Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 4-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս նշել է, որ 2024 թվականի նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցված և աշխատանքով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել՝ գրանցվել է 782, 832 աշխատատեղ։ «Այսինքն, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242,119 աշխատատեղ՝ ընդ որում աշխատավարձով ապահովված: Շատ հաճախ լինում է հոռետեսություն վիճակագրությունների հետ կապված, բայց այս վիճակագրությունն ավելի քան վստահելի է: 2018 թվականի ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձը եղել է 173, 996 դրամ, 2025 թվականի ապրլին՝ 304, 992 դրամ: Միջին աշխատավարձի աճը կազմել է 130 հազար դրամ կամ 70 տոկոս»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում կուտակային գնաճը կազմել է 25 տոկոս: «Սա թերևս մեզ կարող է օգնել պատասխանել հարցին՝ մարդիկ այսօր ավելի լա՞վ են ապրում, թե 2018-ին էին ապրում: Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով: Այսինքն իրենց ապրածի կեսի չափով ավելի լավ են ապրում, ինչը սակայն չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նկատել է, որ Հայաստանում ոչինչ տեղի չի ունենում առանց պետական բյուջեի միջոցների ծախսման։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է երկրում ձեւավորել հարկման նկատմամբ հարազատ եւ գիտակցված վերաբերմունք։ «Ես չեմ կարծում, որ մեր հարկային համակարգը իդեալական է։ Եվ ես ինձ համար այն իդեալական դարձնելու նպատակ չեմ դնում։ Այն երբեք բացարձակապես կատարյալ չի լինի։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, մեր խնդիրը պետք է լինի այն ընկալման ձեւավորումը, որ հարկը անվտանգության, բարեկեցության եւ երջանկության ապահովման միջոց է»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը հարկերի վճարման հանդեպ։ «Կա հարկ՝ կա պետություն։ Չկա հարկ՝ չկա պետություն։ Կա հարկ՝ կա երջանկություն։ Չկա երջանկություն՝ նշանակում է չկա հարկ։ Կա հարկ՝ կա անվտանգություն։ Չկա հարկ՝ չկա անվտանգություն»,- իր երջանկության բանաձևն այսպես է ներկայացրել կառավարության ղեկավարը։
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հարցաքննվել է Արցախի վերջին պատերազմի ժամանակ զինվորական անփութության, զենք-զինամթերք թշնամուն հանձնելու գործով: Նրա փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ Շահրամանյանը վկայի կարգավիճակ ունի, սակայն նախաքննության շահերից ելնելով նա այլ հարցերի չի պատասխանել։ Ըստ մամուլի՝ այս վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա: Թե կոնկրետ ինչ հաղորդում է ներկայացրել Բաբայանը, Ռոման Երիցյանը ոչինչ չասաց: Գործը թեև հարուցվել է դեռ 2023 թվականին, բայց քննաչականը երկու տարի անց է Շահրամանյանին ինտենսիվ հրավիրում է հարցաքննության: Ռոման Երիցյանը շեշտել է, որ իր համար էլ է անհասկանալի՝ ինչո՞ւ են կարևոր գործով Արցախի վերջին նախագահին հիշել երկու տարի անց:
Երկարատև հիվանդությունից հետո այսօր՝ 77 տարեկան հասակում, մահացել է Վահան Շիրխանյանը։ Այս մասին հայտնել են նրա հարազատները։ Շիրխանյանն ընտրվել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Աշխատել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Հայաստանի նախագահի խորհրդական՝ հատուկ ծրագրերի գծով, կառավարության 10-րդ վարչության պետ: Եղել է ՀՀՇ խմբակցության անդամ: 2015-ի դեկտեմբերին Շիրխանյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։ Շիրխանյանն իրեն որևէ հարցում մեղավոր չի ճանաչել: Նրա փաստաբան Հայկ Ալումյանը Շիրխանյանի առողջական վիճակի և կալանքի վերաբերյալ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ: 2018-ի հունիսին, երկու և կես տարի բանտում անցկացնելուց հետո, Շիրխանյանն ազատ է արձակվել: Վերջին տարիներին Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացել էր:
Մանրամասները՝ տեսանյութում: