթոռից հայտնել են, որ նա հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ: Փոխարենը Մայր Աթոռից արդեն հոգևորականներ են արձագանքում Փաշինյանին «Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բա՞կն եք արյամբ ուզում լցնել», - գրում է Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ շեշտելով, որ ոչ մի եկեղեցական թույլ չի տա, որ պիղծ անձերը ազգընտիր Հայրապետի վրա սուր բարձրացնեն, նաև ակնարկում է, որ չկա մի սրբազան, որ կհամաձայնի Գարեգին Երկրորդի փոխարեն կաթողիկոսի գահին հավակնել։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ շեշտել է, որ այն, ինչ իշխանությունն անում է, Աստծո կամքի դեմ է. - «Ձեզ տրված չի դատելու իրեն, իր դատավորը Աստված է:
Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը կապահովի պակասող պատգամավորների ստորագրությունները՝ ԱԺ-ում իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ ««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման», - նշել է նա։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ավելի քան մեկամսյա ակտիվ քննարկումներից հետո հունիսի 6-ին Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականն իր 4 անդամներից և երկու անկուսակցականներից բաղկացած «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկեց թեկնածու առաջադրել: «Պատիվ ունեմ»-ն էլ առաջադրեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։ Նշենք, որ Համբարձումյանը 2019-ից ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է 2018-ի իշխանափոխության օրերին Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար: Մեկ այլ՝ զանգվածային անկարգությունների դրվագով նրա դեմ հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է:
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում: Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով: Իրավապահները, սակայն, դեռ մանրամասներ չեն հայտնում: Շահրամանյանին վերջին շաբաթներին վեցերորդ անգամ են հարցաքննության կանչել: Ինչպես նախորդ օրերին, այսօր ևս նա Քննչականում էր 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնեական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով: Վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա: Հարցին՝ հնարավո՞ր է զարգացումները տանեն նրան, որ հենց իրեն մեղադրանք առաջադրեն ու վկայի կարգավիճակից սահուն անցնի մեղադրյալի կարգավիճակին, նրա փաստաբան Ռոման Երիցյանը պատասխանեց․ «ՀՀ իրավական համակարգում ոչինչ չեմ բացառում: Բայց այս պահի դրությամբ Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու կամ նրան մեղադրանք ներկայացնելու հիմքեր քննիչը չունի, կանի՞, թե՞ չի անի, ես չէ, որ կարող եմ պատասխանել այդ հարցին»: Փաստաբանը նկատեց, որ այս վարույթի քննության համար երկար տարիներ կպահանջվի, ու դեռ շատ մարդիկ են հարցաքննվելու: Նրա խոսքով՝ նախագահի ինտենսիվ հարցաքննություն էլ է լինելու, բայց վարույթ իրականացնող մարմնի կողմից նախազգուշացվել է հաջորդ հարցաքննության օրվա մասին այլեւս չհայտնել, թեեւ դա նախաքննական գաղտնիք չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: