Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 15-04-2026

Հեղափոխության գինը՝ 6․6 մլրդ դոլար, Կարապետյանն ունեցվածքից կզրկվի՞, դատը հետաձգվեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 15-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը։ Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար, մեղքը չի ընդունում: Վերջինս մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին, որից անմիջապես հետո կալանավորվեց, իսկ տարվերջից արդեն գտնվում է տնային կալանքի տակ։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքը: Սամվել Կարապետյանի պաշտպանները կարևորում են այն հանգամանքը, որ նա կարողանա մասնակցել իր կուսակցության առաջիկա համագումարին և համամասնական ցուցակի ձևավորմանը, մինչդեռ մեղադրող կողմը նշում է, որ նա կարող է ազդեցություն ունենալ վկաների վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ «Նիստը կշարունակվի ապրիլի 17-ին` ժամը 13:30–ին»,– հայտնեցին դատարանից։


Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Կուսակցությունից հայտնում են, որ երեկ ձերբակալված Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ ևս կիրառվել է վարչական հսկողություն: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացվել դատարան Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ: Գոհար Ղումաշյանը երեկ բերման էր ենթարկվել կուսակցության գրասենյակից: Հակակոռուպցիոն կոմիտեն նախօրեին հայտնել էր, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, թե ընտրությունների նշանակվելուց հետո, բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների մարտին «բարեգործության անվան տակ մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում»։ Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնք ձերբակալվել են։ Հակակոռուպցիոնը, սակայն, հաղորդագրությունում ձերբակալվածների ինքնությունը չէր նշել:

Մայիսի 28–ին` Առաջին հանրապետության օրը, Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանդեսին կներկայացվի ոչ միայն 2022 թվականից հետո ձեռք բերված, այլև հայկական արտադրության սպառազինությունը։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը` Ազգային ժողովում ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի` 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Նա նախ հայտարարեց, որ սպառազինության թեմային շատ չի ուզում անդրադառնալ, քանի որ գաղտնիության պահ կա, սակայն հետո հիշեց, որ միջազգային մամուլում շրջանառվել է, թե Հայաստանն ինչ է ձեռք բերել։ «Մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշվետու լինել, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել միայն 2022 թվականից հետո, ինչպես նաև արտադրել։ Փաշինյանը նաև պնդել է, թե իրենց բարձրացրած թոշակով թոշակառուները կարող են Գյումրի–Լառնակա ուղղությամբ 5 տոմս գնել, ընդ որում հետդարձով։«Մենք հաջորդիվ ծրագիր ենք անելու, որպեսզի թոշակառուների տնտեսական ակտիվությունը մեծացնենք, որովհետև 63 տարեկանը ոչ թե թոշակի, այլ փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն ա։ 21-րդ դարում, 63, 65, 70–ը ինչ տարիք ա, եթե մարդը առողջ ա։ Առողջության համար կա առողջության ապահովագրությունը։ Երբ մարդը ակտիվ ա, գործունեություն ունի, դա շատ ավելին ա, քան իրեն որպես նվիրատվություն ինչ–որ բան տալը։ Մեր քաղաքական հանձնառությունը հետևյալն է՝ թոշակը չպետք է իջնի սպառողական զամբյուղից ներքև։ Ինչքան կկարողանանք բարձրացնել, արդեն լրիվ ուրիշ հարց ա»,–նշել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր են հնարավոր՝ թոշակառուների կենսամակարդակն ավելի բարձրացնելու համար։ Իր թիմի ձեռքբերումների թվարկելիս՝ Նիկոլ Փաշինյանը ասել է նաև, որ 2018-ի հեղափոխության գինը Հայաստանում 6.6 միլիրադ դոլար է։

Արփինե Նավասարդյան